Ահուսալի դասով դասակարգված վարկառուներին աջակցություն կտրամադրվի. Նոր որոշում

ԿԲ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2024-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը 341 հազար է, իսկ վերջիններիս վարկային ընդհանուր բեռը՝ շուրջ 642 մլրդ դրամ: 2023-ի ապրիլ ամսվա դրությամբ այս նույն բեռը կազմել է 525 մլրդ դրամ: Այդ մասինա այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Կառավարության նիստի ամանակ ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:

Ըստ նախարարի՝ 1 տարվա ընթացքում հետևել են գործընթացին և պարզել, որ ավելի քան 100 միլիարդով ավելացել է գումարը, և սա է ստիպել մտածել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց համար որևէ ծրագիր իրականացնելու մասին:

Նաև պարզվել է, որ անհուսալի վարկառուների մինչև 20 տոկոսն է, որ ունի ֆորմալ զբաղվածություն, մնացածը կա՛մ չունեն աշխատանք, կա՛մ ոչ ֆորմալ զբաղվածության մեջ են: Այսինքն՝ անհուսալի դասով դասակարգված վարկեր ունեցողների մեծ մասը ոչ ֆորմալ զբաղվածություն ունի, իսկ նրանց մի մասն էլ՝ որպես անապահով ընտանիք, հաշվառված է անապահովության գնահատման համակարգում և պետությունից նպաստ է ստանում:

«Նախագծով առաջարկվում է 2025 թվականի փետրվարի 1-ից գործարկել միջոցառում, որի շրջանակում կարող են շահառու դառնալ վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, որոնց ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի: Շահառուին նախատեսվում է տրամադրել ֆինանսական աջակցություն, եթե վերջինս ունենա ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն: Աջակցությունը կկազմի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափ և այն կուղղվի շահառուի՝ անհուսալի պարտավորության մարմանը:

Ֆինանսական աջակցությունը նախատեսում ենք տրամադրել առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու դառնալու հաջորդ ամսվա 1-ից: Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը նախատեսում ենք սահմանել 20 տոկոս: Ասեմ, որ այժմ այդ բռնագանձվող գումարի չափը մինչև 50 տոկոս է, այսինքն՝ այստեղ էլ ենք նվազում իրականացնում, իսկ պոտենցիալ շահառուների խումբը 218 հազար անձ է, ընդ որում՝ նրանցից 65 տոկոսը 26-50 տարեկանի միջակայքում է, այսինքն՝ աշխատունակության ամենաակտիվ շրջանում են:

ԿԲ-ի և մեր մյուս գործընկեր բանկերի հետ քննարկումների արդյունքում եկել ենք պայմանավորվածության, որ բանկերն էլ իրենց հերթին վարկային գծով առաջացած տույժերի և տուգանքների համար մինչև 80 տոկոսի չափով զեղչ կամ զիջում կսահմանեն: Սա արդեն իրականացման փուլում կքննարկենք»,- ասաց նա:

Նախարարը նաև նկատեց՝ այս խմբի ճնշող մեծամասնությունը դուրս է մնացել տնտեսական ակտիվությունից, չի կարողանում օգտվել ժամանակակից ֆինանսական գործիքներից, այն է՝ կատարել անկանխիկ գործարքներ, վարկ վերցնել, խնայողություններ կուտակել, իր աշխատանքից չի վճարում սոցվճարներ և հարկեր՝ այսպիսով զրկվելով նաև սոցիալական բարենպաստ երաշխիքներից, կուտակային համակարգի մաս կազմելուց:

Շահառուների դիմելու ժամանակահատվածը մինչև 2026 թվականի հունվարի 31-ն է, թիրախային խմբի շուրջ 60 տոկոսը կամ 131 հազար անձ կդառնա ծրագրի շահառու, և կսկսի մարել վարկային պարտավորությունները:

«Սա վարկերի ներում չէ, այլ մենք մեր քաղաքացիներին ասում ենք, որ իրենց աշխատանքի միջոցով և իրենք իրենց աշխատավարձի եկամտահարկով նաև որոշակի ընդառաջումներով պետք է կարողանան մարել: Կարևոր նախապայման է ֆորմալ զբաղվածությունը, այսինքն՝ առանց աշխատանքի չենք կարող դառնալ համակարգի շահառու»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց՝ կա 218 հազար մարդ, որոնք 3 տարուց ավելի է, ինչ ունեն 1 մլն և դրանից պակաս անհուսալի վարկ, որոնք նաև դատական պրոցեսի մեջ են: Ըստ որոշման՝ այսուհետ նրանց աշխատավարձի ոչ թե 50 տոկոսը կբռնագանձվի, այլ՝ 20 տոկոսը: Ամբողջ եկամտահարկն էլ պետությունը կուղղի հին պարտքը փակելուն, իսկ բանկերը կզիջեն տույժ-տուգանքների 80 տոկոսը:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ևս արձագանքեց. «Տույժերի-տուգանքների գումարները 80 տոկոս ենք զիջում: Ինչո՞ւ 80, ոչ՝ 100. որովհետև զիջելու ժամանակ առաջանալու է 20 տոկոսի պարտավորություն: Այսինքն՝ բանկերը ամբողջությամբ են զիջում, 20 տոկոսն էլ տալու են պետությանը»:

Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհամատեղելի է. Լավրով

Փաշինյանը ծաղրում է, բայց նաև վախեցած է՝ գիտի վաղ թե ուշ պատասխան է տալու

Որդուս ու 5000 տղերքի արյան պատասխանը չեն տալիս, խուլիգանը դեռ ե՞ս եմ. թեժ իրավիճակ Գալեյանի նիստին