«ՀՀ-ն առաջին երկիրն է, որտեղ պիլոտային հիմունքներով իրականացվեց այս կարևոր թեմայով ծրագիրը»,- «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի փակման միջոցառման ժամանակ հայտարարեց Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։
Նշենք, որ ծրագիրը նպատակաուղղված է կենսաբժշկության ոլորտում եվրոպական չափանիշների իրազեկման բարձրացմանն ու իրականացման մատչելիությանը, ինչպիսիք են տեղեկացված համաձայնությունը, բժշկական գաղտնիությունը, օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստման ժամանակ ֆինանսական շահի արգելումը եւ այլն: Ծրագրի վերջնական նպատակն էր օգնել Հայաստանին նախապատրաստվել Մարդու իրավունքների եւ կենսաբժշկության մասին կոնվենցիային՝ Օվիեդոյի կոնվենցիային միանալուն:
Մաքսիմ Լոնգանգեն վստահեցրեց՝ կարողացել են հասնել էական արդյունքների․ «Հայաստանի հետ մեր համագործակցությունը, ըստ էության, օրինակ է նմանատիպ ծրագրերի համար այլ երկրներում։ Օվիեդոյի կոնվենցիան միակ իրավապարտադիր գործիքն է այս ոլորտում։ Եվ ուրախ եմ նշել՝ շնորհիվ ծրագրի շրջանակներում մեր գործընկերների հետ իրականացված աշխատանքների մեզ հաջողվեց աջակցել ՀՀ իշխանություններին, որ այս տարի մայիսին ստորագրվի կոնվենցիան, ինչը ցույց է տալիս իշխանությունների հանձնառությունը ՀՀ-ի ներպետական օրենսդրությունը եվրոպական չափանիշներին մոտարկելու հարցում»։


































