Թոշակն ավելի արագ պետք է աճի, քան նվազագույն պարենային գիծը. ինչու Հայաստանում նվազագույն թոշակը նվազագույն սպառողական զամբյուղից ավելի չէ. տնտեսագետ

2019թ․ սկզբին նվազագույն սպառողական զամբյուղի և նվազագույն թոշակի տարբերությունը եղել է 35,600 դրամ (61,100-25,500)։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«2025թ․-ին տարբերությունը կազմել է 39,800 դրամ (75,800-36,000)։ Այսինքն 6 տարում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը։ Հայաստանում նվազագույն թոշակը պետք է լինի նվազագույն սպառողական զամբյուղից ավել»,- գրել է նա:

Անդրադառնալով թեմային՝ տնտեսագետ, ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը նշել է, որ պետք է տարբերակել նվազագույն զամբյուղ հասկացությունը, քանի որ մի քանի զամբյուղ կա. «Գոյություն ունի նվազագույն պարենային զամբյուղ, նվազագույն սպառողական զամբյուղի մի քանի բաղադրիչներ: Նվազագույն պարենային զամբյուղը հաշվարկվում է հետևյալ տրամաբանությամբ. Առողջապահության նախարարությունը գնահատում է, թե մարդու նորմալ կենսագործունեության համար որքան կալորիա արժեքով սնունդ պետք է սպառվի, տարբեր մեթոդական մոտեցումներ կան, հաշվարկվում է, թե այդ էներգետիկ սննդամթերքի արժեքը ստանալու համար ինչ սննդամթերք պետք է գնել ու դրա գինն այդ  պահի դրությամբ որքան է, ու այդպես հաշվարկվում է, որ նվազագույն պարենային զամբյուղն է: Ամենատարբեր գնահատականներ են  հնչեցվում, որտեղ ասվում է, որ նվազագույն թոշակը պետք է գերակշռի նվազագույն պարենային զամբյուղը: Նրանք, ովքեր պարենային զամբյուղից ցածր ծախսեր են կարողանում իրենց թույլ տալ՝ համարվում են ծայրահեղ աղքատ», -նշել է Քթոյանը:

Նրա խոսքով՝ գլոբալ խնդիրն այն է, որ պետք է թոշակն ավելի արագ աճի, քան նվազագույն պարենային գիծը: Նվազագույն սպառողական զամբյուղի մի քանի հրամայական կա. առաջինը գնաճն է, որը պետք է լինի ցածր, երբ հայտարարվում է, որ գնաճի թիրախավորումը կարևորագույն խնդիր է, որը մի շարք ոլորտներում գոյություն ունի, այդ ոլորտներից մեկը սա է, և դա թույլ է տալիս, որ սպառողական զամբյուղը թանկանա չափավոր տեմպերով. «Մեզ մոտ 1,5 — 2,1 % տոկոս է գնաճը, եթե վերցնենք առաջին երեք չորս ամիսների կտրվածքով: Ասել, որ այստեղ խնդիր չկա ու թոշակառուներն ամբողջությամբ ապահովված են, բնականաբար ոչ, այդպես չէ: Բայց մենք գալիս բախվում ենք մեկ ուրիշ խնդրի, առաջինը, ծերացման խնդիրն է. դա ցույց է տալիս, ու օբյեկտիվ պատճառներ կան, որը սահմանափակում է բարձր թոշակ տալու հավանականությունը: Աշխատող-թոշակառու հարաբերակցության ավելի ցածր մակարդակը  այլ երկրներում եթե դիտարկենք, համարվում է, որ եթե երեք աշխատող պահում է պատկերավոր ասած մեկ թոշակառու, դա ընդունելի ֆինանսական մակարդակ է համարվում՝ կենսաթոշակային ապահովության կայունության տեսանկյունից: Մեզ մոտ տարիներ շարունակ այդպես է, այդ պատճառով էլ ներդրվեց կուտակային կենսաթոշակային համակարգը, ուրիշ տարբերակ չկար: Մեզ մոտ մեկ աշխատողին բաժին էր ընկնում մեկ թոշակառու, այսինքն մեկ աշխատողի կողմից վճարված եկամտային հարկը գնում է մեկ թոշակառուի վճարման համար: Բնականաբար, եթե խնդիր ես դնում բարձրացնել թոշակը, դու պետք է խնդիր դնես՝ կամ ավելացնել աշխատավարձը, աշխատողների թիվը, կամ էլ մեկ աշխատողի հարկային բեռը փորձես ավելացնել: Երկու դեպքում էլ բավականին բարդ իրագործելի խնդիր է», -նշել է նա:

Քթոյանի խոսքով՝ խնդրի լուծումը հետևյալն է, որ ստվերայնության կրճատում լինի: «իսկ դա նշանակում է, որ պետք է մեխանիզմներ գործադրվեն , որ բոլոր նրանք, ովքեր եկամուտ են ստանում, իրենք պետք է,  բնականաբար, օրենքի շրջանակում հարկվեն, իրենք պետք է հասկանան, որ եթե թոշակների բարձրացման խնդիր ենք դնում, մենք պետք է այդ թոշակները վճարենք ավելի շատ՝ աշխատողներից գանձվող եկամտից», -եզրափակեց Քթոյանը:

Բաբաջանյանի ու Խզմալյանի դեմքով այս իշխանություններն էին ակցիա անում. Սերգո Մուրադյան

Թուրքիայի կոշիկն են լիզում, Լավրովի դեմ գրանտներով ակցիա անում. հարցախույզ

Այդ աղբի պատճառով կորցրեցի ամեն ինչ՝ ընտանիք, տուն. ի՞նչ է պատմում թմրանյութ օգտագործողը