Հիմնվելով տեղահանված արցախահայերի հետ զրույցերի, բաց աղբյուրներից ստացված տեղեկության և ամիսներ տևած ուսումնասիրությունների վրա՝ «Ինչո՞ւ ԼՂ-ում հայեր չկան» փաստահավաք զեկույցի հեղինակները եզրակացրել են՝ արցախահայության հետ պատահածը էթնիկ զտում է, հրահրողներն ու իրականացնողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Զեկույցը պատրաստման գործընթացում ներգրավված են եղել Freedom House-ը, «Միջազգային գործընկերությունը հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը (IPHR), միջազգային հանցագործությունների հետաքննության մեջ մասնագիտացած ուկրաինական կազմակերպություն, մի քանի հայկական և առաջատար իրավապաշտպան կազմակերպություններ:
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է զեկույցի համահեղինակ կազմակերպություններից մեկի՝ «Միջազգային գործընկերությունը հանուն մարդու իրավունքների» (IPHR) կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Սիմոն Պապուաշվիլիի հետ։
Պապուաշվիլին, անդրադառնալով զեկույցի պատրաստման ընթացքին, արված հետևություններին և իրենց հաջորդ քայլերին՝ նշել է, որ պատրաստվում են ձեռք բերված ապացույցների փաթեթների հիման վրա դիմել միջազգային քրեական դատարան՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու պահանջով։
Սիմոն Պապուաշվիլին մանրամասն ներկայացրել է այն գործիքակազմը, որով հնարավոր է միջազգային արդարադատության համակարգում Ադրբեջանի ղեկավարի և արցախահայության դեմ իրականացված ոճիրներում մասնակցություն ունեցած հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար։
Freedom House-ի և մի շարք այլ կառույցների հետ համագործակցությամբ Ձեր կազմակերպությունը փաստահավաք զեկույց է պատրաստել։ Ինչպե՞ս և ինչու կյանքի կոչվեց «Ի՞նչու ԼՂ-ում հայեր չկան» զեկույցը։
Ես ներկայացնում եմ «Միջազգային գործընկերությունը հանուն մարդու իրավունքների» (IPHR) միջազգային հասարակական կազմակերպությունը, որի կենտրոնակայանը Բրյուսելում է։ Մենք ունենք տարածաշրջանային գրասենյակներ Վրաստանում և Ուկրաինայում: Աշխատում ենք Արևելյան Եվրոպայում, Ռուսաստանում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Հետևաբար, սա մեր թիրախային տարածաշրջանն է, և որպես կազմակերպություն՝ մեր մանդատն է աջակցել տեղական իրավապաշտպան խմբերի և կազմակերպությունների գործունեությանը: Վաղուց հաստատված գործընկերություններ ունենք Հայաստանի քաղհասարակության մի քանի առաջատար կազմակերպությունների հետ, որոնց հետ աշխատում ենք ավելի քան մեկ տասնամյակ:
Մեզ խնդրել են իրականացնել մի ծրագիր, որը կհետաքննի 2020 թվականի պատերազմի համատեքստում կատարված միջազգային հանցագործությունները, ինչը մենք արեցինք։ Մենք հետևում էինք հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո ստեղծված իրավիճակին և ժամանակ առ ժամանակ հավաքագրում հրադադարի ընթացքում տեղի ունեցած լայնածավալ բախումների փաստեր։ 2022 թվականի հոկտեմբերին կազմակերպեցինք փաստահավաք առաքելություն ՝ փաստելու 2020 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի սահմաններում իրականացված հանցագործությունները: Այնուհետև հետևում էինք Լաչինի միջանցքի շրջափակման ազդեցությանը Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա: Երբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ զավթումն (խմբ․ Լեռնային Ղարաբաղի) ադրբեջանական կողմից, մեր հայ գործընկերները դիմեցին մեզ և խնդրեցին օգնել իրենց հետաքննել, թե ի՞նչ է կատարվում Լեռնային Ղարաբաղից բնակչության բռնի տեղահանման առումով։ Մեր գործընկերների հետ օգնեցինք նրանց մեթոդաբանություն մշակել հարկադիր տեղահանումների կամ էթնիկ զտումների հետաքննության համար: Նաև օգնել ենք վերապատրաստել Հայաստանի քաղաքացիական հասարակության մոտ 25 ներկայացուցիչների, որոնք անցյալ տարվա նոյեմբերից աշխատում էին Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ հարցազրույցներ վարելու համար:
Շուրջ 6 կազմակերպություններ ներգրավված էին այս փաստահավաք նախագծում, այդ թվում՝ մեր կազմակերպությունը, Freedom House-ը և միջազգային հանցագործությունների հետաքննության մեջ մասնագիտացած ուկրաինական կազմակերպություն, մի քանի հայկական և առաջատար իրավապաշտպան կազմակերպություններ: Ավելի քան 300 հարցազրույց է արվել Արցախից տեղահանվածների հետ։ Սրան զուգահեռ, նաև բաց աղբյուրներից տեղեկատվություն ենք հավաքել, ավելի կոնկրետ՝ տեղեկատվություն Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին՝ արբանյակային պատկերների վերլուծության միջոցով։ Նաև հավաքագրում ենք այն, ինչ մենք անվանում ենք կապի ապացույց (խմբ․ linkage evidence-ապացույցներ, որոնք ցույց են տալիս հանցագործությունն անմիջականորեն իրականացնողների և կասկածյալների կապը): Դա մեզ օգնում է պարզել, թե որ ադրբեջանական ստորաբաժանումներն են ներգրավված եղել տարբեր ժամանակներում, որոնք մենք ուսումնասիրել ենք՝ հասկանալու նրանց ընդհանուր կառուցվածքը և անելու այն, ինչ մենք՝ իրավաբաններս անվանում ենք վերագրում, հանցագործությունների վերագրում կոնկրետ անձանց։ Հիմնվելով մեր հետազոտած ապացույցների վրա՝ կարող ենք եզրակացնել, որ խնդրո առարկա իրադարձությունները համարվում են մարդկության դեմ ուղղված հանցագործություն կամ խաղաղ բնակչության հնարավոր տեղահանում։
Զեկույցն արցախահայության հետ պատահածն անվանում է էթնիկ զտում և հարցը դիտարկում իրավական շրջանակում, մասնավորապես միջազգային քրեական, մարդու և հումանիտար իրավունքների տեսանկյունից։ Որո՞նք են այն եզրակացություններ, որոնց հանգել եք՝ այս զեկույցը պատրաստելիս։
Մենք արձանագրել ենք մարդու իրավունքների մի քանի համակարգված և կոպիտ խախտումներ և միջազգային հանցագործություններ՝ ներառյալ արտադատականսպանությունները, խոշտանգումները կամ տեղահանման հանցագործությունները՝ տեղահանում, մշակութային օբյեկտների և գույքի ոչնչացում: Սրանք այն հիմնական հանցագործություններն էին, որոնք արձանագրել ենք: Կարևոր է նշել, որ այդ հանցագործությունները եղել են համատարած, համակարգված և Ադրբեջանի պետական քաղաքականության մաս, որը նպատակ ուներ մաքրել ամբողջ տարածքը էթնիկ հայերից։
Մեր հետաքննությունը կենտրոնացած չէր միայն սեպտեմբերի 19-ին կամ դրան հաջորդող օրերին տեղի ունեցածի վրա, այլ նաև հաշվի ենք առել, թե ինչպես են հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումները և բազմաթիվ միջադեպերը 2020, 2021 և 2022 թվականների ընթացքում ազդել Արցախի բնակչության անվտանգության զգացման վրա։
Եթե դուք, օրինակ, նայեք Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 7-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների տարրերին, ապա դա խոսում է հարկադրական միջավայրի ստեղծման մասին: Այսպիսով, հիմնվելով մեր ունեցած ապացույցների և տեղահանվածների հետ ունեցած հարյուրավոր երկխոսությունների վրա՝ մենք հստակ տեսանք, որ 2020 թվականից ի վեր Արցախում գտնվող մարդիկ իրենց ապահով չեն զգացել, և նրանց անապահովության զգացումը բազմաթիվ բռնությունների հետևանք է, ինչն ազդել է նրանց առօրյայի վրա՝ հատկապես շրջափակման ժամանակ։ Ամեն ինչ՝ դեղորայքի բացակայությունից մինչև մեկուսացման զգացում, նպաստեց այդ զգացմանը, իսկ հետո փաստացի 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղում ապրող էթնիկ հայերին, ըստ էության, այլ ընտրություն չթողեցին, քան փախչելը։ Եվ հետո մենք նաև ուսումնասիրեցինք, թե ինչպես է տեղի ունեցել տեղահանման այս գործընթացը և ինչպես է այն ազդել մարդկանց վրա: Մեր եզրակացությունն այն է, որ իսկապես գործ ունենք էթնիկ զտումների հետ:
Երբ խոսում ենք Էթնիկ զտումների մասին, անկասկած հաջորդ քայլը պետք է լինի պատասխանատվությունը։ Զեկույցը հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը ծրագրավորված կերպով և մտադրված հայաթափել է Լեռնային Ղարաբաղը։ Ո՞րն է այն գործիքակազմը, որով կարելի է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին։
Երբ մենք նախագծում էինք այս զեկույցը կամ փաստահավաք նախագիծը, պատճառներից մեկը, թե ինչու դա արեցինք, պատմական հիշողություն ստեղծելն էր, բայց դա չէր առաջնային նպատակը: Ցանկանում էինք նաև նախաձեռնել և ներգրավել որոշակի իրավական ռազմավարություններ, որոնք կարող են օգնել մեզ լցնել անպատժելիության բացը, ինչպես նաև ստեղծագործ ուղիներ գտնել՝ հեշտացնելու արդարադատության հասանելիությունը էթնիկ հայերի համար, որոնք հարկադրված են եղել լքել իրենց հողը, ինչպես նաև հեշտացնել հատուցումները։ Այդ նպատակով բացահայտել ենք մի շարք իրավական գործիքներ և մեխանիզմներ:
Այդպիսի գործիքներից մեկը ՄԻԵԴ-ն է: Այնուամենայնիվ, մեր կազմակերպությունը ներգրավված չէ դրանում, քանի որ շատ հմուտ հայկական կազմակերպություններ աշխատում են Եվրոպական դատարանում դատական գործեր հարուցելու ուղղությամբ։ Հայաստանի կառավարությունը ևս Եվրոպական դատարաններում գործ է հարուցել ընդդեմ Ադրբեջանի: Բայց մենք ավելի շատ կենտրոնանում ենք անհատական քրեական պատասխանատվության վրա՝ հենվելով Միջազգային քրեական դատարանի վրա։ Այդ նպատակով դիտարկում ենք բոլոր այն հնարավորությունները, որոնք բացվում են մեր առջև՝ հաշվի առնելով, որ Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը: Այսպիսով, ներկայում գտնվում ենք այսպես կոչված 15-րդ հոդվածի շրջանակներում Միջազգային քրեական դատարանի համար հաղորդագրությունների նախապատրաստման փուլում, որոնցից մեկը վերաբերելու է հրադադարի բազմաթիվ խախտումներին, որոնք ուղեկցվել են Ադրբեջանի կողմից հենց Հայաստանում իրականացված ռազմական հանցագործություններով, իսկ հետո՝ մեր երկրորդ հաղորդակցությունը կենտրոնանալու է բռնի տեղահանությունների կամ էթնիկ զտումների վրա, որոնք տեղի են ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից: Մտադիր ենք Միջազգային քրեական դատարանի դատախազին ցույց տալ, որ այս հանցագործությունները, որոնք մենք հետաքննել ենք՝ գտնվում են այս դատարանի իրավասության շրջանակներում, և որ արդարադատության շահերից է բխում հետաքննություն սկսելը և պատասխանատվության ենթարկելն այն անձանց, ովքեր պատասխանատու են այս հանցագործությունների համար՝ հաշվի առնելով դրանց ծանրությունն ու մասշտաբները: Որպեսզի դա տեղի ունենա, ինչպես նաև հնարավորությունները կամ հավանականությունը մեծացնելու համար, որ Դատարանը իսկապես հետաքննի, մենք նաև հաղորդակցության մեջ ենք տարբեր երկրների հետ, որոնք Հռոմի կանոնադրության կողմ են։ Խոսքը հիմնականում եվրոպական երկրների մասին է, բայց ոչ միայն, որպեսզի խրախուսենք նրանց կատարել այսպես կոչված «Մասնակից պետությունների ուղղորդում», որը Միջազգային քրեական դատարանի կողմից հետաքննություն սկսելու ուղիներից մեկն է: Օրինակ, դա արվել է ավելի քան 40 երկրների կողմից 2022 թվականի սկզբին, երբ Ռուսաստանը լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Ուկրաինայի դեմ։ Դա այժմ կարող է կյանքի կոչվել մեկ կամ մի քանի երկրների կողմից, որոնք շահագրգռված են աջակցել անպատժելիության բացը լրացնելու մեր գործին:
Մեկ այլ գործիք, որը մենք դիտարկում ենք, այսպես կոչված «Համընդհանուր իրավասության դատավարությունն» է. ի՞նչ է նշանակում «համընդհանուր իրավասություն»: Դա իրավական հայեցակարգ է, որի համաձայն՝ երկիրը կարող է քրեական պատասխանատվության ենթարկել անձին՝ չնայած տվյալ անձի ազգությանը կամ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է կատարվել հանցագործությունը: Գաղափարն այն է, որ որոշ հանցագործություններ իրենց բնույթով այնքան լուրջ են, որ քաղաքակիրթ երկրների պարտավորությունն է հետապնդել այդ հանցագործությունը կատարողներին։ Սա իրավական հայեցակարգ է, որը բավականին լավ մշակված է և գոյություն ունի արդեն տասնամյակներ շարունակ, և եվրոպական երկրների մեծ մասն, իրենց քրեական օրենսդրության համաձայն, հնարավորություն ունեն հետաքննություն սկսել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Սովորաբար դրանք պատերազմական հանցագործություններ են, մարդկության դեմ հանցագործություններ կամ ցեղասպանության հանցագործություններ, ինչպես նաև խոշտանգումների և բռնի անհետացման հանցագործություններ, որոնք ենթակա են համընդհանուր իրավասության դատավարության: Քանի որ մենք ավելի շատ ապացույցներ ենք հավաքում այն հանցագործների մասին, որոնք կարող ենք կապված լինել մեր հետաքննած հանցագործությունների հետ, մենք մտադիր ենք այս հանցագործների դեմ գործեր հարուցել եվրոպական տարբեր երկրներում: Մեր թիրախները կլինեն Ադրբեջանի ղեկավարը, ինչպես նաև Ադրբեջանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, կամ ում մենք կարող ենք կապել խնդրո առարկա հանցագործությունների հետ, և ովքեր ներգրավված են եղել այդ հանցագործությունների մտահղացման, պատվիրելու կամ իրականացնելու մեջ: Համընդհանուր իրավասությունը կարող է օգտագործվել նաև զոհերին փոխհատուցման հնարավորություն տալու համար: Ինչպես հավանաբար գիտեք, Ադրբեջանի կոռումպացված քաղաքական վերնախավը գողացված գումարները հիմնականում ներդնում է իրենց համար անվտանգ համարվող իրավասություններում, որոնք հիմնականում եվրոպական իրավասություններ են, ուստի այդ գումարները պահվում են տարբեր տեսակի ակտիվներում՝ այդ թվում գույքի, բայց նաև ընկերության բաժնետոմսերի և այլ հոլդինգների տեսքով: Մենք այժմ քարտեզագրման գործընթացում ենք, թե որտեղ կարող են լինել այդ ակտիվները և մտադիր ենք բազմաթիվ քրեական գործեր հարուցել եվրոպական տարբեր իրավասություններում, որտեղ հուսով ենք, որ մեղավորները կդատապարտվեն, ինչպես նաև հուսով ենք, որ զոհերը կարող են փոխհատուցվել այս հաշիվների և ակտիվների միջոցով:
Երրորդ իրավական մեխանիզմը, որը մտադիր ենք հետապնդել, նպատակաուղղված պատժամիջոցներն են։ ԱՄՆ-ում դա կարող է լինել Մագնիտսկու գլոբալ ակտը, ԵՄ-ում՝ Մարդու իրավունքների գլոբալ պատժամիջոցների ռեժիմը: Մեծ Բրիտանիան ունի իր պատժամիջոցների ռեժիմը։ Երբ ավարտենք մեր ապացույցների փաթեթները, կխնդրենք այս տարբեր երկրներին կամ երկրների միություններին պատժել մեր բացահայտած հանցագործներին: Մենք օգտագործում ենք բոլոր առկա իրավական և գրեթե իրավական ուղիները` պատասխանատվություն փնտրելու մարդու իրավունքների այս կոպիտ խախտումների համար: Հուսով ենք, որ այդ ռազմավարություններից մեկը կամ մի քանիսը կտան իրենց արդյունքները, և արդյունքները կլինեն իրերն իրենց անունով կոչելը, հանցագործներին բացահայտելը և այնուհետև զոհերի փոխհատուցումը հեշտացնելը:
Խոսել իրավական պարտավորությունների մասին հնարավոր է և արդյունավետ, երբ խոսքը վերաբերում է դրանք հարգող երկրներին կամ ղեկավարներին։ Միջազգային դատարանների բազմաթիվ որոշումներին հակառակ՝ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց և ատելությամբ լի, ագրեսիվ հռետորաբանությունն ու քաղաքականությունը։ Ինչպե՞ս է հնարավոր կամ առհասարակ հնարավո՞ր է պաշտոնական Բաքվին պարտադրել հարգել այս որոշումներն ու արցախահայության իրավունքները։
Իհարկե, կան սահմանափակումներ, երբ խոսքը վերաբերում է միջազգային իրավունքի կիրառմանը, և այդ սահմանափակումներն ավելի ակնհայտ են, երբ գործ ունես որոշակի իրավական մեխանիզմների հետ, ինչպիսիք են Արդարադատության միջազգային դատարանը կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որտեղ նրանք զբաղվում են ոչ թե անհատների կամ հանցագործների քրեական պատասխանատվությամբ, այլ՝ պետության պատասխանատվությամբ: Օրինակ, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տուգանում է խախտումները և երկրից պահանջում փոխհատուցում վճարել տուժողներին, այդ գումարը գալիս է ոչ թե հանցագործների, այլ հարկատուների գրպանից։ Այն վճարվում է պետական բյուջեից։ Դրա ազդեցությունը շատ ավելի սահմանափակ է, բայց հաշվետվողականության ուղիները, որոնք ես նկարագրեցի, վերաբերում են անհատական քրեական պատասխանատվությանը: Այսպիսով, ենթադրենք, որ մենք հաջողության ենք հասել համընդհանուր իրավասության գործով եվրոպական երկրներից որևէ մեկում՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ: Այս պաշտոնյաները, լավագույն դեպքում, չեն կարողանա մեկնել Եվրոպա, քանի որ, եթե գնան, կձերբակալվեն։
Ավելին, շատ եվրոպական երկրներում մենք կարող ենք դատավարություններ ունենալ, որտեղ մեղադրյալները ներկա չեն լինի, այդ անձինք կարող են քրեական հետապնդման ենթարկվել առանց իրենց ներկայության, առանց դատարան ներկայանալու: Եվ, եթե կարողանանք հաջողությամբ հասնել մեղադրական եզրակացությունների, ապա կարող ենք օգտագործել նրանց պատկանող ակտիվները, որոնք գտնվում են Արևմուտքում, ոչ թե Ադրբեջանում։ Մենք կարող ենք բռնագրավել այդ գույքը և տալ տուժածներին։ Նույնը վերաբերում է նաև Միջազգային քրեական դատարանին։ Երբ խոսքը վերաբերում է Միջազգային քրեական դատարանին, այս դատարանի հավելյալ արժեքն այն է, որ այն կարող է պոտենցիալ կերպով հետապնդել պետությունների ղեկավարներին և կալանքի հրաման տալ, ինչպես դա արեց, օրինակ, Պուտինի դեպքում: Եվ հիմա Պուտինը երբեք չի կարողանա Եվրոպա գալ, քանի որ, եթե գա, նրան կձերբակալեն։ Սրանք զրահապատ լուծումներ չեն, այլ իրավական ռազմավարություններ են, որոնք կարող են մի կողմից բարձրացնել Իլհամ Ալիևի նման ավտորիտար առաջնորդների ապօրինությունների գինը և կարող են մեզ օգնել գտնել զոհերին փոխհատուցելու ուղիներ:
Ինչպես նշեցիք, Արևմուտքը ոչ մի վայրկյան չվարանեց ակտիվացնել բոլոր մեխանիզմներն ընդդեմ Պուտինի և նրա երկրի՝ ուկրաինական պատերազմի սկսվելուց անմիջապես հետո։ Այն, ինչ արեց Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում, ճիշտ նույնն է, ինչ անում է Պուտինը Ուկրաինայում։ Բայց հավաքական Արևմուտքի արձագանքը բոլորովին այլ է, միշտ կա մի տեսակ երկմտանք, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանին։ Ե՞րբ և ինչպե՞ս կարող են նրանք, եթե, իհարկե, կարող են, հաղթահարել այս երկմտանքը։
Կարծում եմ, որ կարևոր է հիշել, որ պատժամիջոցներն ի սկզբանե քաղաքական գործիք են: Այսպիսով, երբ պատժամիջոցների վերաբերյալ որոշումներ են կայացվում, դրանք հաշվի են առնում քաղաքական, տնտեսական և անվտանգության ակտիվները։ Պատճառը, թե ինչու Եվրոպան և նաև ԱՄՆ-ը, հավանաբար, ավելի նվիրված և ավելի արագ գործեցին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմին արձագանքելու hամար, այն է, որ նրանք ուղղակիորեն վտանգված էին: Զգում էին, որ եթե ինչ-որ բան չանեն Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմ վարելու նրա կարողությանը կաշկանդելու համար, իրենք կլինեն հաջորդ թիրախը: Այդ իսկ պատճառով արևմտյան քաղաքական դերակատարների մոտ քաղաքական կամքը ընդհանուր էր։ Եթե համեմատեք Ռուսաստան-Ուկրաինա և Ադրբեջան-Հայաստան իրավիճակները, ապա Ռուսաստանը երեք անգամ գերազանցում է Ուկրաինային, Ադրբեջանն էլ նույնն է Հայաստանի համեմատ։ Ադրբեջանի ռազմական ռեսուրսները համամասնական համեմատության առումով ավելի մեծ են, քան Հայաստանինը, Ռուսաստանին ռեսուրսներն էլ մեծ են Ուկրաինայի ռեսուրսներից։ Հետո, մենք մեր աչքով տեսել ենք ադրբեջանական ուժերի դաժանությունն ու վայրագությունը ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքացիական անձանց՝ կանանց ու տղամարդկանց հանդեպ։
Ցավոք, Ադրբեջանը եվրոպական երկրների կամ ԱՄՆ-ի կողմից չի ընկալվում որպես վտանգ, և, հետևաբար, ավելի քիչ քաղաքական կամք կա՝ դիմակայելու Ադրբեջանին իր հանցագործությունների համար: Ի վերջո, աշխարհում, որտեղ մենք ապրում ենք, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և լավ կառավարումը այն բաներն են, որոնք հաճախ օգտագործվում են որպես երեսպաշտություն, իսկ քաղաքական անվտանգությունը և տնտեսական նկատառումները գերակայում են դրանց: Հենց դրա համար է, որ մեր ռազմավարությունը չպետք է ապավինի քաղաքական գործիքներին, ինչպիսիք են պատժամիջոցները, քանի որ ինքներդ էլ գիտեք, որ պետք է իրատես լինենք Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման հավանականության հարցում։ Բայց երբ խոսքը վերաբերում է իրավական գործիքներին, օրինակ՝ Միջազգային քրեական դատարանին, դրանք կարող են ավելի շատ կանխատեսելիություն ունենալ, և, չնայած վերջինը նույնպես 100%-ով զերծ չէ քաղաքական ազդեցությունից, բայց ճիշտ մոտեցմամբ մենք կարող ենք հաջողության հասնել այս գործիքի միջոցով՝ մարդու իրավունքները ոտնահարող հանցագործներին բերման և պատասխանատվության ենթարկելու մեր ջանքերում։
Եվ վերջում, ինչպես յուրաքանչյուր զեկույց, այս զեկույցը ևս ունի առաջարկներ բոլոր կողմերին։ Ինչպես կամփոփե՞ք դրանք, որո՞նք են այն հիմնական քայլերը, որոնք ձեռնարկելու դեպքում արցախահայությունը կզգա դրական փոփոխություն։
Մեր առաջարկությունների մեծ մասը վերաբերում է արդարադատությանը և հաշվետվողականությանը, և այն, ինչ մենք անհրաժեշտ ենք համարում, արդարադատությանը ծառայելն է։ Արդարադատությանը ծառայել նշանակում է միջազգային իրավասու մարմինների կողմից այս հանցագործությունների հետաքննություն, հանցագործների բացահայտում, պատժում և զոհերին փոխհատուցում տրամադրելու հնարավորություն, ինչպես նաև անհրաժեշտ պայմանների ապահովում տեղահանված էթնիկ հայերի վերադարձի համար: Վերջինը, հավանաբար, և, ցավոք, ավելի քիչ իրատեսական է՝ հաշվի առնելով ներկայիս քաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակը։ Բայց մենք դեռ պնդում ենք, որ իրավական տեսակետից տեղահանվածներն իրավունք ունեն վերադառնալ իրենց տները, իրենց հողը և խաղաղ շարունակել իրենց կյանքը։