Իմ և Փաշինյանի մեջ սեպ մի՛ խրեք, դա անիմաստ է. Անդրանիկ Քոչարյան

Իմ «պաշտոնանկության» հարցով քննարկում ֆրակցիայում չի եղել: Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկություններին, թե իրեն հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու գործընթաց է սկսվել ՔՊ-ում:

Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց, որ ինքը կուսակցությունում թև չունի.

«Անդրանիկ Քոչարյանի թևը դա թև չէ, դա պաշտպանության հանձնաժողովի անդամներն են, որոնց հետ մենք ներդաշնակ աշխատում ենք: Երբ որ թևեր առաջանան, մեր պետությունը մտածելու, մտահոգվելու տեղիք կունենա»,- ասաց նա:

Իր մասին լուրերի արտահոսքը Քոչարյանը պատահական չի համարում.

«Անթույլատրելի արտահոսք էր, և ես միամիտ մարդ չեմ, իհարկե, իմ մասին այդ արտահոսքը պատահական չէր»,- ասաց նա:

Նա նաև նշեց, որ հակասություն չունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ.

«Պարոն Սիմոնյանն ԱԺ նախագահն է, ես՝ Պաշտպանության հանձնաժողովի նախագահը, պարզապես, երկրում տիրող անվտանգային իրավիճակն այնպիսին է, որ այս հանձնաժողովը շատ ակտիվ է, բնականաբար, եթե հանձնաժողովն ակտիվ է ու տալիս է բավականին  արդյունավետ քննարկումներ ու արդյունքներ, հանձնաժողովի ու հանձնաժողովի նախագահի հեղինակությունը բարձրանում է։

Եթե ինչ-որ մարդկանց դա հուզում է՝ ինձ չի հուզում, որովհետև տարիներ շարունակ ես այս ալիքների վրայով եկել եմ, եղել եմ և՛ իշխանություն ,և՛ ընդդիմություն, ամեն ինչի միջով անցել եմ և հիմա նստած եմ այն աթոռին, որին նստած է եղել Վազգեն Սարգսյանը»,- հայտարարեց նա:

Քոչարյանը նաև ասաց, որ կուսակցությունում չպետք է իրենից վտանգ զգան․

«Ես ասել եմ մի անգամ՝ իմ և Փաշինյանի մեջ սեպ մի՛ խրեք, դա անիմաստ է. սեպ խրողների թիվը գնալով շատացել է»,- ասաց նա:

ՀՀ քաղաքացու սոցիալական փաթեթը. ՀՃԿ-ն կլոր սեղան-քննարկում անցկացրեց

Արշակ Կարապետյանը՝ Իսրայելի և Իրանի մասին

Սփյուռքի օգնություն մեզ պետք է, Փաշինյանը` ոչ. հարցում