Ադրբեջանում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, «Փաստինֆոյին» է տրամադրել ամուսնուց ստացած ձեռագիր նամակը՝ թույլատրելով որոշ մանրամասներ ներկայացնել նամակից՝ առանց այն հրապարակելու։
«Ուղարկած հաղորդագրությունը ստիպեց ինձ լաց լինել. Նա խնդրել է որդուն չամուսնանալ և սպասել իրեն։ Որդուս հարսանիքը նշանակված էր երկու ամսից»,– մեզ հետ զրույցում ասաց Լինդան։
Նամակում, որ մեզ է տրամադրել կինը, Վիգենը հայտնում է, որ շատ է ուրախացել, որ կարողացել է Սուրբ Ծննդյան և Նոր տարվա տոնակատարությունների առիթով նամակ փոխանցել ընտանիքին, ավելի շատ նրան ուրախացրել է Կարմիր խաչի այցելության փաստը, որի համար Վիգենը նաև իր երախտագիտությունն է հայտնել կազմակերպությանը։
Նամակի միջոցով Վիգենը իր սերն ու երախտագիտությունն է փոխանցել ընտանիքին՝ իր կողքին լինելու համար, նաև կնոջը հորդորել է մենակ չթողնել մորը, որը երկար ժամանակ է հիվանդ է, նշելով, որ նա դժվարությունների պահին իր ընտանիքի կողքին է եղել։
«Մի խնդրանք ունեմ միայն, եթե դժվարություն չկա, մի քիչ ժամանակ տաք ինձ, որպեսզի մեկ հատիկ հարսանիքը ես անեմ»,– գրել է Վիգենը։
Մեր հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ Վիգենը հույս ունի, որ կկարողանա ազատ արձակվել, կինը պատասխանեց, որ Վիգենի այդ խնդրանքն իրեն զարմացրել է. «Եթե անկեղծ, ես այլևս հուսահատ եմ»։
Նա նաև հայտնել է, որ նամակին զուգահեռ Վիգենը զանգահարել է ընտանիքին, որի ընթացքում պատմել է, որ առողջական վիճակը փոքր-ինչ բարելավվել է։
«Նրա համար բժիշկ են բերել, ասացին, որ նա երկար ժամանակ չի կարողանում քայլել ցավի և մեջքի սկավառակի սահքի պատճառով, բայց եթե նրան դեղորայք տան, նրա վիճակը կբարելավվի։ Չնայած դեռ մեջքի ցավը խանգարում է նրա քայլելուն, սակայն սայլակ նրան դեռ չեն տվել, ուստի նրան դեղորայք է պետք։ Առայժմ Կարմիր խաչը կարողանում է նրան ուտելիքներն ու ծխախոտ տանել»,– ասել է կինը։


































