Կառավարությունում քննարկվել են սոցիալապես կարևոր ծրագրերի շարունակական ֆինանսավորման, ներդրումային ծրագրերի իրականացման և ֆինանսական կարգապահության ամրապնդման հետ կապված հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) հարկաբյուջետային և ծախսային շրջանակը: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել ընթացիկ տնտեսական զարգացումների, մակրոտնտեսական կանխատեսումների սցենարների, հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների և ծախսային շրջանակի վերաբերյալ։

Նախարարը ներկայացրել է մակրոտնտեսական միջավայրի հիմնարար ցուցանիշները, այդ թվում՝ տնտեսական աճի տեմպերը, զբաղվածության մակարդակը, գնաճի կանխատեսումները, ինչպես նաև արտաքին և ներքին գործոնների ազդեցության գնահատման արդյունքները։ Հատուկ ուշադրություն է դարձվել հարկաբյուջետային կայունության ապահովմանն ուղղված միջոցառումներին, ծախսային առաջնահերթություններին և պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման քայլերին։

Քննարկվել են նաև սոցիալապես կարևոր ծրագրերի շարունակական ֆինանսավորման, ներդրումային ծրագրերի իրականացման և ֆինանսական կարգապահության ամրապնդման հետ կապված հարցեր։ Կարևորվել է ֆինանսական ռեսուրսների նպատակային ու հասցեական բաշխումը՝ տնտեսական և սոցիալական քաղաքականության համապարփակ իրականացումն ապահովելու համար։

Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները և առաջարկությունները՝ միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագիծը առավել արդյունավետ և նպատակային դարձնելու վերաբերյալ։

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները ծրագրի կատարելագործման ուղղությամբ՝ առանձնահատուկ կարևորելով թիրախային ծրագրերի հստակեցումն ու դրանց համապատասխան քաղաքականության իրականացումը։ Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է ապահովել պետական ֆինանսների կառավարման համակարգի շարունակական կատարելագործումը՝ բարձրացնելով դրա թափանցիկությունը, կանխատեսելիությունը և արդյունավետությունը։

Քրոջս կյանքին վտանգ է սպառնում. Գերմանիայից վերադառնում եմ Հայաստան. Լիլիթ Աղեկյանի քույր

Քոչարյան ընտանիքից պահանջում ենք՝ 22 անշարժ գույք, ավելի քան 3 մլն դոլար, 1,4 մլն $ ավանդ և այլն

Արցախի 44-օրյա պատերազմը պլանավորված պատերազմ էր, ելքերը բոլորը գիտեին. Արսեն Վարդանյան