Վեհափառ Հայրապետը նորաօծ քահանաներին պատգամել է հայորդիների սրտերում զորացնել աստվածասիրությունը, հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը

Նոյեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միածնաէջ Մայր Տաճարում օրեր առաջ քահանայական կոչման արժանացած 6 եկեղեցականներին` առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանի և Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի:

Հանդիպմանը Հայր Հարությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց նորաօծներին՝ հայցելով Նորին Սրբության օրհնությունն ու պատգամը ձեռնադրյալներին։ Նարեկ Սրբազանն իր հերթին երախտագիտություն հայտնեց Հայոց Հովվապետին քահանայական ձեռնադրություն կատարելու պատվին արժանացնելու համար։

Այնուհետև քահանայական ձեռնադրության առիթով հոգևորականներին շնորհավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ բերելով նրանց իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները:

Վեհափառ Հայրապետը հորդորեց նորաօծ քահանա հայրերին լինել արժանավոր եկեղեցականներ, իրենց նվիրյալ ծառայությամբ բարձր պահել Հայոց Եկեղեցու բարի համբավն ու հեղինակությունը, զորացնել հայորդիների սրտերում աստվածսիրությունը, հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը։ Հայոց Հովվապետը ձեռնադրյալներին պատգամեց հոգեխնամ ու կրթադաստիարակչական գործունեությամբ նպաստել հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։

Վեհափառ Հայրապետը իր գնահատանքը բերեց ձեռնադրող Նարեկ Սրբազանին, ինչպես նաև Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների տեսչությանն ու լուսարարապետությանը եկեղեցականների պատրաստության և ձեռնադրության գործում ներդրած ջանքերի համար։

Վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց քահանա հայրերին՝ մաղթելով արդյունաշատ հոգևոր առաքելություն:

Հայ մայրերի դերակատարումը, պատասխանատվությունը, պետք է բարձրացվի

Սրբազանին պետք էր ասել,որ խորհրդարանական ընդդիմության վրա հույս դնել պետք չէ

Մեր խնդիրը մեր բնական դաշնակիցների հետ ադապտացվելն է. Խաչատրյան