Մենք ոգեկոչում ենք սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը՝ հայ ժողովրդի հանդեպ նման ոճրագործությունները կանխելու հանձնառությամբ. գեներալ Կարապետյան

Սիրելի հայրենակիցներ,
Այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթում հայերի դեմ իրականացված
ջարդերի զոհերի հիշատակը։ 38 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 27-29-ը, Սումգայիթի հայ բնակչությունը ենթարկվեց անասելի դաժանությամբ ուղեկցվող զանգվածային սպանությունների և վայրագությունների։
Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների ծրագրմամբ և իրավապահների թողտվության պայմաններում իրականացվեցին Սումգայիթ քաղաքի հայ բնակչության ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավորները` բռնի տեղահանվեցին:
Սումգայիթյան ոճրագործությունը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպական մայրցամաքում ինքնության հողի վրա կատարված առաջին զանգվածային ոճրագործությունն էր, որին հաջորդեցին Ադրբեջանի կողմից առավել ծրագրված և մեծ մասշտաբներով իրականացված նոր ոճիրներ՝ Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում և Արցախի օկուպացված այլ տարածքներում՝ Շահումյանի, Մարտակերտի և Մարտունու առանձին հատվածներում։
Այս շղթայական իրադարձությունները, ինչպես դրանցից առաջ Նախիջևանի ամբողջական հայաթափումը, ցույց տվեցին, որ հիշյալ ոճրագործությունները ոչ թե ազգայնամոլության հիմքի վրա բռնությունների առանձին դրվագներ էին, այլ պետականորեն ծրագրված և իրականացված հայատյացության քաղաքականության հերթական դրսևորումներ։ Այդ քաղաքականության հետևանքով Խորհրդային Ադրբեջանից բռնի տեղահանման ենթարկվեց շուրջ 650 հազար էթնիկ հայ:
Այսօր էլ, անտեսելով անգամ հեղինակավոր միջազգային դատական ատյանների վճիռները, Ադրբեջանը բացահայտ կերպով շարունակում է ոչնչացնել, պղծել և վանդալիզմի ենթարկել արդեն շուրջ 2,5 տարի հայաթափված Արցախի հայկական պատմամշակութային կոթողները ու սրբավայրերը, նպատակ ունենալով ջնջել հայկական հետքը իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Միևնույն ժամանակ՝ ամենաբարձր մակարդակով շարունակում է հայության նկատմամբ ատելության քարոզը, ինչը նպատակ ունի երկու ժողովուրդներին հնարավորություն չտալ հաղթահարելու թշնամության մթնոլորտը:
Երեսունութ տարվա ընթացքում փոխվել են շեշտադրումները՝ ջարդարարների հերոսացումից մինչև զոհերին ջարդերի կազմակերպման մեջ մեղադրելը (դրա վառ ապացույցը՝ Բաքվում ընթացող «դատավարությունը»)։ Անփոփոխ են մնացել Ադրբեջանի կողմից իրականացված մարդու իրավունքների զանգվածային և ծանրագույն խախտումների համար որևէ պատասխանատվություն ստանձնելու ցանկության բացակայությունը և հայերի հանդեպ ունեցած ցեղասպան մտադրությունը։
Այսօր հարգանքի տուրք մատուցելով Սումգայիթում և այլ բնակավայրերում իրագործված հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին՝ կրկին ընդգծում ենք, որ Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունն ու առավելապաշտական նկրտումները և ագրեսիվ գործողություններն անթույլատրելի են:
Մենք ոգեկոչում ենք սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը՝ հայ ժողովրդի հանդեպ նման ոճրագործությունները կանխելու հանձնառությամբ։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ
գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ուղերձը

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն