Առողջության համապարփակ ապահովագրավճարը գնաճի հետ ամեն տարի բարձրանալու է և աշխատող քաղաքացու համար դառնա հավելյալ ֆինանսական բեռ. Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ

Աշխատող քաղաքացու համար ապահովագրավճարը լինելու է հավելյալ ֆինանսական բեռ: Այս մասին Tert.am -ի հետ զրույցում ասաց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը:

Առողջության համապարփակ ապահովագրության մասին ՀՀ օրենքի նախագիծը e-draft-ում  դրել էին քննարկման, այժմ հանել են: Այս պահի դրությամբ նախագիծը սաղմնային փուլում է, դեռ պետք է մշակվի:

«Այս պահին էլ դեռ, մեր սուբյեկտիվ կարծիքով, լավարկելու տեղ կա: Եթե դուք ստանում եք 75,000 դրամ աշխատավարձ, կամ 75,000-ից մինչև  150,000 դրամ, ապա ձեր ամեն ամսվա ապահովագրավճարը կազմելու է  13,700 դրամի 40 %-ը, մնացած  մասը, ըստ այս նախագծի, պետք է վճարի պետությունը, բնականաբար, պետությունն էլ պետք է վճարի ձեր վճարած հարկերից, այսինքն, էլի՛ դուք եք վճարելու, այնպես չէ, որ ձեր փոխարեն ինչ-որ մեկը վճարելու է: Եթե դուք ստանում եք աշխատավարձ՝ 150-300 հազար դրամ, ապա դուք կվճարեք 13,700 դրամի 60 %-ը, որի մնացած մասը՝ էլի՛ կվճարի պետությունը, այսինքն էլի՛ կվճարեք դուք, որովհետև այդ հարկը դուք եք ձևավորում: Եթե  դուք ստանում եք 300 հազար դրամից բարձր աշխատավարձ, ապա ամբողջ 100 %-ով վճարելու եք դուք, այսինքն այդ դեպքում՝ պետության՝ չակերտավոր օգնությունն էլ չկա»,- նշեց նա:

Մանասերյանի խոսքով՝ աշխարհում առողջության համապարփակ ապահովագրության երեք մոդել կա, որոնցից որևէ մեկը մեր մոդելին մոտ չէ:

«Կա մոդել, որ գործատուն ու աշխատողն են դա համամասնորեն բաժանում, կա մոդել, որ գործատուն է ամբողջությամբ վճարում, կա մոդել, որ վճարում է և՛ գործատուն, և՛ աշխատողը, և՛ պետությունը: Սա դեռ ամենը չէ. քանի որ պետական բյուջեով պետք է պետությունն այդ գումարները վճարի յուրաքանչյուր տարի, այդ գումարը կարող է փոխոխվել, այսինքն միշտ չէ, որ այդ 13,700 դրամն է մնալու  ապահովագրավճարը, յուրաքանչյուր տարի պետք է վերանայվի՝ ըստ սպառողական գների ինդեքսի աճի, այսինքն, ըստ եղած գնաճի, այդ գումարն ամեն տարի բարձրանալու է, անկախ նրանից, թե քաղաքացու աշխատավարձը բարձրանալու է, թե՞ ոչ», -նշեց Մանասերյանը:

Նա դժգոհեց. ինչո՞ւ գործատուների մասով որևէ պարտավորություն չկա աշխատող քաղաքացու համար այն դեպքում, երբ քաղաքացին աշխատավայրում սթրեսի մեջ է, քանի որ քաղաքացին հենց աշխատավայրում է առողջական խնդիրները ձեռք բերում ու բարիք ստեղծում հենց գործատուի համար.

«Չպետք է լինի այնպես, որ դա մարդու համար լրացուցիչ բեռ դառնա: Այն չպետք է լինի այն մեթոդներով, որն այսօր է գրված: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2023 թվականին մենք ունեցել ենք 23, 7 % աղքատություն, որոնց մեջ կան նաև աշխատող աղքատներ, եթե մի երկրում քաղաքացին աշխատում, բայց լինում է աղքատ, ապա դա ողբերգություն է: Այսինքն պետությունը աշխատող աղքատի վրա ևս՛ մի հավելյալ բեռ է դնում: Եթե քաղաքացին ստանում է նվազագույն 75,000 դրամ, և ապահովագրավճար է վճարում, իսկ Հայաստանում քիչ չեն նվազագույն աշխատավարձ ստացող մարդիկ՝ հատկապես սպասարկման ոլորտում,  ապա նրա համար հավելյալ ֆինանսական բեռ ենք ստեղծում: Ինչո՞ւ նվազագույն աշխատավարձ ստացողի այս վիճակը պետությունը հաշվի չի՛ առնում: Նախագծի այն տեսքը, որով այսօր է, ուղղակի անթույլատրելի է»:

Նախագծում էլի՛ բացեր կան, ասաց Մանասերյանն ու հավելեց. խնդիրներ է  տեսնում առողջապահական հիմնարկների ընտրության ձևաչափի մեջ, որոնք կարող են ապահովագրական ծառայություններ մատուցել: «Մենք պետք է այնպիսի օրինագիծ ունենանք, որը կբացառի ցանկացած կոռուպցիոն ռիսկ, կամ հիմնադրամը, որտեղից որ բաշխվելու են այդ  գումարները, կազմում կառավարության անդամներ են, այնտեղ պետք է ներգրավված լինեն նաև գործատուներ, ֆեդերացիայի անդամներ, որ ամեն բան բաց ու թափանցիկ լինի: Բժշկական կազմակերպությունների ծավալն էլ է խնդրահարույց ՝ որոշակի հիվանդությունների մասով: Հիվանդանոցին ընտրելու ճանապարհին արդյո՞ք խնդիրներ չեն առաջանա: Սրանք խնդիրներ են, որոնց մասին հիմա պետք է բարձրաձայնվի, որ հետագայում խնդիրներ չլինեն», — եզրափակեց Մանասերյանը:

Իսկ «Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր, առողջապահության ոլորտի փորձագետ Ծաղիկ Վարդանյանընշեց, որ պետական մասնակցության մասով ճկունություն  է ապահովվել միայն. «Եթե նախկինում ապահովագրավճարը բոլորը հարյուր տոկոս վճարելու էին, որից հետո որոշակի շահառուների խմբի հետ էր վերադարձվելու,  ապա հիմա պետությունը որոշակի տոկոսներով կփոխհատուցի: Եվ բոնուսների մասով մի նորություն կա. եթե մարդն ամբողջ տարվա ընթացքում, բացի իր կանխարգելիչ զննությունը,  չի՛ օգտվել բժշկական ծառայություններից, ապա իրեն բոնուս է հասնելու: Բժշկական առումով մի փոքր անհասկանալի հարցեր կան. օրինակ ասում են, որ  այն մարդիկ, ովքեր անցնում են առողջ ապրելակերպի՝ քաշն են նվազեցնում, ծխելն են թողնում, իրենց համար էլ է բոնուս լինելու: Առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկը շատ հանգիստ կարող է մանիպուլացնել դուրսգրումները: Կոռուպցիոն ռիսկեր կան՝ յուրայիններին բոնուսային համակարգում առանց հիմքերի ներառելու համար: Դրամարկղում որոշակի բոնուսային գումարներ են լինելու, որը կարող է օգտագործվել ապահովագրավճարն ավելի քիչ օգտագործելու, սպորտային համալիրներ գնալու համար, կարող են գրել՝ այս մարդն էլ չի ծխում, քաշի խնդիր չունի՝ և տան մեկ այլ մարդու: Սա պետք է վերանայվի», -եզրափակեց Վարդանյանը:

Հանրության շրջանում չի թուլանում լարվածությունը․ Արշակ Կարապետյան

ՀՃՇ-ն մասնակցել է Սոչիում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին

Սկզբնական շրջանում Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպել եմ