Վանձորում բնկվող արցախցի Տիգրան Ուլուբաբյանը, ում ՆԳՆ ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները բռնության էին ենթարկել Fronttv-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել իր հետ տեղի ունեցած դեպքից. Տիգրան, կմանրամասնեք ի՞նչ էր ձեր հետ տեղի ունեցել Վանձորի ոստիկանության բաժնում. -Ինձ ուղեկցել են պետի աշխատասենյակ, շատ վատ էին խոսում ինձ հետ, «բեսպրիդելշիկների» պես, ասում էին՝ մի հերքի, որ դու ես կազմակերպել, սուտ տեղեկատվություն չտաս, գիտենք, որ դու ես կազմակերպել այդ գողությունը։ Հետո բաժնի պետը ոստիկաններին ասաց՝ «մշակեք» սրան: Ինձ քաշքշելով, պատերին տալով տեղափոխեցին այլ աշխատասենյակ՝ հարվածելով գլխիս ու մեջքիս, թքելով վրաս, քաշելով ու պոկելով մազերս։ Շատ անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել, պատերով տվել, տարբեր բնույթի հայհոյանքներ հնչեցրել։ Յոթ ժամ ոստիկանության բաժնում ապօրինի պահելուց հետո, ոստիկաններն ինձ բաց թողեցին, քանի որ ոչ մի ապացույց չկար, որ այդ գողությունը ես եմ կազմակերպել։ Ոստիկանները ապօրինի կերպով էին ինձ բերման ենթարկել, առանց որևէ թուղթ ցույց տալու․ եկել, տարել են, անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել, նվաստացրել են, այնուհետև բաց են թողել՝ ասելով՝ «դե լավ, բաց ենք թողում, գնա, բայց ոչ մեկին ոչինչ չպատմես»։ Ինչպե՞ս է գողության դեպքը տեղի ունեցել, որում փորձում էին ձեզ մեղադրել, այդ ժամանակ դուք որտե՞ղ էիք. -Դեպքը, երբ որ կատարվել է, ես դրսում եմ եղել, բարեկամուհուս հոր հետ, ես ընդհանրապես անտեղյակ էի, թե ինչ է կատարվել։ Բարեկամուհիս է պատմել, որ երկու զինված տղամարդ են ներխուժել տուն, երկու տարեկան երեխայի վրա զենք պահել, ու պահանջել հանել տան գումարն ու ոսկեղենը։ Դեպքից հետո միայն, ես և տուժողի հայրը եկել, տեսել ենք, թե ինչքան վախեցած էր նա, ամբողջ մարմինը դողում էր, չէր հանգստանում։ Առաջին անգամ ինձ կանչեցին բաժին, գնացի ու հետ եկա։ Երկրորդ անգամ ինձ փողոցում են կանգնեցրել ոստիկանները` խանութ գնալու ճանապարհին, որից հետո տեղի ունեցավ այն, ինչ նոր պատմեցի։ Այս պահին այլ մանրամասներ չեմ կարող ասել: Նշենք, որ Տիգրանի հայրն ու հարազատ եղբայրը Արցախում զոհվել են, իսկ մայրը՝ մահացել։ Չնայած Տիգրանն ընտանիքի միակ արու զավակն է, սակայն վերջինս մասնակցել է և’ քառօրյա, և’ քառասունչորսօրյա, և’ արցախյան վերջին պատերազմներին Հիշեցնենք, որ այսօր առավոտյան, Վանաձոր քաղաքում երկու զինված ու դիմակավորված տղամարդ ապօրինի մուտք են գործել արցախցի ընտանիքի կողմից վարձակալված բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը։ ՆԳՆ ոստիկանության Վանաձորի բաժնի ոստիկանները դեպքի առթիվ ոստիկանության բաժին են հրավիրել տուժողի բարեկամին՝ 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին։ Ոստիկանությունում Տիգրանին ուղեկցել են պետի աշխատասենյակ, որտեղ էլ հորդորել են ավազակության դեպքը վերցնել իր վրա։ Արժանանալով կոշտ ու բացասական պատասխանի՝ բաժնի պետը ոստիկաններին հրահանգել է Տիգրանին «մշակել», որից հետո նրա հանդեպ ոստիկանները բռնության ուժ են կիրառել։
