Կառավարության 2021-2026 թթ կառավարության ծրագրում գրված է, որ միջինում այդ տարիներին կապահովվի 7 տոկոս ընտեսական աճ, եթե իրադարձությունները ավելի բարենպաստ լինեն, գուցե ավել լինի։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կառավարությունը իր ծրագրում գրել է, որ տարեկան 7 տոկոս տնտեսական աճ կապահովի, սակայն 2025-ի համար կանխատեսվում է 5,6 տոկոս տնտեսական աճ:
«Ես կարծում եմ, որ 5.6 տոկոս տնտեսական աճը շատ բարձր ցուցանիշ է։ Վերջին 2-3 տարիների ընթացքում բազային աճի պայմաններում՝ հաջորդ տարի 5.6 տոկոս տնտեսական աճի ապահովումը իմ կարծիքով կլինի բավական բարձր ցուցանիշ։ Մենք արդեն ունեցել ենք բարձր ցուցանիշներ։ 2022-2023 թթ-ին ունեցել ենք 7 տոկոսից բարձր աճ»։
Հարցին, թե 2019-ին վարչապետը երկնիշ աճ էր խոստանում՝ նախարարն ասաց, որ 2022-ին երկնիշ ցուցանիշ ունեցել են։ «Բայց ամեն ինչ չէ, որ գտնվում է կառավարության տիրույթում։ Կառավարության հիմնական նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ տնտեսվարողները կկարողանան տնտեսական գործունեություն իրականացնել, ներդրումներ լինեն։ Ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի հավակնոտ լինենք»։
Հարցին՝ աղքատությունը դեռ մարդկանց ուղեղում է, թե՞ դուրս է եկել՝ նա պատասխանեց, որ այդքան արագ աղքատությունը դուրս չի գալիս։ «Երկար ժամանակ կրթության, կրթական բարեփոխումների, մեր՝ կրթության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությամբ է դա տեղի ունենում»։