Մեդիա վերլուծություն՝ նոյեմբերի 28-ի դրությամբ

Վրաստանի խորհրդարանը հաստատել է կառավարության կազմը, որտեղ, ինչպես հայտարարվել էր նախապես, կան փոփոխություններ։ Սակայն Կոբախիձեն շարունակում է գլխավորել կաբինետը, որտեղ արտաքին գործերի նախարար է նշանակվել Մակա Բոճորիշվիլին, պաշտպանության նախարար՝ Իրակլի Չիքովանին, ներքին գործերի նախարար՝ Վախթանգ Գոմելաուրին։ Պառլամենտը նաև հաստատել է կառավարության 4 տարվա ծրագիրը, որով, համաձայն Կոբախիձեի հայտարարության՝ «Վրաստանն ինքն է հրաժարվում ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից մինչև 2028 թ. վերջը»։

Որոշումը լարումների նոր ալիք է հրահրել ամբողջ պետությունով։ Բողոքի ցույցեր են սկսվել Թբիլիսիում, Բաթումիում և մի շարք այլ քաղաքներում։

Թբիլիսիում ամբողջ գիշեր շարունակվել են բախումները ոստիկանության և ցուցարարների միջև։ Կիրառվել է արցունքաբեր գազ։ Իսկ բախումների արդյունքում տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, ձերբակալվել՝ 43 ցուցարար։

Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո նախագահ Սալոմե Զուրաբիշվիլն արտակարգ հանդիպում է նշանակել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ ու հայտարարել, որ «Ակնկալում եմ կոշտ արձագանք եվրոպական մայրաքաղաքներից»։ Արձագանք կա դեռևս միայն Վրաստանում ԵՄ դեսպանից, որն ասել է, թե «Արթնացանք բոլորովին նոր իրականության մեջ»։

 

Իրականությունն էլ այն է, որ անկախ վրացի ընդդիմադիրների պնդումներից ու «ռուս», «դավաճան» վանկարկումներից՝ Վրաստանը բոլորովին պրո-ռուսական քաղաքականության կրող չի դառնալու։ Հաշվի առնելով Չինաստանի հետաքրքրությունների ահռելի տեմպերով աճող հետաքրքրությունը մեր տարածաշրջանում, բայց հատկապես Վրաստանում, պարզ է, որ ինչ-որ մի ժամանակ այդ պետությունը կարող է նույնիսկ հակառուսական դիրքավորում ունենալ՝ կախված աշխարհաքաղաքական տեղաշարժերից։

Մյուս կողմից Կոբախիձեի իշխանությունը բոլորովին էլ դավաճան չէ, որովհետև բռնել է տնտեսական (դեռևս) անկախ քաղաքականության ուղին, ինչը պետությունն ուժեղացնելու է նաև այլ ուղղություններով։ Իսկ ուժեղ, արևմտյան փողերից չկախված Վրաստանը ԵՄ-ին բոլորովին էլ պետք չէ։

Սիրիրան՝ նոր օջախ

Աշխարհաքաղաքական փոփոխությունները մեր տարածաշրջանում շատ հեռու չեն ու բոլորն են փորձում իրենց տեղն (արևի տակ) ապահովել՝ մինչև վերջնական «տեկտոնական խզումը»։ Որքան էլ փորձեն ծխածածկույթ տարածել, բայցևայնպես, հենց Թուրքիան փորձում է դիրքերն ամրապնդել Սիրիայում։ Ու այս առումով բոլորովին էլ պատահական չէ, որ Հալեպի ու Իդլիբի վրա հակակառավարական ուժերի հարձակման մասին առաջինը հենց թուրքական լրատվամիջոցներն են հաղորդում։

Միայն այն բանից հետո երբ ամբողջ միջազգային մամուլն արդեն խոսում էր կառավարության վերահսկողությունից դուրս մնացած 13 բնակավայրերի մասին, Սիրիայի բանակի հրամանատարությունը հայտարարություն է տարածում այն մասին, որ «Հալեպում և Իդլիբում գործող «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունը չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 27-ի առավոտյան, մեծ թվով ահաբեկիչներով, ծանր սպառազինությամբ հզոր և լայնածավալ գրոհ է ձեռնարկել՝ թիրախավորելով այդ տարածաշրջանների խաղաղ գյուղերը, քաղաքները և ռազմական օբյեկտները»։

Ակնհայտ է, որ Թուրքիան նախահարձակ է լինում՝ ոչ միայն նրա համար, որ դիրքերն ամրապնդի՝ Ռուսաստանի՝ տարածաշրջան հնարավոր մոտալուտ վերադարձով պայմանավորված։ Բայց պարզ է, որ ՆԱՏՕ-ի ուղիղ հետաքրքրությունների շրջանակում է Միջին Արևելքում իրավիճակի քաոսային պահելու հանգամանքը, ինչն էլ Թուրքիայի կողմից ուղիղ հովանավորվող հակակառավարական ուժերը իրականացնում են գերազանց։

Խախուտ հրադադար

Ի դեպ, այնպես չէ, որ նախորդ «վառվող օջախն» այս տարածաշրջանում մարել է։ Իսրայելի և Լիբանանի միջև հայտարարված հրադադարից ժամեր անց, թե Իսրայելը, թե «Հեզբոլլահը» միմյանց մեղադրել են հրադադարի խախտման մեջ։ Ինչպես ասում են, այս խմորը դեռ երկար է ջուր քաշելու, ու մենք դեռ շատ հեռու ենք հակամարտության հանգուցալուծումից։

 «Օրեշնիկը» խաղի կանոններ է փոխել

Տարածաշրջանային ու համաշխարհային այս նորացված «ցունամին» մեծապես կախված է ռուսական «Օրեշնիկի» հայտնությամբ, որը Ռուսաստանին ձեռքին շատ հզոր խաղաթուղթ է դարձել։ Իսկ երկրի նախագահ Պուտինը ՀԱՊԿ-ի գագաթաժողովը ևս մեկ անգամ օգտագործել է՝ ռուսական ռազմարդյունաբերության ձեռքբերումների մասին խոսելու համար։ Նա ասել է, որ «Ռուսաստանն այսօր 10 անգամ ավելի շատ է հրթիռ արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին» ու պնդել, որ «Օրեշնիկը» ևս արդեն սերիական արտադրության է հանված։ Նրա պնդմամբ՝ մի քանի «Օրեշնիկ»-ի միաժամանակ հարվածի հզորությունը համեմատելի է միջուկային զենքի օգտագործման հետ՝ նույնիսկ եթե այն միջուկային մարտագլխիկ չի կրում։

Երբ այս ամենն ասվում է այն համատեքստում, որ «ՌԴ-ին հեռահար հարվածները նշանակում են ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցություն հակամարտությանը», սա իսկապես անհանգստանալու և աշխարհաքաղաքական գործընթացներն արագացնելու իսկական առիթ է։

 Պուտինի բացահայտումները

Իսկ կոնկրետ մեզ վերաբերող հարցերում՝ Պուտինն առաջին անգամ ու արդեն շատ բացահայտ խոսել է այն մասին, որ ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը որևէ կերպ չէին կարող միջամտել Արցախում տեղի ունեցած մարդկության դեմ հանցագործություններին ոչ միայն այն պատճառով, որ ՀՀ-ն չի դիմել կառույցին, այլ որովհետև մենք մեր «տնային աշխատանքը» լավ չէինք կատարել։ Պուտինը ասել է այն, ինչի մասին ուղիղ տեքստով գրում էին ռուսական լրատվամիջոցները՝ պետք էր ճանաչել Արցախի անկախությունը ու Հայաստանի հետ միավորել։ Բայց դա չեղավ ու չէր էլ կարող լինել Հայաստանի ներկայիս իշխանությունների պարագայում, որն Արցախը «պովոդոկ» է համարում։

 

Այդ նույն իշխանությունը շուտով կատարելու է Թուրքիայի և Ադրբեջանի հերթական պահանջը կատարել։ Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է «Զանգեզուրի միջանցքի» մասն կազմող երկաթգծի ինտենսիվ կառուցման մասին ու ասել, որ Թուրքիայի պահանջով Հայաստանն ամենայն հավանականությամբ առաջիկայում կրճատելու է ՀՀ ԶՈՒ թվաքանակը։

ՔՊ-ից հեռանում են մոլի քարոզիչները

Այս իրավիճակում, երբ արդեն իսկապես անհնար է թաքցնել հակահայ մոտեցումները, ՔՊ-ից շատ տեսանելի առնետավազք է սկսվել։ Բայց ամենակարևորն այստեղ այն է, որ փախչում են ամենամոլի քարոզիչները, մասնավորապես նրանցից մեկը՝ նախկինում դերասան Գնել Սարգսյանը։ Վերջինս, իհարկե, հիմա ասում է, թե այդ քայլին է գնում՝ «հանուն ժողովրդավարության արժեքների» ու ամեն կերպ իրենից հեռացնում մոլի քպ-ական լինելու հանգամանքը։ Թե բա՝ «Երբեք չեմ եղել անձապաշտ, չեմ եղել նիկոլական ու մարդկանց էլ խորհուրդ եմ տվել չլինել ինչ-որ մեկական»։

Շատ ծիծաղելի վիճակում են հայտնվում նրանք, որ փրփուրը բերաններին ՀԵՆՑ Փաշինյան պաշտպանելուց հետո նման հայտարարություններ են անում։

Գյումրին դառնալու է լակմուսի թուղթ

ՔՊ-ի գործերի վատ լինելու աստիճանը նաև Գյումրիի ավագանու ընտրություններով է հասկացվելու։ Փաշինյանն իր լայվում ասել է, թե մարդիկ պետք է ինքնաառաջադրվեն, իրենք էլ «քաղաքական հայեցողությամբ» որոշեն, թե ում են ներառում ներքին ընտրության թեկնածուների ցուցակում։ Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ այնքան մարդ չունեն, որ ստիպված են նման քայլերի գնալ։ Իսկ արդյունքներն ուղիղ լակմուսի թուղթ են լինելու։ Համացանցում արդեն գրում են այն մասին, որ Գյումրիից սկսվել է, այնտեղ էլ կավարտվի։

 

 

 

 

Հայ մայրերի դերակատարումը, պատասխանատվությունը, պետք է բարձրացվի

Սրբազանին պետք էր ասել,որ խորհրդարանական ընդդիմության վրա հույս դնել պետք չէ

Մեր խնդիրը մեր բնական դաշնակիցների հետ ադապտացվելն է. Խաչատրյան