Մեդիա վերլուծություն` այս պահի դրությամբ

Նոյեմբերի 28-ի այս պահի դրությամբ՝

Կառավարության հերթական նիստը կրկին նախընտրական էր։ Հիմա էլ պարզվել է, որ «Միջոցառման կազմակերպմանը ջրին, գինուն, բաստուրմային մեծ նշանակություն ենք հրավիրում, քան օրհներգին», ինչի արդյունքում կփոխվի ՀՀ օրհներգի քառատողերի դասավորությունը, կսահմանվի կատարման ստանդարտ (!!!)

Նախընտրական էր նաև խոստման իրականացման այն դրվագը, երբ Փաշինյանը հայտարարեց, թե «Համայնքներում ծառայողական ավտոմեքենաների սահմանաչափեր պիտի սահմանենք»։ Է, սահմանեք, մուրճն է ձեր ձեռքում, մեխն էլ։

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ։

ՌԴ և Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը

ՀԱՊԿ-ի գագաթնաժողովն է

Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ Պաշտպանության և ԱԳ նախարարների, ԱԽ քարտուղարների համատեղ նիստը, նախապես հայտարարվել էր, որ Հայաստանը դրան չի մասնակցի, բայց նաև չի խոչընդոտի որոշումների կայացմանը։ Հարցին անդրադարձել է ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ասելով, որ դռները բաց են ՀԱՊԿ Հայաստանի վերադարձի համար։ «Մոսկվան հուսով է, որ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ գործընկերությունն ամբողջությամբ կվերսկսվի»։

Հետաքրքրական է, որ ՌԴ-ի ներգարվվածությամբ բոլոր կառույցներում Հայաստանն իր ներկայությունը բարձրացնելու փորձեր է անում, սակայն կոնկրետ ռազմական մասով առավելագույնս հեռու են մնում։ Այս առումով էլ հետարքրքիր է այն, որ Հայաստանը դեմ չէ ձեռք բերել ռուսական, բայց հին զենք Հունաստանից, մենակ թե ՌԴ-ից զենք ձեռք չբերի։ Այս մասով էլ շատ հետաքրքիր է ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի արձագանքը։ Նա ասել է, որ առանց ՌԴ համաձայնության՝ արգելվում է ռուսական զինտեխնիկայի վերաարտահանումը 3-րդ երկիր, իսկ Հունաստանից Հայաստան ռուսական զենքի վերաարտահանման վերաբերյալ դիմում չի ստացվել։

Ու ինչ է սա նշանակում. Եվրոպան մեզ էլի խաբո՞ւմ է, թե ուղղակի տեղեկատվական «բադիկ» էին նետում՝ հասկանալու համար ռեակցիաները թեշ ՌԴ-ում, թե՛ Հայաստանում։

Ռուսաստանն էլի զգուշացնում է, այս անգամ անվանական

ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը կոշտ հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադարձել է Հայաստանում որոշ անհատների և դրանց ուղիղ առնչությանը «ամերիկյան ժողովրդավարության» տարածմանը մեր երկրում։ Իսկ եթե թարգմանենք, ՌԴ ծառայությունը, որ սովորաբար խիստ քչախոս է, արդեն երկրորդ անգամ անդրադառնում է Հայաստանին, իսկ այս անգամ նաև ամերիկյան «ազդեցություն գործակալներ» մատնանշում։

Ըստ հաղորդագրության՝ «Ժողովրդավարության այս անզիջում կողմնակիցների» առաջ խնդիր է դրված Հայաստանի գործադիր իշխանության «ձեռքերին հարվածելու», եթե այն, հետևելով հարևան Վրաստանի կառավարության օրինակին, մտադիր լինի առաջնահերթություն տալ ազգային օբյեկտիվ շահերին, հայ ժողովրդի ավանդույթներին և արժեքներին»։

Իսկ այդ ամենն իրականացնելու «գործիքները», որոնք «միավորված գլոբալիստական ժողովրդավարացման շրջանակներ» են ներկայացվում, Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցություններն են, Տիգրան Խզմալյանի «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը» և Լևոն Շիրինյանի «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը»։

Ինչպես ասում են, մենք վաղուց ենք այդ մասին խոսում։ Բայց այս անձերին և նրանց մարդ-կուսակցությունները թիրախավորելով՝ ՌԴ հետախուզական ծառայությունը կարծես ասում է, որ այս բոլորի մասին ունի այնպիսի տեղեկություններ, որոնք հեչ հաճելի չեն լինելու ինչպես Հայաստանի իշխանությունների, այնպես էլ հայ հասարակության համար։ Ու պարզ է, որ այս բաց ճակատամարտը նաև նշանակում է, որ նշված անձինք նախևառաջ սկսել են աշխատել ՌԴ դեմ, իսկ դա անպատիժ չի մնալու։

Ինչու են եվրոպացիներն ակտիվացել

Ի դեպ, այս ֆոնին շատ հետաքրքիր է հատկապես եվրպական գործիչների ակտիվությունը մեր երկրում։ Գերմանիայի ԱԳՆ-ի՝ Ադրբեջան գնալիս «ձեռքի հետ» մեզ մոտ պաուզա անելը, հետո Լեհաստանի նախագահի այցը, ԱԺ նախագահի և Գերմանիայի դեսպանի զրույց-քննարկումը՝ ՀՀ-ԵՄ համագործակցությանը և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ, նույն անձի հանդիպումը Նիդերլանդների դեսպանի հետ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հանդիպումը ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ և վերջում՝ կառավարությունում կայացած ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երրորդ հանդիպումը (հիշեցնենք, որ ԵՄ-ն չնչին ներդրումներ ունի Հայաստանում, իսկ մեր երկրից արտահանումն ընդհանուր արտահանումների 4 տոկոսն է կազմում)…

Այս ամենը տեղի է ունեցել ընդամենը մեկ շաբաթում։ Այնպիսի տպավորություն է, որ Եվպրոպան պարբերաբար «գծերն» է ստուգում։ Չլինի՞, թե Հայաստանը սկսել է կամաց-կամաց թեքվել դեպի ՌԴ։

Խեղճ եվրոպացիք ստիպված են սեփական ներկայությամբ դա ճշտել, քանի որ Հայաստանի ներկայիս իշխանությունների խոսքին հավատալ չեն կարող։ Բայց նրանք չգիտեն, որ դերերի հստակ բաժանում են արել փաշինյանենք։ Այնպես որ, հեղհեղուկ արտաքին քաղաքականությունից բան հասկանալու համար նույնիսկ այցելությունները չեն փրկի։

Ջերմուկից զորքը հե՞տ է քաշվում

Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են զինվորները լքում ենթադրաբար Ջերմուկի մոտակայքում գտնվող դիրքերը։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է այդ տեղեկությունը և ասել. «Հորդորում ենք նմանօրինակ կեղծ և սուտ լուրեր չտարածել»։ Այնուհանդերձ, ինչպես ասում են, ծուխն առանց կրակի չի լինում։ Ու այս իշխանություններից ամեն ինչ էլ պետք է սպասել։ Իսկ եթե այս տեղեկությունները իրական են, ապա ստացվում է, որ Հայաստանը կրկին տարածքներ է զիջում։ Գուցե հենց սա՞ էր Ադրբեջանի ասած COP29-ից հետո սկսվելիք «գործընթացը»։

Խաղաղության գործընթաց

Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը երկրի խորհրդարանում ՊՆ 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Կցանկանայի մեկ անգամ ևս ընդգծել, որ տարածաշրջանային կայունությունը Կովկասում կապահովվի համապարփակ խաղաղության պայմանագրի միջոցով, որը ստորագրվելու է ՀՀ և Ադրբեջանի միջև»,–ասել է Գյուլերը։

Այստեղ հատկապես կարևոր է Գյուլերի խորը համոզմունքը, որ պայմանագիրը ստորագրվելու է և որ այն լինելու է «համապարփակ» ու սա այն ֆոնին, որ Հայաստանի իշխանություններն անգամ նման համոզմունք չունեն։ Իսկ սա նշանակում է, որ կրկին Թուրքիան ու Ադրբեջանն են որոշելու, թե Փաշինյանը հատկապես ինչ թղթի տակ է դնելու ստորագրությունը։ Ու սա շատ տրամաբանական է, եթե խաղաղություն կամ դրա մասին որևէ թուղթ ես մուրում, քեզնից վերցնում են ամեն ինչ։

Քննարկում են մեզ՝ առանց մեզ

Հետաքրքիր է, որ մեզ առանց մեզ քննարկել են նաև ՌԴ-ն ու Չինաստանը։ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳ նախարարի օգնական Լյու Բինը Պեկինում խորհրդակցություններ են անցկացրել հետխորհրդային տարածքի խնդիրների շուրջ։ Առարկայորեն դիտարկվել է ուկրաինական ճգնաժամի թեման։ Անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։ «Ընդգծվել է փոխադարձ հետաքրքրությունը՝ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման հարցում և տարածաշրջանի պետությունների ու իրենց հարևանների համապատասխան ջանքերի գործադրման կարևորությունը»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։

Այս առումով շատ հետաքրքիր է այն, որ Չինաստանն այլևս չի թաքցնում իր մեծ հետաքրքրությունը մեր տարածաշրջանում, որը հիմնականում կապ ունի լոգիստիկ ուղիների հետ։

Ուկրաինական հակամարտություն. Ավարտը չի երևում

Մամուլը տեղեկություններ է հրապարակում այն մասին, եր Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 4,8 մլրդ դոլար։ Դժվար է ասել, դա վարկ է, թե գրանտ, այնուհանդերձ, ակնհայտ է, որ գումարը լցվելու է այդ երկրի տնտեսություն, որպեսզի այն վերջնականապես չփլուզվի։ Այս ֆոնին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՀ-ի նոր կազմն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ Ու սա պարզ «կուտ» է, քանի որ համաշխարհային մեծերն արդեն քննարկում են, որ նման բան անելու որևէ հեռանկար չկա։ Բան է, ասում է էլի այդ տիկինը։

Ուկրաինայում էլ, թեև հասկանում են իրավիճակի ահավորությունը, բայց դեռևս փորձում են իրենց առաջ բրդել։ Ուկրաինայի նախագահ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն է անդրադարձել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին ու ասել, որ «Այսօր առանցքային խնդիրներից մեկը պատերազմի ավարտն է ու Եվրոպայում կայուն խաղաղության հաստատումը», բայց դրա համար «պետք է վերադառնալ առնվազն 2022 թվականի փետրվարի 23-ի վիճակին»։ Այսինքն՝ դեռ պատրաստ չեն քննարկել որևէ բան։

Իսկ ԱՄՆ-ում, Թրամփը շարունակում է իր նախընտրական հավակնոտ հայտարարությանը հավատարիմ մնալ ու Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում առաջադրել է Քիթ Քելլոգի թեկնածությունը։ Քելլոգը Թրամփի նախագահության նախորդ շրջանում աշխատել է Ազգային անվտանգության խորհրդում և եղել է փոխնախագահ Մայք Փենսի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։

Մի խոսքով դեռևս այս հակամարտության ավարտը չի երևում։

Գյումրիում ուզում են տեստավորել ընտրական նոր մեխանիզմ

Հայաստանում էլ փորձում են առաջին անգամ անցկացնել ամերիկյան ընտրությունների նման մի բան՝ Հայաստանի երկրորդ քաղաքում։ Փաշինյանը իր ֆեյսբուքյան լայվի ընթացքում (ձևաչափ, որով նա կրկին սկսել է շփվել հանրության հետ) հայտարարել է, թե անելու է ամերիկյան «փրայմերիզի» մնամ մի բան, որի շրջանակներում իբր գյումրեցիները կընտրեն, թե ՔՊ-ի եղած թեկնածուներից որը կզբաղեցնի քաղաքապետի ԺՊ-ի պաշտոնը։

Կարեն Սարուխանյանը, որ համարվում էր քաղաքապետի պաշտոնին, թմրանյութային սկանդալից հետո հետ է քաշվել ու հայտարարել, որ «Կկայացնեմ որոշում, որը կլինի հրապարակային»։ Ստացվում է, որ ՔՊ-ն ճար չունենալով է այս քայլին գնում, ձեռքի հետ էլ տեստավորում է ընտրական այս մեխանիզմը՝ առաջիկա հերթական կամ արտահերթին կիրառելու համար։

Ինչ կլինի տնտեսության հետ 2025-ից

Հայաստանում տնտեսությունը, անկախ պաշտոնական թվերից, գահավիժում է։ Ու դա են փաստում նաև իրական տվյալները։ Հոկտեմբեր ամսին այս տարվա ամենացածր տնտեսական ակտիվության ցուցանիշն է եղել, ինչն արդեն իսկ նշանակում է, որ անկման տեմպը շարունակվելու է։ Իսկ այն բանից հետո, երբ մի շարք ոլորտներում ծառայություններ մատուցող բիզնեսները 2025-ից անցնեն ընդհանուր հարկման դաշտ, իրավիճակն է՛լ ավելի է վատանալու, քանի որ այդ ընկերությունների ու ԱՁ-ների թիվն այնքան մեծ է, որ դա չի կարող չանդրադառնալ ընդհանուր տնտեսության վրա։ Կառավարության այդ առաջարկն արդեն քննարկվել է առաջին ընթերցմամբ։ Սակայն նկատվում է նաև այն, որ իշխանությունները վախենում են բիզնեսի բունտից ու թեմայի շրջանառության պրոպագանդան թուլացրել են։ Եվ այնուամենայնիվ։ Եթե նման որոշում կայացվի, հետևանքները սարսափելի են լինելու պետության ու քաղաքացու համար։

Արբանյակի հարցով քրեական վարույթ է սկսվել

Իբր թե մեզ «տիեզերական երկիր» դարձնելու հավակնություններ ունեցող արբանյակի հարցով, ըստ մամուլի տեղեկությունների, քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՀՀ գլխավոր դատախազությունից չեն մանրամասնել՝ կոնկրետ ինչ հոդվածով է հարուցված քրեական գործը, կա՞ն մեղադրյալներ, թե՞ ոչ։ Միայն հայտնի է, որ Քրեական վարույթը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Այս կառույցից ևս մանրամասներ չեն հայտնում։

Գործն, ըստ մամուլի հրապարակումների, առնչվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից արբանյակի ծրագրում հնարավոր չարաշահումներին, այդ ժամանակ նախարարը ներկայիս նախագահ Վահագն Խաչատուրյանն էր։

 

Պանթուրքիզմը՝ ՀՀ-ի, ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի ազգային անվտանգության սպառնալիք

Ամեն ինչ արված է, որ գուբերնիա լինենք. Փաշինյանը կատաղել է

Եթե ՀՀ ում կրակեն, Փարիզում դժվար բան փոխվի, իսկ ՌԴ ի ներկայությամբ` կփոխվի Մարկեդոնով