«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի թեզերը. Արշակ Կարապետյանի հեղինակային «Բնագիծ» հաղորդման 9րդ թողարկում «Բարձրագույն և միջին մասնագիտական կրթության համակարգը Հայաստանում»
Հայաստանի կրթական ոլորտի վիճակը կարելի է աղետալի անվանել։ Բարձրագույն կրթական համակարգը հասել է անվերադարձի կետին։ 2023 թ-ին վարչապետը հրապարակավ խոստովանեց, որ իր կառավարման հինգ տարվա արդյունքում «բուհական համակարգը խորը ճգնաժամ է ապրում»։ Վարչախումբը մտադիր է այս խնդիրը լուծել՝ պետական բուհերի թիվը հասցնելով ութի և տեղափոխելով դրանք Աշտարակի «Ակադեմիական քաղաք»։
Այս դիլետանտական քայլը կվատթարացնի իրավիճակը և իսպառ կվերացնի հայկական գիտական դպրոցի ձեռքբերումները, կհանգեցնի կրթական լավագույն ավանդույթների վերջնական կորստին և կրթությունը անհասանելի կդարձնի շրջանավարտների մեծ մասի համար, հատկապես՝ գյուղական դպրոցների։
Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ներկայիս իրավիճակը հետևյալն է.
Հայաստանում գործում են 23 պետական համալսարան, այդ թվում՝ չորս միջազգային, և 33 արտոնագրված մասնավոր բուհ։ Վերջին յոթ տարիների ընթացքում դրանց ուսանողների թիվը նվազել է 5 հազարով։ Սակայն, ըստ շատ տարօրինակ պաշտոնական տվյալների, բարձրագույն կրթության ուսանողների թիվը գնալով աճում է։
Օրինակ․ 2022 թվականին դպրոցների շրջանավերտների թիվը կազմել է 19 հազար մարդ, ընդունվել են բուհ մոտ 10 հազարը։ Արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, ուսանողների թիվը 79 հազարից հասել է 80 հազարի։ Միաժամանակ 2024 թվականի ապրիլի 12-ին ակադեմիական քաղաքի հարցի քննարկման ժամանակ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց. «2006 թվականից ի վեր բուհերում ուսանողների թիվը նվազել է ավելի քան 32 տոկոսով»։ Եվ ո՞ւմ հավատալ։
Մյուս ցուցանիշները ևս տարօրինակ են թվում․ 2023 թվականին բուհերն ավարտել է 19 հազար մարդ։ Ընդ որում, հինգ տարի առաջ ընդունվածների թիվն ընդամենը 9,5 հազար էր։ Կրկին՝ կեղծ վիճակագրություն։
2024 թվականին բուհերում հատկացվել է մոտ 28 հազար տեղ։ 12-ամյա դպրոցի շրջանավարտների թիվը փոքր-ինչ գերազանցել է 20 հազարը, որից միայն 13 հազարն է բուհ ընդունվել։ 15 հազար տեղ մնաց թափուր։ Հատկացված 2128 բյուջետային տեղեր են ընդունվել ընդամենը 1782 մարդ։ Նման պատկեր էր նաև վերջին 7 տարիների ընթացքում։ Հեռակա ուսուցման կրթական ծրագրերում մշտապես թափուր է մնում 2300-3000 տեղ։
Սա համակարգի խնդիր է։ Ակնհայտ է չափազանց բարձր առաջարկ, ուսման ուռճացված վարձ, որն անհասանելի է մեր երկրի քաղաքացիների ավելի քան կեսի համար։ Բարձրագույն կրթությունը անհասանելի է դառնում գյուղաբնակ երիտասարդների համար։ Խնդիրների զգալի մասը կարելի է կարճ ժամանակում լուծել վարչարարական ճանապարհով՝ եթե լինեն օբյեկտիվ տվյալներ և ռացիոնալ պետական մոտեցում։
Կրթությունը համարժեք ֆինանսավորման կարիք ունի։ Բյուջեում այս հոդվածի տեսակարար կշիռը 7 տարվա ընթացքում 8,27 %-ից նվազել է 7,21 %-ի։ Դա տարեկան 700 միլիոն դոլարից պակաս է: Մինչդեռ նախատեսվում է 4 տարվա ընթացքում «Ակադեմքաղաքի» նախագծին ծախսել ավելի քան 3 միլիարդ դոլար։ Ավելի լավ չի՞ լինի այս միջոցներն ուղղել առկա կրթական համակարգը բարելավելու նպատակին։
Անբավարար ֆինանսավորումը բուհերին ստիպում է բարձրացնել ուսման վարձը և կրճատել դասախոսների աշխատավարձը։ Դասախոսները ստիպված են լրացուցիչ եկամտի աղբյուր փնտրել։ Մանկավարժների ավելի քան 30 %-ն աշխատում է համատեղությամբ և ժամվճարային հիմունքներով: Սա ազդում է կրթության որակի վրա։ ՄԱԿ-ի փորձագետների հետազոտությունների համաձայն՝ 2023 թ-ին այս ցուցանիշով Հայաստանն աշխարհի 191 երկրների մեջ զբաղեցրել է 78-րդ տեղը։
Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում առկա է զգալի անհամաչափություն․ 23 պետական բուհերում կրթություն է ստանում ուսանողների 82,49%-ը, իսկ 33 մասնավոր բուհերում՝ ընդամենը 17,51%-ը։ Գերակշռող պետական և ցածր պահանջվածություն ունեցող մասնավոր կրթական համակարգերի միաձուլումը ակադեմիական քաղաքի հարթակում կկործանի պետական հատվածը, քանի որ դասախոսները կտեղափոխվեն մասնավոր՝ ավելի բարձր վարձատրվող հատված:
Մարզային բուհերի կրճատումը կսահմանափակի կրթության հասանելիությունը գյուղաբնակ երիտասարդների համար և կավելացնի քաղաքային ու գյուղական բնակչության միջև անջրպետը: Հետագայում դա կհանգեցնի երիտասարդների արտահոսքի՝ դեպի խոշոր քաղաքներ, ինչը նշանակում է գյուղատնտեսության վատթարացում և պարենային անվտանգության ոլորտում խնդիրների խորացում։
Առանձին հարց է ուսանողների մասնագիտական կողմնորոշումը: Այսօր դիմորդների շրջանում տարածված են տնտեսագիտությունն ու կառավարումը, բժշկությունը, մշակույթը և արվեստը: Քչերն են ընտրում ճշգրիտ գիտություններ, ճարտարագիտություն, շինարարություն, թեպետ հենց այդ մասնագիտություններն են կազմում երկրի տնտեսության հիմքը։
Այս ամենը վկայում է պետական պլանավորման համակարգի լուրջ շեղվածքի մասին, որը բերում է Հայաստանի գիտատեխնիկական և արդյունաբերական ներուժի ոչնչացմանը։ Պետության կողմից պահանջված մասնագիտությունների ուսուցումը պետք է իրականացվի բյուջետային հիմունքներով։ Պետք է կարգավորել աշխատաշուկայի գերհագեցումը նաև վճարովի կրթության սակագների միջոցով։
Կրթական համակարգում խախտված է հավասարակշռությունը օտար լեզուների ուսումնասիրության հարցում։ 90-ականների սկզբին ընդունված «Լեզվի մասին» օրենքը փակեց հանրապետության շատ ռուսական դպրոցների դռները, մինչդեռ Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի տնտեսության մեջ հասնում է 50%-ի։ Չնվազեցնելով անգլերենի և այլ լեզուների իմացության անհրաժեշտությունը՝ նշենք, որ դուրս մղել ռուսերենը առնվազն անիմաստ է։
Միջին մասնագիտական կրթական համակարգը ավելի բարվոք վիճակում է։ Օրինակ, ուսանողների 95%-ն այստեղ անվճար է սովորում։ 2024 թվականին արհեստագործական կրթական ծրագրերով ընդունվել է գրեթե 4 հազար դիմորդ, իսկ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ՝ ավելի քան 11 հազար դիմորդ։
Սակայն երկրում մասնագիտական կադրերի քանակը միանշանակ անբավարար է արդյունաբերության և դրա առանձին ոլորտների պահպանման ու զարգացման համար։ Հարկավոր է պատրաստել բանվորական մասնագիտությունների գծով որակյալ կադրեր։ Կարելի է կառուցել տասնյակ գերժամանակակից ձեռնարկություններ, բայց աշխատող չունենալ։
Պաշտոնական վիճակագրության շահարկումը առաջխաղացման ու բարգավաճման պատրանք է ստեղծում, բայց իրականում իշխանությունը ոչնչացնում է բարձրագույն կրթությունը։ Իրավիճակը շտկելու համար հրատապ միջոցներ են հարկավոր։ Եթե ցանկանում եք փրկել երկիրը, համախմբվե՛ք «Համահայկական ճակատ» շարժման շուրջ։
Մենք կոնկրետ առաջարկներ ենք պատրաստել՝ բարձրագույն կրթության համակարգում առկա իրավիճակը հիմնովին փոխելու համար. խոսքը «Հայաստանի քաղաքացու միասնական սոցիալական փաթեթ» նախագծի մասին է։ Այն կքննարկվի «ԲՆԱԳԻԾ» հեղինակային հաղորդաշարի հաջորդ թողարկմանը։

































