Ռուս-ուկրաինական վերջին բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ սկսվել է գերեվարված զինծառայողների փոխանակման նոր փուլը։ ՌԴ ԶՈՒ 25 տարեկանից ցածր զինծառայողների առաջին խումբը վերադարձվել է ռուսական կողմին։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 2-ին ձեռք բերված ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների համաձայն, Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքներից հունիսի 9-ին վերադարձվեց մինչև 25 տարեկան ռուս զինծառայողների առաջին խումբը։ Փոխարենը, Ուկրաինայի զինված ուժերին նույնքան ռազմագերիներ են փոխանցվել»,- նշված է հաղորդագրությունում։
Թե քանի ռազմագերի է փոխանակվել կողմերի միջև, չի հստակեցվում։
Նշվում է նաև, որ վերադարձված ռուս զինծառայողները այժմ գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ առաջին բուժօգնություն ու հոգեբանական աջակցություն ստանալուց հետո կտեղափոխվեն ՌԴ տարածք։
Հիշեցնենք ՝ հունիսի 2-ին ուկրաինական կողմի հետ բանակցությունների երկրորդ փուլից հետո ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակել ծանր վիրավորում ստացած, ինչպես նաև երիտասարդ՝ մինչև 25 տարեկան զինծառայողներին։
Մեդինսկին նշել էր, որ յուրաքանչյուր կողմից կփոխանակվի առնվազն 1000 զինծառայող և հավելել էր, որ հնարավոր է նույնիսկ՝ հազարից ավելի զինծառայողներ փոխանակվեն։