Ագարակի անցակետից ՌԴ սահմանապահների դուրսբերման որոշումից հետո հայ-ռուսական միջպետական պայմանգիրը չի վերանայվի․ ՀՀ ԱԳՆ

Ագարակի անցակետից ռուսական սահմանապահ ուժերի դուրսբերման որոշումից հետո Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին հայ-ռուսական պայմանագրի փոփոխություն կամ վերանայում չի նախատեսվում, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։

«Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի մասնակցության, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով իրականացնելու մասին ձեռքբերված համաձայնությունը պայմանագրի փոփոխություն կամ վերանայում չի նախատեսում», — ասված է գերատեսչության պատասխանում։

Հոկտեմբերի սկզբին Մոսկվայում Փաշինյան-Պուտին կես ժամանոց հանդիպումից հետո Երևանը տեղեկացրեց, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ռուս սահմանապահները դուրս կգան Ագարակի անցակետից, և այնտեղ հունվարի 1-ից հսկողություն կիրականացնեն միայն Հայաստանի սահմանապահները։ Մինչդեռ 1992-ին կնքված հայ-ռուսական պայմանագրի 6-րդ կետում նշվում է. — «Ռուսաստանի սահմանապահ զորքերն իրականացնում են մարդկանց, փոխադրամիջոցների, բեռների, ապրանքների և այլ իրերի բացթողումը՝ Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանի վրա գտնվող և գոյություն ունեցող անցումային կետերով»։

Երևանի և Մոսկվայի միջև ձեռք բերված նոր պայմանավորվածության համաձայն, պայմանագրի 6-րդ հոդվածը փաստացի դադարում է գործել։ «Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր Արտգործնախարարությունից, թե արդյոք 32 տարվա վաղեմության պայմանագիրը կվերանայվի։

Ալիևը մեր գերիներին հետ չի տա, այս իշխանությունը անլուրջ է. հարցում

Խորհրդարանն առանցքային դերակատարում ունի՝ մարդու իրավունքների ոլորտում. Կոստանյան

Գերիների խնդրի հասցեագրումը COP29-ին շատ կարևոր է, աշխատում ենք, որ բոլոր գերիները վերադառնան ՀՀ