Չենք մոռանում, շարունակում ենք քարոզել
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը ամանորյա ճաշի է հրավիրել այդ երկրում հավատարմագրված մի շարք դիվանագիտական առաքելությունների ղեկավարների։ Ըստ հաղորդագրության՝ նա ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի «իրագործման շուրջ վերջին զարգացումները»:
Ու ինչն է այստեղ հետաքրքիր։ «Խաղաղության խաչմերուկը» երևի համաշխահային պատմության մեջ ամենաշատ հեգնված ու անտարբերության արժանացած նախագծերից է, որին անգամ դրանով առաջարկվող անմիջական մասնակիցներն են «թքածական» վերաբերվում, որովհետև ի տարբերություն մեր իշխանությունների՝ մեզ շրջապատող պետությունները սոցցանցային լայքերով չեն երկիրը կառավարում, այլ հաշվարկներով։ Իսկ ինչպես բազմիցս ենք ասել, «խաղաղության խաչմերուկը» զուրկ է դրանից։
Հանդիպման ընթացքում ևս մի կարևոր անդրադարձ է եղել։ Խոսել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերից: Չէ, դուք լո՞ւրջ եք։ ԵՄ-ի հետ ամեն կերպ ինքնիշխանության կռիվ տվող երկրում գնում ու ձեր հարաբերություններն եք քննարկում ԵՄ-ի հետ։ Ինչ խոսք, Հայաստանի ներկայիս դիվանագիտության «փայլուն» դրսևորում է։
Ֆրանսիան Փաշինյանին քաղաքական ապաստան կտա՞
Մինչ Փաշինյանը սրտառուց տեքստով շնորհավորում է Մակրոնին՝ տարեդարձի կապակցությամբ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը լրատվամիջոցների հետ զրույցում փասել է, որ «Սինանյանը 25 հոգի Փարիզում է հավաքում, 15 հոգի` Նիցցայում» ու հայտնել է իր խղճահարությունը։ Ընդհանրապես, վերջին շրջանում հայկական ակտիվությունը ֆրանսիական ուղղությամբ շատ հետաքրքիր է։ Հաշվի առնելով, թե ինչպիսի ինտենսիվությամբ է Փաշինյանը փորձում իր կործանված վարկանիշը հետ բերել, Ֆրանսիայի հանդեպ ռևերանսները գուցե և ապագա քաղաքական ապաստան հայցելու նախերգանքն են։
Բայց կարծես թե նաև այս մասով է Փաշինյանը սխալ հաշվարկ արել։ Նախ, այդ երկրում հզոր և շատ ազդեցիկ հայկական համայնք կա, որին դեմ չի գնա Մակրոնը՝ հաշվի առնլեով նաև իր գահավիժող վարկանիշը։ Մյուս կողմից, այնպես չէ, որ նույն Մակրոնը շատ դրական է վերաբերվում Փաշինյանին, ինչի մասին նախկինում վկայել է նաև Մուրադ Փափազյանը։
Գերմանիան ու Թուրքիան քննարկել են մեզ
Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները։ Թեև զրույցի հիմնական առանցքը եղել է իրավիճակը Մերձավոր Արևելքում, սակայն թուրքական լրատվամիջոցները գրում են, որ անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասին: Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման պատմական հնարավորություն է ստեղծվել։ Նա նշել է, որ երրորդ կողմերը պետք է «արդար և անաչառ» աջակցություն ցուցաբերեն այդ գործընթացին:
Ընդհանրապես, Թուրքիան, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական «խաղաղության» քավորությունն է ստանձել, շատ է խոսում «պատմական պահի» մասին։ Թուրքերը պատահական բառեր երբեք չեն ասում ու այս անդադար կրկնությունը ստիպում է մտածել այն ուղղությամբ, որ ՀՀ ներկայիս իշխանությունների ոտքերի տակ հողն իսկապես սասանվել է։ Ու եթե սա բնորոշվում է՝ որպես «պատմական պահ», նշանակում է, որ թուրքերն էլ շատ լավ են հասկանում, որ հետո այն կարող է և երբեք չլինել։ Իհարկե պահին «պատմականություն» է հաղորդում նաև Թուրքիայի էապես աճած տարածաշրջանային կշիռը, սակայն սա հարցի մյուս կողմն է։
Վրաստանի շուրջ քաղաքական առևտրի շրջադարձը
ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) առաքելությունը ճանաչել է Վրաստանում կայացած ընտրությունները՝ արձանագրելով որոշ խախտումներ։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Հետաքրքիր է, որ այս հայտարարությունն արվում է այն բանից հետո, երբ նույն Կոբախիձեն ասել էր, որ պատրաստ են վերանայել երկրում հուզումների տրիգեր դարձած «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։
Վրաստանը շատ հետաքրքիր ու նուրբ է տանում իր քաղաքական առևտուրը ու դա անում է՝ հօգուտ իր երկրի։
Մերձավոր Արևելքում իրադարձությունները շատ արագ են զարգանում
Սիրիայի նոր իշխանությունների ղեկավար Ահմեդ ալ Շարաան, որը հայտնի է նաև Աբու Մուհամեդ ալ Ջուլանի մականունով հետաքրքիր ձևով փորձում է երկրում իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում։ Նա հայտարարել է, որ Սիրիայի տարբեր զինված խմբավորումներ կմիավորվեն մեկ կառույցում՝ երկրի պաշտպանության նախարարության վերահսկողության ներքո։ Փաստացի, Սիրիայում զիված ու վտանգավոր ով ասես, որ չկա՝ բազմաթիվ երկրների ու աշխարհաքաղական շահերի սպասարկուներ։ Իսկ նման կերպ, Ահմեդ ալ Շարաան իր ձեռքում է կենտրոնացնում բոլորին ու վերահսկողությունը ստանձնում։
Սիրիայում ևս մի կարևոր նշանակում է եղել։ Երկրի ժամանակավոր կառավարության կազմում արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարելու է Ասադ Հասան ալ-Շիբանին: Հետաքրիր է՝ հատկապես այս երկու՝ Սիրիայի համար կարևորագույն ուղղությունների վրա վերահսկողություն սահմանելու առաջնահերթությունը։ Տեսանելի է, որ նաև քաղաքական առումով ալ Շարաան լավ խորհրդատուներ ունի։
Ամենայն հավանականությամբ Սիրիայի նոր ղեկավարի խորհրդատուների ցանկը ղեկավարում են թուրքական ուժեր։ Սա էլ պատահական չենք մատնանշում ու միայն այն իմաստոց չէ, որ ալ Շարաան թուրքական ուղիղ վերահսկողության տակ գտնվող կառույց է ներկայացնում։ Այլ նաև այն պատճառով, որ փաստացի Սիրիայում իրավիճակը բոլորն առաջին հերթին քննարկում են Թուրքիայի հետ։ Հետաքրքիր է, որ մինչև Էրդողանի Սիրիա մեկնելը այնտեղ է եղել երկրի ԱԳՆ-ն։ Ֆիդանի ու ալ Շարաայի հանդիպման մասին հայտնի է միայն դրա փաստը։ Ու սա էլ բոլորովին պատահական չէ։
Իսկ Սիրիայում շարունակվում է ազդեցությունների մենամարտը՝ փաստացի դառնալով միաբևեռ և բազմաբևեռ աշխարհների կողմնակիցների բախման հերթական կիզակետը։
Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության ուժերը Սիրիայի Դեյր-ազ Զաուր նահանգում ճշգրիտ ավիահարվածի արդյունքում ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Յուսիֆը, ինչպես նաև խմբավորման մեկ այլ անդամ։ Նշվում է, որ հարվածն իրականացվել է նախկինում սիրիական ռեժիմի և ռուսների կողմից վերահսկվող տարածքում։ Բա էլ ո՞ւր առանց այս ընդգծման։
Իրանը թուրը պատյանը չի դնում
Ամենօրյա մի քանի տասնյակ զոհերը շարունակվում են Գազայում՝ Իսրայելի հարձակումների արդյունքում։ Նրանց ժամանակ առ ժամանակ հակազդում են հութիները, որոնք էլ այս անգամ գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտի, ավերածություններ կան նաև քաղաքային բնակավայրերում։
Հութիներին, որ «Հեզբոլլահ», «Համաս», «Իսլամական Ջիհադի», «Իրաքի իսլամական դիմադրության» հետ մեկտեղ կազում են Իրանական «Դիմադրության առանցքը», իր քաջալերանքն է հղել Իրանի հոգևոր առաջնորդը՝ հետքրքիր և տիպիկ իրանական ոճով։ «Իրանը տարածաշրջանում չունի իր պրոքսի-ուժերը։ Եմենը, Հեզբոլլահը, Համասը և Իսլամական ջիհադը պայքարում են իրենց հավատքի համար և մեզանից ոչ մի աջակցություն չեն ստանում։ Եմենի քաջերը, Իրաքը, Լիբանանը, Պաղեստինը և Սիրիան ընդդիմանում են Սիոնիստական ռեժիմին: Մենք կկործանենք այս ռեժիմը»,- ասել է այաթոլլա Ալի Խամենեին:
Շարունակում են անկայունության օջախներ ստեղծել
ԱՄՆ հեռացող ղեկավարը շարունակում է համաշխարհային քաոս հրահրել։ Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ Բայդենն արտոնել է հատկացնել «571,3 մլն դոլար ՊՆ-ին, ինչպես նաեւ Թայվանին ռազմական կրթության եւ ռազմական ոլորտներում օգնություն ցուցաբերելու համար»։ Նախորդ շաբաթ Թայվանը ԱՄՆ-ից ստացել էր նաև 38 Abrams ժամանակակից մարտական տանկ, որոնք առաջին նոր տանկերն են վերջին 30 տարում։
Իսկապես այնպիսի տպավորություն է, որ ԲԲայդենը Թրանփին ու աշխարհին իրենից հետո այնպիսի աշխարհ է ուզում թողնել, որի տակից ոչ մեկ ու հատկապես Թրամփը չկարողանան դուրս գալ։ Գուցե հենց այս նկատառումից ելնելով դեմոկրատներն այդքան հեշտ զիջոցին իրենց դիրքերը։ Ու հիմա, ինչպես հին հայկական ավանդավեպն է ասում, Թրամփը ստիպված է լինելու «ավերակած կառավարել», քանի որ Բայդենի համար՝ իրենից հետո՝ «թեկուզ ջրհեղեղ» վիճակն է։
Չինաստան-ԱՄՆ հակամարտության գույները խտանում են
Չինաստանը բնականաբար ձեռքերը ծալած չէր նստելու ու բողոք է հայտնել ԱՄՆ-ին Թայվանին ռազմական օգնություն տրամադրելու Ջո Բայդենի որոշման կապակցությամբ՝ այն բնորոշելով ««մեկ Չինաստանի» սկզբունքի խախտում», որը ոտնահարում է այդ երկրի ինքնիշխանությունն ու անվտանգության շահերը, ԱՄՆ առաջնորդների պարտավորությունը՝ չաջակցել Թայվանի անկախությանը։ «Չինաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները պաշտպանելու ազգային ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ հրապարակման մեջ։
Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Սյաոգանն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմական ստրատեգիան գնալով ավելի հարձակողական է դառնում, ինչը տանում է առճակատման՝ մեկնաբանելով Պենտագոնի ներկայացրած զեկույցը Չինաստանի ռազմական զարգացման մասին: Հիշեցնենք, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ԱՄՆ Կոնգրեսի համար պատրաստված զեկույցում նշել էր, որ Չինաստանը 2024 թվականի կեսերին ունեցել է ավելի քան 600 միջուկային մարտագլխիկներ, իսկ 2030 թվականին դրանց թիվը կգերազանցի հազարը:
Այս դիվանագիտական փոպհրաձգություններն աստիճանաբար ավելի շատ ռազմականանալու գույներ են ստանում, իսկ դա չի կարող չանդրադառնալ համաշխարհային տնտեսության վրա, որի արտադրողականության առյուծի բաժինը ներկայումս Ասիայում՝ մասնավորապես Չինաստանում է։
Սպասենք, թե Զելենսկին երբ կսափրվի
Վլադիմիր Զելենսկին «չիստկաներ» է անում Ուկրաինայի դիվանագիտական կորպուսում։ Նա աշխատանքից ազատել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցային, Ճապոնիայում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կորսունսկին և Չինաստանում դեսպան Պավել Ռյաբիկինին, ինչպես նաև պաշտպանության նախկին նախարար (2020 թվականի մարտից մինչև 2021 թվականի նոյեմբեր) Անդրեյ Տարանին, որը Սլովենիայում դեսպան էր 2022 թվականի մայիսից։ Ուկրաինայի նախագահի հրամանով՝ նոր դեսպաններ են նշանակվել Սլովենիայում, փոխարինվել են Ռուանդայում և Լիտվայում դիվանագիտական առաքելությունների ղեկավարները, նոր դեսպաններ են նշանակվել Հունգարիայում, Կոնգոյում և Ֆիլիպիններում, պաշտոնանկ են արվել դեսպանին Ինդոնեզիայում։
Այս քայլից երկու եզրակացություն պետք է անել։ Կամ Զելենսկին աստիճանաբար պատրաստվում է բանակցությունների ու հին կադրերից պետք է ազատվել՝ նախկին հռետորաբանությունից ազատվելու համար։ Կամ էլ ուղղակի շուտով տեսնելու ենք, թե ինչպես է նա սափրվում՝ մեր տեղական՝ իր գործընկերոջ ոճով՝ տապալված ռեյտինգը գոնե մի քիչ բարձրացնելու համար։
Ականջներին լապշա կախելը դպրոցներից են սկսում
ՔՊ-ականները «Բաց դաս» են արել Երևանի մի քանի դպրոցների աշակերտների ու ուսուցիչների հետ։ Լիլիթ Մինասյանը, Հասմիկ Հակոբյանը ու Արուսյակ Ջուլհակյանը «ներկայացրել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված Կառավարության քայլերը, կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու երիտասարդներին առնչվող ծրագրերը»,- ասվում է հաղորդագրությունում:
Հետաքրքիր է, թե այդ ինչ «խաղաղության» մասին են եղել լապշաները, երբ հարևան թշնամական պետության ղեկավարը ընդամենը օրերս է հերթական անգամ իր հարցազրույցով ապացուցել, որ չի լինելու խաղաղություն։ Բայց դե աշակերտները ապագա ընտրողներ են, ու նրանց հիմիկվանից պետք է «վերբովկա» անել։