Ուկրաինայում հակամարտության դադարեցումը բոլոր կողմերից զիջումներ կպահանջի. Ռուբիոն՝ ռուսական կողմի հետ բանակցություններից հետո

Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ աշխատանքը երկար ժամանակ կպահանջի և բարդ ու ինտենսիվ դիվանագիտություն. այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, Էր Ռիադում ռուսական պատվիրակության հետ բանակցություններից հետո ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում հակամարտության դադարեցումը բոլոր կողմերից զիջումներ կպահանջի: ԱՄՆ պետքարտուղարի համոզմամբ՝ հակամարտության դադարեցումը հնարավոր է միայն բոլոր կողմերի համաձայնությամբ, պայմանները պետք է լինեն փոխընդունելի:

Ըստ Ռուբիոյի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է արդար լուծում տալ հակամարտությանը և թույլ չտալ դրա վերսկսումը 2-3 տարի անց:

Նա նաև ասել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների ապագան կորոշվի կողմերի՝ «խոստումները կատարելու» պատրաստակամությամբ, դա կերևա արդեն առաջիկա շաբաթներին։

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները: Դրանք տևել են 4,5 ժամ:

Ռուսական կողմը դրանք դրական է գնահատել: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են հարգել միմյանց շահերը: Նա ընդգծել է, որ առայժմ դժվար է ասել, որ Ռուսաստանի Դաշնությունն ու ԱՄՆ-ն մերձենում են, բայց այդ մասին խոսակցություն եղել է:

«Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների պատվիրակությունները շատ լուրջ զրույց են ունեցել բոլոր հարցերի շուրջ», — հավելել է նա:

Ինչ վերաբերում է երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպմանը, ապա, Ուշակովի խոսքով, այն դժվար թե կայանա հաջորդ շաբաթ: Ըստ պաշտոնյայի՝ Մոսկվան և Վաշինգտոնը կաշխատեն, որպեսզի պայմաններ ստեղծեն Պուտինի և Թրամփի հանդիպման համար:

Ուշակովը նաև ասել է, որ Ուկրաինայի հարցով ՌԴ և ԱՄՆ բանակցողների առանձին թիմեր շփման մեջ են մտնելու:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն