ՀՃԿ նախագահ Արսեն Վարդանյանի ելույթից հատված Խորհրդանշականը ՀՃԿ իրողության’ նոր կուսակցության հաստատումն է ՀՀ-ում, քանզի առանց այդ իրողության համագումարը չէր կարող կայանալ, իսկ բովանդակայինը’ ՀՃԿ գործունեության ակնհայտ վերակողմնորոշումն է դեպի հայրենահայության մաքառման սատարումը, դեպի անվտանգության ամրապնդումը, պետականության պահպանումն ու պետականամետ մտածելակերպ ունեցող իշխանություն ապահովելը։ Ունենալով հանդերձ այն վեհ գիտակցությունը, որ, չնայած առօրյա ազգադավ երևույթներին, այսօր առաջնայինը Հայոց պետականության կայացումն ու նրա օժանդակությամբ Արցախի խնդրի արդարացի լուծումն է։ Եվ թող ոչ ոք զուտ հույսեր չփայփայի, թե՛ ստահոդ լուրերով, ասեկոսներով ու բամբասանքներով կարող է պղտորել մարդկանց մտքերը և սեպ խրել մեր ժողովրդի երկու հատվածների միասնության մեջ։