ԱՄՆ հատուկ ծառայություններից գործուղվածներն են բզիկ-բզիկ անում եկեղեցին. «Հրապարակ»

Հայ համայնքի ամերիկաբնակ գործիչ Սարգիս Զելվեյանը Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների ֆոնին բաց նամակներով դիմել էր Արամ Առաջին կաթողիկոսին եւ հայ հոգեւորականությանը՝ կարեւորելով միասնությունն ու համատեղ ճակատով այս պատերազմին դիմակայությունը:

«Հրապարակի» հետ զրույցում Զելվեյանը նշեց, որ ԱՄՆ-ում հոգեւոր ծառայություն մատուցող Հովնան սրբազանի հետ դեռեւս 2018 թվականի իշխանափոխությունից հետո են հանդիպել, եւ ինքը հորդորել է ազգային կեցվածք դրսեւորել, թե ինչ դիրքորոշում ունի ապազգային, հակահայ կառավարության ու նրա քայլերի նկատմամբ: «Դժբախտաբար, ոչ մի կեցվածք չի դրսեւորել սրբազանը՝ առարկայական գետնի վրա, սակայն բազմիցս տեսել ենք, թե ինչքան համառությամբ, ինչ հյուրասիրությամբ դիմավորել եւ ճանապարհել են օրվա մարիոնետային, խամաճիկային, թրքաբարո կառավարության ներկայացուցիչներին, ինչը շատ մեծ մտահոգություն էր առաջացրել համայնքում: Սակայն, վերջին իրադարձություններից հետո, երբ գերեվարված են 4 սրբազաններ, համատարած ճնշումներ են հոգեւորականների վրա, երբ փաստացի բռնազավթում են եկեղեցիները Հայաստանում, այս պահին, այս իրականության մեջ կրավորական կեցվածք կամ լռակյաց, դիպլոմատիկ ինչ-որ կեցվածք դրսեւորելու ժամանակներն արդեն անցել են: Հիմա ժամանակն է, որ արդեն պարզ, հստակ կեցվածք դրսեւորի յուրաքանչյուր հոգեւորական: Կա՛մ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ է, կա՛մ Փաշազադեի հետ է. Նիկոլի հետ չեմ ասում այլեւս, քանի որ ինքն ընդամենը հրամաններ կատարող խամաճիկ է: Յուրաքանչյուր հայ մարդու առաջ ընտրություն է՝ կա՛մ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ ես, կա՛մ՝ Փաշազադեի հետ»,- ասաց Զելվեյանը:

Ամերիկաբնակ գործիչն օդում կախված լուրերի է տիրապետում, որ Եկեղեցին պառակտելու որոշակի սցենար կա՝ փորձելու են ստեղծել նոր պատրիարքություններ: Ըստ այդ սխեմայի՝ ստեղծվելու են ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Իրանի պատրիարքություններ, մյուս՝ սփյուռքի թեմերն ու եկեղեցիներն անցնելու են Կիլիկիո կաթողիկոսության վերահսկողության ներքո, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մնալու է միայն հայաստանյան թեմերի առաջնորդ:
«Մենք արդեն ունենք Կիլիկիո տան կաթողիկոսություն, Պոլսի եւ Երուսաղեմի պատրիարքություն, հիմա սրանք ուզում են 3 նոր պատրիարքություններ ստեղծել՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Իրանի, եւ վերաձեւավորել ամբողջ կառույցը՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու»,- շեշտեց Զելվեյանը: Նա նշեց, որ ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից ուղղորդվում են եւ ավետարանչական քարոզիչների անվան տակ Հայաստանում տարիներ շարունակ «թափառում են» կոնկրետ մարդիկ՝ Ջեյքոբ Փիեսլի, Ջոել Թեննի, Դոնալդ Վիլսոն Բուշ, ովքեր «ոչխարի մորթի հագած գայլեր են» ու աշխատում են այդ ուղղությամբ:

«Ջոել Թեննին, որ միանգամից սկսեց հայերեն խոսել, հորովել երգել, սրանք բոլորը գործակալներ են, որ գործուղված են Հայաստան՝ բզիկ-բզիկ անելու Եկեղեցին»,- ասաց Զելվեյանը:

Ինչ վերաբերում է Արամ Առաջինի երկարատեւ լռությանը՝ Մայր Աթոռի դեմ հարձակումների ժամանակ, ամերիկահայ գործիչը նկատեց, որ նրա կեցվածքը սփյուռքում տեւական ժամանակ քննադատությունների է արժանանում: «Որոշ ժամանակ նույնիսկ ծաղրանքի էր արժանանում, այդ դերասանական, հռետորական հայտարարությունները, երբ գործնական ոչինչ չկա, հակառակն են ցույց տալիս: Իր բոլոր այցելություններն ու հանդիպումներն արդեն իսկ մտահոգիչ են ու մտածելու տեղիք են տալիս»,- եզրափակեց Սարգիս Զելվեյանը:

 

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն