Երևանում անցկացվում է հնդկական ֆիլմերի փառատոն՝ նվիրված Ռաջ Կապուրի 100-ամյակին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել  հնդկական և համաշխարհային կինոյի աստղ Ռաջ Կապուրի 100-ամյակի շրջանակում կայացած հնդկական ֆիլմերի փառատոնի բացմանը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

Ողջունելով ներկաներին և կարևորելով Հայաստանի և Հնդկաստանի միջև բազմակողմ համագործակցությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանում հնդկական կինոյի օրերի անցկացումն արդեն դարձել է բարի ավանդույթ։

«Ռաջ Կապուրը մեծ կինոժառանգություն է թողել՝  հանդիսատեսին փոխանցելով նաև ժամանակի ոգին։ Նրա արվեստն աչքի է ընկնում մարդասիրությամբ, նրա կերպարները ներկայացնում են հասարակ ժողովրդի պատմությունը, ցավը, ուրախությունն ու հույսերը։ Ռաջ Կապուրի ֆիլմերը յուրահատուկ գույն են ավելացնում Հնդկաստանի մշակութային խճանկարին և դարձել են հնդկական կինոյի խորհրդանիշերը՝ միաժամանակ հարստացնելով նաև համաշխարհային կինեմատոգրաֆիայի գանձարանը:

Նրա կինոն շարունակում է հուզել մարդկանց սրտերը, իսկ նրա դավանած գաղափարները շարունակում են ուղենիշ լինել շատերիս համար։ Նրա ֆիլմերը հանդիսատեսն այսօր ևս դիտում է  սիրով, որը փաստում է՝ կինոն կարևոր գործիք է համամարդկային գաղափարներ տարածելու և մարդկանց կրթելու համար»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ փառատոնը նաև հիմք կհանդիսանա երկու երկրների կինոգործիչների միջև համագործակցությունը խորացնելու և համատեղ ֆիլմեր ստեղծելու համար:

Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպանությանը ի դեմս՝ դեսպան Նիլակշի Սահա Սինհայի, նախաձեռնության համար և վերահաստատել ԿԳՄՍՆ պատրաստակամությունը տարբեր ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու գործում։

Նշենք, որ փառատոնի շրջանակում տեղի է ունեցել նաև Ռաջ Կապուրի գործունեությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն