Մի երևույթ կա, երբ Հայաստանի քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է Հայաստանի քաղաքացիությունից, որպեսզի զինված ուժերում չծառայի։ Այս մասին 2025թ-ի բյուջեի քննարկման ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Այս հանգամանքից ելնելով՝ դիմել եմ Հանրապետության վարչապետին, որ նմանատիպ պրոցես սկսենք պետական կառավարման համակարգում։ Իմ կարծիքով պետական պաշտոնյան պիտի իրեն թույլ չտա, որ ոչ միայն իր զավակը, այլև իր մերձավոր շրջապատի հարազատի զավակները հրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից։ Այդ երևույթը կա, ցավալի ցուցանիշներ կարող ենք արձանագրել։ Նոր չէ այս երևույթը, չգիտեմ քանի տարվա պատմություն ու խորք ունի, բայց սա մի երևույթ է, որի դեմ պետք է պայքարել»,- ասաց նա։
Պապիկյանի խոսքով ԶՈՒ-ում կատարվող բարեփախումների նպատակը արհեստավարժ բանակ ունենալն է :
«Հայաստանի Հանրապետության բանակում կատարվող բարեփոխումները, ծախսերն ու ներդրումները միտված են մեկ կարևոր նպատակի՝ ունենալ արհեստավարժ, մարտունակ և ժամանակակից բանակ, որն ունակ կլինի պաշտպանել Հայաստանի Հանրապետության 29,743 քկմ ՀՀ սուվերեն տարածքը, և սա միակ խնդիրն է, որ դրված է բանակի առաջ։
Սա պարտավոր ենք սրբորեն կատարել։ Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության օկուպացված՝ շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածքների խնդրին, ռազմական ճանապարհով այդ հարցը լուծելու խնդիր դրված չէ, որովհետև սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել խաղաղ բանակցային ճանապարհով, առավել ևս այս քաղաքական խնդրի ներքո Հայաստանի Հանրապետության բանակը, բացի ՀՀ տարածքային ամբողջականությունը արտաքին հարձակումից պաշտպանելը, այլ խնդիր չունի և չի ունենալու»,- նշեց Սուրեն Պապիկյանը: