Պարա հոկեյի միջազգային փառատոնն անցկացվելու է 2025 թվականի ապրիլի 25-ից 30-ը Ռուսաստանի Սոչի քաղաքում, «Սիրիուս» Դաշնային տարածքում` Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության, Ռուսաստանի Դաշնության հոկեյի ֆեդերացիայի, Հոկեյի Մայրցամաքային լիգայի և այլ խոշոր մարզական կազմակերպությունների աջակցությամբ։ Հայաստանի պարա հոկեյի ֆեդերացիայի թիմը Սոչի է ժամանել 2025 թվականի ապրիլի 23-ին։ Թիմին աջակցում է «Համահայկական ճակատ» շարժումը։ Սոչիի օդանավակայանում, Ռուսաստանի և Հայաստանի դրոշները խորհրդանշող ծաղիկներով և փուչիկներով, թիմին դիմավորել են «Ռուսաստանի հայերի միություն» Համառուսաստանյան հասարակական կազմակերպության տեղական բաժանմունքի անդամները։
«Հայաստանի պարա հոկեյի ֆեդերացիան ստեղծվել է 2017 թվականին` Հայաստանի պարաօլիմպիկ խաղերի ֆեդերացիայի նախագահ Հակոբ Աբրահամյանի նախաձեռնությամբ։ Հայաստանյան թիմը վերջին երկու փառատոններին չի մասնակցել` ֆինանսական աջակցության բացակայության պատճառով։ Այս անգամ նույնպես ՀՀ կառավարությունը մեզ չֆինանսավորեց։ Մենք երախտապարտ և շնորհակալ ենք «Համահայկական ճակատ» շարժմանը և նրա առաջնորդին՝ ցուցաբերած աջակցության համար։ Հաջողություն եմ մաղթում թիմին, մենք շատ տաղանդավոր տղաներ ունենք»,- մեկնաբանեց Հայաստանի պարա հոկեյի ֆեդերացիայի նախագահ Կարեն Գյուլամիրյանը։
Թիմի ավագ Արշակ Հովհաննիսյանն ընդգծեց, որ ունենք շատ ակտիվ տղաներ, թիմը բավական համերաշխ է և մենք հավատում ենք մեր թիմի հաղթանակին:
Պարա հոկեյի միջազգային փառատոնին մասնակցելու են 60 քաղաքների 120 թիմեր: Այս տարի փառատոնին տրվել է միջազգային կարգավիճակ։ Առաջին անգամ միջոցառմանը կմասնակցեն թիմեր Հայաստանից և Ղազախստանից։
«Համահայկական ճակատ» շարժման մամլո ծառայություն


































