«Անգլիկան հոգևորականն անդրադարձավ հայ ժողովրդի հարուստ և փոթորկալի պատմությանը». միջեկեղեցական աղոթք՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների համար

Նոյեմբերի 10-ին, Ն.Ս.O.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, ինչպես Հայաստանի և սփյուռքի բոլոր եկեղեցիներում Հռոմի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցում ևս տեղի ունեցավ աղոթք։ Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչի և Հռոմի Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի կողմից կազմակերպված Էկումենիկ արարողության նպատակն էր իրազեկել և աղոթել Բաքվում ներկայիս կալանավորված հայ բանտարկյալների ազատ արձակման համար։

Արարողությանը մասնակցեցին քրիստոնյա տարբեր հարանվանությունների հոգևորականներ, Իտալիայում և Վատիկանում հավատարմագրված դեսպաններ ու դիվանագետներ, ինչպես նաև բազմաթիվ իտալացի և օտարերկրյա քաղաքացիներ։ Ներկա էին նաև Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանը։ Բոլորն էլ հավաքվել էին հավաքական խնդրանքով իրենց ձայները միավորելու արդարության և ազատության համար։

Աղոթքից առաջ, Լևոնյան վարժարանի կողմից բարիգալստյան խոսքով դիմեց բոլորին Բարեշնորհ Գրիգոր սարկավագ Բոյաջյանը։ Ապա Սուրբ Աթոռում Քենթրբերիի արքեպիսկոպոսի ներկայացուցիչ՝ Գերաշնորհ արքեպիսկոպոս Եան Էռնեստը հանդես եկավ ոգեշնչող քարոզով։ Իր ուղերձով նա ընդգծեց տառապանքի և անարդարության պայմաններում բոլոր դավանանքների միջև միասնության կարևորությունը։ Արքեպիսկոպոս Էռնեստը ներկաներին հիշեցրեց խաղաղության և մարդասիրության հետամուտ լինելու իրենց ընդհանուր պատասխանատվության մասին՝ ամրապնդելով այն խոր կապերը, որոնք միավորում են քրիստոնեական եկեղեցիները դժվարության ժամանակ: Իր ուղերձում նա ասաց․ «Այսօր, միանալով ձեզ աղոթքի՝ գերիների ազատության համար, ես ցանկանում եմ կրկնել մեր արքեպիսկոպոս Ամենապատիւ Ջասթին Ուելբիի տված հավաստիացումը. «Հայաստանի ժողովուրդը մոռացված չէ»: Անգլիկան հոգևորականը անդրադարձավ հայ ժողովրդի հարուստ և փոթորկալի պատմությանը, նշելով, որ դարեր շարունակ և առ այսօր նա շարունակում է կրել խաչը, որպես տառապանքի ու մաքառման խորհրդանիշ։ «Եվ դա է պատճառը, որ այդ տաժանակիր ճանապարհին մենք կանգնած ենք ձեր կողքին», – հավելեց նա։

Արքեպիսկոպոսը նշեց, որ բանտարկված հայ եղբայրների ծանր վիճակը հիշեցնում է, որ հանուն Աստծո Թագավորության միշտ կլինեն դժվարություններ։ «Որպես քրիստոնյաներ մեր բանտարկված եղբայրների հետ համերաշխության մեջ ենք և մենք պետք է պատրաստ լինենք հանդուրժելու տառապանքի ու փորձությունների կրակը և հաղթահարելու փոթորկալի դժվարությունները», – ասաց նա։ Ապա վստահեցրեց, որ Սուրբ Գիրքը մեզ համար սփոփանքի և զորության աղբյուր է, մեջբերեց Հիսոսի մասին բառերը, որ մեզ փոխանցում է Եսայի մարգարեն․ «Տեր Աստծու Հոգին ինձ վրա է, որովհետև Տերն օծել է ինձ՝ ավետիս տալու հեզերին, ինձ ուղարկել է դարմանելու բեկված սիրտ ունեցողներին, ազատություն հռչակելու գերիներին, արձակում՝ կալանավորներին» (Եսայի 61։1)։

Ուստի, ըստ արքեպիսկոպոսի մենք կոչված ենք, հավատով դիմագրավելու կյանքի դժվարություններին՝ այն համոզմամբ, որ մենք Աստծո ձեռքերում ենք։ Նա հավելեց, որ որպես եղբայրներ և քույրեր՝ Քրիստոսով, մենք կոչված ենք իրար սիրելու և կիսելու, ինչպես Հիսուսը պատվիրում է մեզ. «Սիրեցե՛ք միմյանց, ինչպես ես սիրեցի ձեզ» (Հովհ. 13։34)։ Սերը կարող է մարդկանց փրկել հուսահատությունից, անօգնականությունից, հիվանդությունից և ներշնչել նոր հույս։ Իր քարոզի վերջում աքեպիսկոպոս Էռնեստը կարևորեց միասնական աղոթքի պահը, որը կենսունակություն է հաղորդում մեր հոգևոր ճանապարհին և համոզմունք հայտնեց, որ Տիրոջ օգնությամբ, անգամ եթե մեր սպասումները անմիջապես չիրականանան, մենք չենք վհատվի, չենք տկարանա։ Քանզի Տերը այստեղ է, և նա բարեգութ է։

Աղոթքի ավարտին, Արևմտյան Եվրոպայում Հայրապետական Պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նախ շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր ընդունեցին նախաձեռնությանը մասնակցելու հրավերը, ընդգծելով, որ այն դարձավ միասնության և համերաշխության բացառիկ առիթ՝ դավանաբանական տարբերություններից անդին։ Ապա հատուկ երախտագիտության խոսքեր ուղղեց Սուրբ Աթոռում Անգլիկան Եկեղեցու ներկայացուցիչ՝ Յան Էռնեստ արքեպիսկոպոսին՝ իր ներկայության և միջկրոնական երկխոսության գործում ունեցած շարունակական ներդրման համար։ Իր խոսքում Սրբազան Հայրը կարևորեց ընդհանրական հավատքի արժեքը՝ որպես արդարության ու խաղաղության որոնման շարժիչ ուժ, հատկապես հանուն նրանց, ովքեր չեն կարող պայքարել իրենց իրավունքների համար։

Սրբազանը նշեց, որ պետք է հաստատակամ մնալ պարտականության մեջ՝ պաշտպանելու բոլոր մարդկանց իրավունքներն ու արժանապատվությունը, հատկապես նրանց ովքեր անտեսված են և առավել կարիքավոր։ Ասելով, որ լռության մեջ անարդարաբար տառապող մեր հայրենակիցները Աստուծո սիրելի զավակներ են, նա ընդգծեց, որ աղոթք բարձացվեց ոչ միայն նրանց ազատության համար, այլ որպեսզի աշխարհում տիրեն փոխըմբռնումը, հարգանքը և կարեկցանքը։ Նա հույս հայտնեց, որ իշխանատերերը լսեն բարի կամքի մարդկանց կոչը և ցուցաբերեն կարեկցանք, որը բնորոշ է յուրաքանչուր մարդ էակի։ Ամփոփելով, Սրբազանը անդրադարձավ Տիրոջ ուսմունքներին՝ սիրո, շնորհի և ներումի մասին, որոնք ուժ են տալիս պայքարելու աշխարհում արդարության, ողորմության և խաղաղության հաստատման համար։ Նա մաղթեց, որ ներկաների աղոթքները շարունակեն աջակցել առավել կարիքավորներին և նրանց ապագա գործերը վկայեն Տիրոջ ուսմունքներին հավատարիմ մնալու մասին։

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ

Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Պանթուրքիզմը՝ ՀՀ-ի, ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի ազգային անվտանգության սպառնալիք

Ամեն ինչ արված է, որ գուբերնիա լինենք. Փաշինյանը կատաղել է

Եթե ՀՀ ում կրակեն, Փարիզում դժվար բան փոխվի, իսկ ՌԴ ի ներկայությամբ` կփոխվի Մարկեդոնով