Դիվերսա՞նտ ունենք
Ինչպես ասում են, «քիչ էին դարդերը», երեկոյան էլ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ «տվյալներ է ստացել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ»՝ Ռանչպար գյուղի մոտակայքում։ Գյուղը Թուրքիայի հետ սահմանից հեռու է ընդամենը 250 մետր, տեղում նաև ռուսական սահմանապահ ուղեկալ կա։ Ըստ տարածվող տեղեկությունների՝ դեպքը հայտնաբերվել է դեկտեմբերի 11-ին։ Իսկ «դեպք» ասելով՝ նկատի ունենք այն, որ վնասված է փշալարը և կան ոտնահետքեր։ Ու ի՞նչ է ստացվում։ Որ հայ հասարակությունը մի քանի օր որևէ բան այս մասին չի եղել։ Իսկ եթե դիտարկենք այն, որ սա ընդամենը ինֆորմացիոն «բադիկ» է, որը պետք է նախորդի «Տեսե՜ք, ռուսները սկի իրենց վստահված սահմանը չեն կարողանում պահել, եկեք հանենք նրանց սահմանից» իշխանական պնդումների՞ն։
Եթե կա դիվերսանտ ու մենք դրա մասին տեղեկություն չունենք, շատ վատ է։ Եթե սա պարզապես ինֆորմացիոն «օպերացիա» է՝ նույնպես։ Այնպես որ սպասենք այս թեմայով տեղեկատվական հոսքերին։
«Խաղաղության» ճանապարհը բացվե՞լ է
Ու մինչ Հայաստանում փորձում են հասկանալ, վերջը թուրք դիվերսանտներ կան, թե ոչ, իշխանական մամուլն ակտիվորեն տարածում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն ասածը, թե «Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի գործոն չկա»։ Ու տեսնես ինչո՞ւ են մոռանում նրա միևնույն հարցազրույցի այլ մանրամասները։ Օրինակ այն, որ «Ֆրանսիան, ի հեճուկս միջազգային իրավունքի, մասնակցում է Հայաստանի սպառազինման ծրագրին» ու որ «Բաքվին և Երևանին խաղաղ բանակցություններ վարելու համար միջնորդ պետք չէ»՝ մատնանշելով նաև այն, որ Հայաստանը պետք է հրաժարվի ԵՄ դիտորդներից։ Եթե ավելի պարզ, ապա Հաջիևն ասում է, որ մենք ստանում ենք, ինչ ուզում ենք, մեզ ոչ մեկը պետք չէ, բայց մեզ խանգարում են՝ Հայաստանին «զինելով»։ Հետաքրքիր է՝ Ադրբեջանը կուզենար Ֆրանսիայից Հայաստան եկող մեքենաներով զինվել…
Սրան զուգահեռ՝ Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովնա սում է, որ «Խաղաղության պայմանագրի 2 կետում բաց հարցեր ունենք» ու որ «Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջին որոշումն էլ ավելի է բարդացրել հարցը»։ Ստացվում է, որ Փաշինյանի «ֆռցնոցին» չի անցել։
Բայց այ կարծես թե մի ուրիշ «ֆռցնոցի» անցնում է՝ արդեն հայ հասարակության համար։ Մասնավորապես այն մեկը, թե «Զանգեզուրի միջանցք չի լինելու»։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն արդեն իսկ հայտարարել է, որ այն ստանալու են, ու այնքան համոզված են, որ դրա վրա մեծ ներդրումներ են արել։
Ու մինչ Հայաստանում Փաշինյանի բլոգերական կարիերային են հետևում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում հանդիպել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Զիյա Ջեմալ Քադըօղլուի հետ։ Բացի Հայաստանի «զինվելուց» բողոքելուց՝ քննարկել են նաև հայ-ադրբեջանական սահմանին ներկա օպերատիվ իրավիճակը։
Էլի «լափից» է խոսել
Հայաստանի կառավարության ու հատկապես դրա ղեկավարի համար աշխարհաքաղաքական իրադրությունը, որը ներկայումս ամբողջ աշխարհում ամենամեծ մտահոգության թեման է, մտքի «ծանր սնունդ» է։ Նրան հետաքրքրում է ժողովրդի կերած բուդը։ Ու նա բոլորովին էլ դեմ չէ, նաև այդ բդի համար վերցրած ու այդպես էլ չմարված 218.000 հազար անհուսալի վարկառուների մինչև 1 մլն դրամ վարկերը մարել։ Բա մարդը քարոզարշավ է անում։
Իսկ այ, որ այդ վարկերը մարի, մյուս հարկատուներին պիտի քերթի, որովհետև՝ «Մեր մենթալիտետի մեջ մտած է, որ մեր պետությունը մեր թշնամին է, մեր պետությունը մեր հակառակորդն է» ու դրա համար հարկ չեն վճարում։ Չեն վճարում, որովհետև դա ի վերջո վերածվում է միլիարդավոր «կորած» դրամների ու Աննայի լավ ապրելու, մի քիչ «կրթվելու» մղումները բավարարելուն։
Աննա որոշել է կրթվե՞լ
Աննան, ի դեպ, սեփական փորձով է որոշել կրթվել։ Հիմա էլ նա ի լուր աշխարհի «ավետել» է, որ TOEFL է պարապում, որ մագիստրոսի կոչում ստանա։ Բայց որ քարոզարշավն ավելի ամբողջական ստացվի, հերթական հրապարակման մեջ գրում է, թե շնորհակալ է «ընդդիմադիր հայացքներ ունեցող հայրենակիցներին՝ կրթվելն առաջնահերթություն ճանաչելու համար»։ Իբր իրեն նույնիսկ ընդդիմությունն է աջակցում։ Աննային ասենք, որ իր տիտանական ջանքերը՝ կրթված լինելու ու իբր ընդդիմադիրների համակրանքին արժանանալու մասով, ոչ մի կերպ չի հաջողվում։ Ու ակամայից հիշում ես «բոշի ու յուղի» մասին ասույթը։
Որտե՞ղ է մի տարի առաջ ցեղասպանություն եղել
Հայաստանի իշխանությունները որքան վարպետ են մանիպուլյատիվ բովանդակություն ստեղծելու մեջ, այնքան ապաշնորհ են իսկապես կարևոր թեմաներում։ Այնքան ապաշնորհ, որ անգամ հենց Երևանում կայացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը չեն կարողանում հօգուտ Հայաստանի օգտագործել։ Օրինակ, ցեղասպանությունը ոչ առաջին առաջնահերթություն համարող ԱԳՆ Արարատ Միրզոյանը ասում է, թե մեր տարածաշրջանում անցյալ տարի տեղի ունեցած ցեղասպանության կանխման հարցով «Աշխարհն անկարող եղավ» ու միայն «համախոհությունն է, որը թույլ կտա հաղթահարել հուսահատության շղթան և պայքարել իրավունքահեն աշխարհակարգի վերականգնման ուղղությամբ»։ Միրզոյանին մի շարք հարցեր կան։ Օրինակ, այդ ո՞ր ցեղասպանության մասին է խոսում։ Ու ինչո՞ւ է ակնարկում։ Գուցե մեր մտածած արցախցիների բռնի տեղահանունը նկատի չունի, ի՞նչ իմանանք։
Բայց հո ինքն ու ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողը չե՞ն նեղացնի հարևաններին։ Դրա համար ՀՀ պաշտոնական դիրքորոշման փոխարեն լսում ենք «մլավոցին» համարժեք ու ոչինչ չասող տեքստ։ Ու մեր փոխարեն թեման բարձրացնում են օտարները, ասենք Լուիս Մորենո Օկամպոն կամ Անտոնիո Գուտերեշը։ Մեզ մեր ոխերիմ հարևանները փաստացի արգելել են խոսել Հայոց ցեղասպանության ու դրա նորօրյա դրսևորումների մասին։
Մերձավոր Արևելք
Իսկապես նորօրյա ցեղասպանություն հայերի հանդեպ բացառված չէ նաև հիմա՝ Սիրիայում, որտեղ իշխանությունը վերցրած ահաբեկիչներն արդեն սկսել են ազգային ու կրոնական փոքրամասնությունների «չիստկան»։ Ու ահաբեկիչներից բացի՝ առաջ են գնում նաև թուրքական ՊՆ ուժերը՝ առաջխաղացում ապահովելով հատկապես երկրի հյուսիսում։ Սիրիայում անկայունության շարունակականության մասին ամբողջ աշխարհն է խոսում։
Բայց սա Մերձավոր Արևելքում միայն անհանգստության կետը չէ։ Մամուլը գրում է այն մասին, որ Թրամփը չի բացառել Իրանի հետ պատերազմի հնարավորությունը՝ այդ պետության միջուկային ծրագիրը զսպելու համար։ Մյուս կողմից, Իրանից են ասում են այն մասին, որ գուցե և միջուկային դոկտրինը փոփոխելու անհրաժեշտություն լինի։ Սա իհարկե դեռ ոչ պաշտոնական մակարդակում, բայց արդեն իսկ խոսակցությունները գնում են։ Ու բոլորովին էլ պատահական չէ Նեթանյահուի այն հայտարարությունը, թե Իսրայելը խաղաղություն է ցանկանում «ազատ Իրանի» հետ։
Քննարկել են տրանսպորտային հաղորդակցության հարցեր
Նյու Դելիում տեղի են ունեցել Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ երկրորդ խորհրդակցություններ, որին մասնակցել են Հնդկաստանի ԱԳՆ Պակիստանի, Աֆղանստանի և Իրանի տարածքային գլխավոր վարչության պետ Ջ. Պ. Սինգհը: Հայաստանի և Իրանի պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Անահիտ Կարապետյանը և ԻԻՀ ԱԳՆ Հարավային Ասիայի գլխավոր վարչության պետ Հաշեմ Աշջազադեն: Պետությունների ներկայացուցիչները քննարկել են դեռևս 2023թ. ապրիլին Երևանում կայացած նախորդ եռակողմ խորհրդակցությունների ընթացքում նախանշված կետերը՝ հաղորդակցային ուղիների նախաձեռնություններին, բազմակողմ հարթակներում ներգրավվածությանն ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Նախանշվել են նաև առևտրի, զբոսաշրջության և մշակութային փոխանակումների խթանման, մարդկանց միջև շփումների ամրապնդման ուղիները:
Ուկրաինայում սուրբծննդյան հրադադար չի լինի
Հետաքրքիր է, որ անվերջ խաղաղության մասին խոսող Զելենսկին մերժել է Օրբանի առաջարկը՝ սահմանել սուրբծննդյան հրադադար և գերիների վերադարձ։ Թե ինչն է այս մոտեցման մոտիվը, իսկապես հասկանալի չէ։ Եթե Զելենսկին մտածում է, որ մի քանի օր հրադադարը կարող է հարց լուծել ռազմաճակատում, դա ուղղակի ծիծաղելի է։ Բոլորը, այս անգամ՝ Սլովակիայի վարչապետը, խոսում են այն մասին, որ Ուկրաինան կկորցնի իր տարածքի մեկ երրորդը։
Բայց դա չի կանգնեցնում Զելենսկիին։ Հիմա էլ Կադիրովն է հայտարարել, որ Գրոզնիում ուկրաինական ԱԹՍ են խոցել, կա 4 վիրավոր։ Պարզ է, որ նման ոտնձգությունները չեն ներվելու, որքան էլ ԵԱՀԿ-ն հայտարարի, թե սկսելու է Ուկրաինան նախապատրաստել՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու համար։ Սա ուղիղ նշանակում է ՌԴ-ի կարմիր գծերը հատել, ինչը է՛լ ավելի է բարդացնելու իրավիճակը։
ԱՊՀ նիստին մասնակցել է Մհեր Գրիգորյանը
Ի դեպ, Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը, որին ՀՀ-ն ներկայացրել է Մհեր Գրիգորյանը։ Նա իր ելույթում ասել է, որ «Երևանը դրական է գնահատում ԱՊՀ-ում համագործակցությանն ուղղված ՌԴ-ի ջանքերը»։ Փաստորեն տնտեսական հարցերում մենք գոհ ենք ՌԴ ջանքերից, իսկ այ օրինակ ՀԱՊԿ-ի պարագայում՝ ոչ… Ֆանտաստիկ տրամաբանության է, ինչ խոսք։
Վրաստանում նոր վարչապե՞տ կլինի
Վրացական լրատվամիջոցները պնդում են, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պատրաստվում է լքել իր պաշտոնը։ Հաղորդվում է, որ նման որոշում է կայացրել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։
Ու կարծես թե վրացական ներքաղաքական անկայունությունն անցել է շենքի ներս, քանի որ ինչպես և պետք էր սպասել, Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ չի ճանաչի նոր նախագահի ընտրությունը։ Դե, ինչպե՞ս ճանաչի, եթե մանդատ չի վերցրել ու պառլամենտում կայանալիք այդ ընտրությանը չի մասնակցելու։
Ու սրանից բացի՝ ԵՄ-ում են շարունակում վիզաների մուրճը ճոճել։ Հիմա էլ փորձում են «որոշ անձնագրերով մարդկանց» վիզային ազատ ռեժիմից զրկել (պարզ է, չէ՞, ում նկատի ունեն)։
Միևնույն ժամանակ, ըստ Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկու, իրենք «չեն ցանկանում վնաս պատճառել կամ պատժել վրաց ժողովրդին»։ «Այդ մարդիկ ամեն երեկո դուրս են գալիս փողոց և ծածանում Վրաստանի ու Եվրամիության դրոշները։ Մեր նպատակը նրանց պատժելը չէ, մեր նպատակն է հզոր ազդակ հաղորդել իշխանություններին, որ անընդունելի են և՛ այն ճանապարհը, որը նրանք ընտրել են վերջին ամիսներին, և՛ հատկապես վերջին օրերին ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքը»,- ընդգծել է ԵՄ դեսպանը։ Իսկ Հայաստանի պարագայում ինչո՞ւ էին ընդունելի անգամներով ավելի դաժան մոտեցումները…


































