Վճռաբեկ դատարանն ընդգծել էր, որ նախարարն իր վրա դրված պարտականությունները իրականացնում է տարբեր մարմինների եւ աշխատակիցների միջոցով, վստահության եւ հավատարմության վրա հիմնված հարաբերություններում նախարարն այնպես պետք է գործի, որ. «առավելագույնս հոգատարություն եւ շրջահայացություն ցուցաբերի իր ընտրության նկատմամբ, որի արդյունքում այս կամ այն կերպ կարող է վնաս պատճառվել հանրային միջոցներին»:
Նախարար եղած ժամանակ, Հասմիկ Պողոսյաի եւ «Գուգարք» ՓԲԸ-ի միջեւ Քոբայրավանք վանական համալիրում վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար «Հուշարձանների վերականգնում» ծրագրով 2007 թվականի հունիսի 29-ին եւ 2008 թվականի հուլիսի 10-ին կնքվում են պայմանագրեր: Հետագայում, ըստ գլխավոր դատախազության, պարզվում է՝ գումարները յուրացվել են…
Նոյեմբերի 27-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը գրավոր ընթացակարգով քննել եւ ավարտել է ՀՀ գլխավոր դատախազության հայցի դեմ՝ ՀՀ մշակույթի եւ կրթության նախարար Հասմիկ Պողոսյանի, Վարդան Բարսեղյանի եւ Երջանիկ Մուրադյանի՝ պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի այս տարվա փետրվարի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքի քննությունը:
Հիշեցնեմ, որ Երեւան քաղաքի քաղաքացիական դատարանի դատավոր Ն. Ավետիսյանի 2020 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ վարույթ էր ընդունվել ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Աղավնի Մադոյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Հասմիկ Պողոսյանի, Վարդան Բարսեղյանի եւ Երջանիկ Մուրադյանի` վնասի հատուցման պահանջի մասին:
Դատարանի նույն օրվա որոշմամբ հայցվորի միջնորդությունը բավարարվել էր, կիրառվել էր հայցի ապահովման միջոց եւ հայցագնի՝ 25.252.200 ՀՀ դրամի չափով արգելանք էր դրվել պատասխանողներ Հասմիկ Պողոսյանին, Վարդան Բարսեղյանին եւ Երջանիկ Մուրադյանին պատկանող գույքերի վրա: