Նոյեմբերի 27-ի այս պահի դրությամբ՝
Հայաստանում տրանսպորտային քաոս է։ Ողջ գիշեր տեղացած ձյան պատճառով՝ Հայաստանում կան փակ ճանապարհներ ու մայրուղիներ։ Ձյուն մաքրող տեխնիկան աշխատանքի է դուրս եկել միայն այսօր առավոտյան։
ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին։ Հիշեցնենք, որ նա «չէր անցել» Արդարադատության նախարարի ներքպական «քննությունը»։ Դեռ այն ժամանակ էին խոսակցություններ գնում՝ Սիրունյանին ԲԴԽ տանելու մասին։
Վրաստանի նախագահի պաշտոնում առաջադրվել է նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը։
Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել։ Ըստ տեղեկությունների՝ Իսրայելն ամբողջ գիշեր հարվածել Է Լիբանանի քաղաքներին, սակայն հրադադարի մասին հայտարարումից հետո Լիբանանի հարավի բնակիչները սկսել են վերադառնալ իրենց տները։
Լեհաստանի հեռացող նախագահի այցը Հայաստան
Հայաստանում էր Լեհաստանի հեռացող նախագահ Անժեյ Դուդան, որը հայտնի է իր կոշտ հակառուսական հայտարարություններով։ Հեռացող նախագահի այցելությունը գուցե այդքան կարևոր չլիներ, եթե մյուս տարի Լեհաստանը ստանձնելու չլիներ ԵՄ նախագահությունը։
Բայց ամեն ինչ սկսենք սկզբից։ Դուդան, մինչև դիմավորման պաշտոնական արարողությունը այցելել է Ծիծեռնակաբերդ։ Սա վերջին շրջանում ընդունված տարբերակ է, քանի որ ամենայն հավանականությամբ, հայկական կողմը ոչ մի կերպ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունը չի ուզում մտցնել պաշտոնական արարողակարգ (տեխնիկապես այցը սկսվում է պաշտոնական դիմավորման արարողությունից)։ Այնուհետև Դուդային դիմավորել է ՀՀ նախագահը (փաստորեն մեկ-մեկ պետք է գալիս), որի հետ նաև մամուլի ասուլիս եղավ՝ սկանդալային հայտարարությամբ. «ՌԴ-ն ցանկանում է դոմինանտ գործողություններ իրականացնել նաև այս տարածաշրջանում»,- ասել է Դուդան։ Նա նաև խոստումներ է տվել՝ ջանքեր գործադրել՝ Հայաստանը ԵՄ-ին միացնելու, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում պատրաստակամության մասին։
Մոտավորապես այս նույն թեմաներն են քննարկվել նաև Ալեն Սիմոնյանի, Նիկոլ Փաշինյանի հետ։
Ու թեև Դուդան գնաց Հայաստանից ու շուտով լքելու է նաև իր պաշտոնը, նրա այցելությունից մնաց դեռևս թղթերով ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանում հակառուսական հայտարարությունը, որը անհետևանք մեզ համար չի մնալու։ Կարճ ասած՝ Դուդան շահեց, մենք՝ ոչ։
Թրամփն այլևս մեղավոր չէ
ԱՄՆ արդարադատության նախարարությունը կարճել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դաշնային բոլոր գործերը։ Այս մասին հանրությանը տեղեկացրել է հանրապետական անցումային թիմի հաղորդակցության հարցերով տնօրեն Սթիվեն Չունը՝ որոշումն անվանելով «օրենքի գերակայության մեծ հաղթանակ»։ Այնպես որ, ԱՄՆ-ի ընտրված նախագահն այլևս մեղավոր չէ։ Սա շատ բան է ասում ամերիկյան արդարադատության մասին, բայց միևնույն ժամանակ ցույց է տալիս նախագահի ինստիտուտի ու հատկապես այս պարագայում Թրամփի հանդեպ վերաբերմունքը։
Թույլատրել են հարվածել ՌԴ խորքերը
Սպիտակ տնից հաստատել են, որ թույլատրել է Կիևին հարվածել ՌԴ խորքում գտնվող թիրախներին՝ «ինքնապաշտպանության համար»։ Հիշեցնենք, որ նախապես հայտնի էր դարձել Մեծ Բրիտանիայի թույլատվության մասին։ Այս շքերթին է միացել նաև Ֆրանսիան« որը որոշել է զենք մատակարարել Ուկրաինային՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները։
Սակայն սա բոլորովին չի կասեցնում Ռուսաստանի առաջընթացը շփման գծի երկայնքով՝ հատկապես Կուրսկում։ Բացի «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներ ու հարյուրավոր անօդաչուներ գործի դնելուց՝ ՌԴ-ն նաև այլ՝ դիվանագիտական գործիքներով էլ է մարտեր վարում։
ՌԴ ԱԳՆ կանչված Մեծ Բրիտանիայի դեսպան Նայջել Քեյսին բողոք է ներկայացվել դեսպանատան աշխատակցի կողմից կեղծ տեղեկություններ ներկայացնելու համար: «ՌԴ-ն Բրիտանիայի քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տալիս վիզային դիմումներ ներկայացնելիս հայտնել միայն հավաստի տեղեկություններ իրենց անցյալի մասին: Մոսկվայում չեն հանդուրժի Ռուսաստանի տարածքում բրիտանական հատուկ ծառայությունների չհայտարարագրված աշխատակիցների գործունեությունը»,- ասում է հաղորդագրությունում ու նշում, որ ՌԴ-ն անհապաղ հայելային պատասխան կտա, եթե Լոնդոնը գնա իրավիճակի սրման Մոսկվայից բրիտանացի դիվանագետի արտաքսումից հետո։
— Դրանից բացի՝ Մոսկվան պատժամիջոցներ է սահմանել Բրիտանիայի 30 քաղաքացու, այդ թվում՝ փոխվարչապետի, ներքին գործերի, արդարադատության, առողջապահության և ֆինանսների նախարարների, անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունների ղեկավարության ներկայացուցիչների, The Times և Daily Mail թերթերի լրագրողների նկատմամբ:
«Որպես պատասխան բրիտանական կողմի թշնամական գործողություններին՝ որոշում է ընդունվել ռուսական ստոպ-ցուցակում ներառել հակառուսական ոլորտում իրենց դրսևորած քաղաքական իսթեբլիշմենթի, ռազմական բլոկի, բարձր տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկությունների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի լրագրողական կորպուսի մի շարք ներկայացուցիչների»,- մասնավորապես ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունում:
ԱՊՀ հետախույզների հավաք էր
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ հետախուզական ծառայությունների հանդիպումը, որի պատվիրակներին դիմել է Պուտինը։ Ինչպես ասել էինք, դրան մասնակցել է նաև Հայաստանը, որն ի պաշտոնե պետք է ներկայացներ Քրիստիննե Գրիգորյանը։ «Աշխատանքային հրատապ խնդիրներով պայմանավորված՝ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) պետ Քրիստիննե Գրիգորյանը չի մասնակցել երեկ Մոսկվայում կայացած ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների նիստին»,- ծառայությունից ասել են լրատվամիջոցներին ու հավելել, որ, նիստին մասնակցել է ծառայության ներկայացուցիչն՝ առանց անուն նշելու։ Պարզ է, որ Արևմուտքի հետ ուղիղ կապ ունեցող Գրիգորյանը, որ ամենայն հավանակությամբ ոլորտից ոչինչ էլ չի հասկանում, հազիվ թե լիներ նիստին։
—
Հայաստանը նաև խնդրանքով դիմել է, որ ԵԱՏՄ գագաթնաժողովը անցկացվի Ռուսաստանում՝ մասնավորապես Սանկտ Պետերբուրգում։ Միջոցառման կազմակերպումից հրաժարվում ենք, իսկ այս նիստը նախագահելու հաճույքից Փաշինյանը իրեն զրկել չէր կարող։ Դրան զուգահեռ՝ մենք մեծ սիրով կոմիտե ենք ստեղծում՝ COP17-ի կազմակերպման նպատակով։
ԱՄՆ վերահսկողության տակ են
ԱՄՆ-ն, հատկապես վերջին նշանակումից հետո, է՛լ ավելի շատ կվերահսկի ՀՀ ՆԳՆ։ Ու դրա դրսևորումներից մեկն էլ այն է, որ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։
ԱՄՆ-ն ձեռքը պուլսին է պահում, էլի…
Ուդիները նոր եկեղեցի ստացան
Ադրբեջանի իշխանությունները Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել են ուդի համայնքի տնօրինությանը։Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ «1993-2020 թվականների օկուպացիայի ժամանակաշրջանում հայերը փորձել են կեղծել տաճարի պատմությունը՝ փորձելով այն ներկայացնել որպես իրենցը, իսկ ազատագրումից հետո վերադարձվել է նախնական տերերին»։
Մինչդեռ, Դադիվանքի վաղեմության ու հայկականության մասին փաստում են վանքի պատերի վրա պահպանված արձանագրություններն ու վանքի տարածքում գտնվող հնագույն խաչքարերը: Վանքի կառուցման մասին պատմական տեղեկություններ ու վկայություններ կան։ Բայց դա էլ էական չէ։
Եթե քո ունեցվածքին տեր չես կանգնում, հայտնվում է մեկը, որը սկզբում իրենով է անում, հետո «մեծահոգաբար» փոխանցում ուրիշներին՝ արանքում «մեծ մարդասերի» համբավ ձեռք բերելով։
Նոր սկանդալ՝ Ֆինանսների նախարարի շուրջ
Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսումնասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունները: Վերջինս, պարզվում է, կարողանում է 1 միլիոն դոլարի վարկ ստանալ՝ զրո տոկոսով, հեշտությամբ կարողանում է պետությանը տարբեր նպատակներով վարձով տալ իրեն պատկանող գույքը, գնել ու վաճառել մեքենաներ… մի խոսքով մի կծիկ, որից երևի միայն ինքն է գլուխ հանում։
Ու այս ամենը պարզ է դառնում Հովհաննիսյանի եկամուտների հայտարարագրերի ուսումնասիրությունից։ Փաստաբանները Հովհաննիսյանին ժամանակ են տվել՝ հրաժարական ներկայացնելու համար, որը համոզված ենք, որ տեղի չի ունենալու։ Բայց այս պատմության մեջ ամենակարևորն այն է, որ եթե այս պաշտոնյան այս կերպ է կառավարում ու ներկայացնում իր ֆինանսները, պատկերացրեք՝ ինչ «բարդակ» է Հայաստանի ֆինանսներում։
Փաշինյանը փորձում է վերադարձնել երբեմնի փառքը
Սափրվելու սիմվոլիկ արարողությունից հետո Փաշինյանը լիովին անցման փուլում է՝ դեպի 2018-ին նախորդող ոճ ու մոտեցումներ։ Նա սկսել է քաղաքացիների հետ ուղիղ կապը ֆեյսբուքով անել, իր մտքերն ու մոտեցումները այնտեղ կիսվել, հետևել մեկնաբանություններին (եթե դրանք առհասարակ բաց են լինում) և հասկանալ հանրային տրամադրությունները սոցցանցերում։
Հիմա էլ որոշել է պարզաբանել, թե հատկապես ինչն է եղել իր կադրային քաղաքականության հիմքը, որը, ըստ նրա, «ամենաշատ քննարկվող թեմաներից է»՝ 2018-ից սկսած։ Ու, օ՜, հրաշք։ Կադրերի ընտրության հարցում մասնագիտությունն ու փորձառությունը չեն առաջին տեղում, այլ այն, որ «Պաշտոններում առաջադրված մարդիկ կամ մասնակցել են հեղափոխությանը, կամ եղել են պետական կառավարման համակարգում» !!!!!!
Իհարկե, գուցե առաջիկայում այլ բանաձեւեր ևս կիրառվեն, «բայց վերը նկարագրված բանաձեւերը կդառնան կադրային քաղաքականության հենասյուներ»։
Դրա համար էլ երկիրը կոլապսի մեջ է։ Ու հետաքրքիր է, թե ով է Փաշինյանի նման զառանցանքների մասով խորհուրդ տվողը։ Չե՞ն ասում, որ սա ուղիղ ինքնախոստովանական ցուցմունք է։
ՔՊ-ում խժդժությունները շարունակվում են
ՔՊ-ում դեռ շարունակվում է Հովիկ Աղազարյանի շուրջ քննարկումը, այն ֆոնին, որ Փաշինյանի ՍՄՍ-ային կադրային քաղաքականությունից վախերը հասել են մարզեր։ Հայտնի է դարձել, որ Հովիկ Աղազարյանի ու Ալեն Սիմոնյանի զրույցն այնքան էլ հարթ չի անցել, ու անկախ վերջինիս մամուլի խոսնակի հերքումների և իմանալով նրա «հաբրգած» վարքագիծը՝ եղել է կոշտ զրույց՝ ճնշումներով ու սպառնալիքներով։ Զրույցի ընթացքում, ըստ մամուլի, Սիմոնյանն Աղազարյանին ասել է, թե «ինչ ես քեզ կինոյի տղու տեղը դրել»։ Ինքն՝ Աղազարյանն ասել է, թե «Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ արեց իմ գլխին»։ Իսկ հիմա ՔՊ-ի միակ ներքին ընդդիմադիր պատգամավորը սպասում է մանկական ընկերոջը, որի հետո խոսելուց հետո միայն կկայացնի իր որոշումը։ Իսկ ընկերը ժամանելու է Մոսկվայից ու պարզ չէ՝ երբ։
Հայաստանը՝ հին զենքերի երկիր
Այն բանից հետո, երբ ՀՀ ՊՆ-ն կոչ հղեց լրատվամիջոցներին, որ Հայաստանին մատակարարվող զենքերի մասին տեղեկություններ չհրապարակեն, եթե հենց ՊՆ-ն դրանց մասին չի խոսում, արդեն երկու նման տեղեկություն է շրջանառվել՝ մեկը Հնդկաստանից գնված զենքի առաջին խմբաքանակի առաքման մասին, և մյուսը այն, որ Աթենքը Երևանին C-300 համակարգեր կփոխանցի, նաև ասվում է, որ նախկինում Աթենքը մտադիր էր դրանք տրամադրել Ուկրաինային, սակայն «հետագայում սկսեց քննարկվել ոչ պակաս շահավետ այլընտրանքը»։ Еnikos.gr կայքի տվյալներով՝ Հունաստանի Զինված ուժերի զինանոցում գտնվող ռուսական սպառազինությունը Հայաստանին տրամադրելու նախաձեռնության հեղինակը Ֆրանսիան է։
Մեր ԱԳՆ-ն կամ ՊՆ-ն չեն մեկնաբանել լուրերը, բայց պարզ է, որ Եվրոպան ազատվում է ռուսական արդեն հնացած զենքից (ինչի մասին նաև Հայաստանի ռազմական փորձագետներն են խոսում)՝ Հայաստանը դարձնելով հին զենքի գերեզմանոց։
Ընդդիմությունն էլ հանգիստ չէ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որ ժամանակին աշխատել է Փաշինյանի թերթում, վերջին շրջանում բավական ինտենսիվ կապերի մեջ է իշխանական պատգամավորների հետ, վերջերս էլ ուղեկցում էր Ալեն Սիմոնյանին Վիետնամ կատարած այցի ընթացքում։ Երբ նրան այդ թեմայով հարց են հղել, ասել է, թե. «Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, չգիտեմ՝ ով ա դա մտցրել»։ Անմիջապես արձագանքել է Իշխան Սաղաթելյանը, ասելով, որ խմբակցությունը չի կիսում Նազարյանի տեսակետը, և որ նրա հարցը կքննեն խմբակցության ժողովում։
Դժվար է ասել՝ ինչ կլինի խմբակցությունում և արդյոք կկայացվի որոշում՝ նրան «խնդրելու», որ հեռանա, բայց Նազարյանն առաջին անգամ չէ, որ հակաընդդիմադիր մոտեցումներով է աչքի ընկնում։