Զինծառայողները դատի են տվել Սուրեն Պապիկյանին. «Հրապարակ»

Վերջին 3 օրերին 5 տասնյակից ավելի սպաներ եւ զինվորականներ դատական հայց են ներկայացրել պաշտպանության նախարարության դեմ: Զինվորականների ներկայացուցիչները մեջբերել են հենց Պնախարարի կողմից հաստատված հրամանը եւ պահանջում են չօգտագործված արձակուրդից եւ ծառայողական պարտավորություններից ելնելով ոչ ծառայողական օրերի քանակը հաշվել եւ դրա դիմաց փոխհատուցում վճարել: Քանի որ շատ են հայցադիմումները, ներկայացնենք դրանցից մի քանիսը:
ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին ՀՀ օրենքի 227-րդ հոդվածի համաձայն, ՀՀ օրենքին համապատասխան` ծառայողական շաբաթվա տեւողությունը սահմանվում է ժամկետային ծառայության զինծառայողների, ուսանողների եւ զինվորական ուսումնական հաստատությունների, ուսումնական կենտրոնների (զորամասերի) ունկնդիրների եւ ուսանողների համար` վեցօրյա շաբաթ` հանգստյան մեկ օրով, սպաների, ենթասպաների, պայմանագրով զինվորական ծառայության անցած զինվորների, սերժանտների, ավագների, ինչպես նաեւ՝ կին զինծառայողների համար` հնգօրյա շաբաթ` հանգստյան երկու օրով:

Ըստ նույն օրենքի՝ սպաների, ենթասպաների, պայմանագրով զինվորական ծառայության անցած զինվորների, սերժանտների, ավագների, ինչպես նաեւ՝ կին զինծառայողների շաբաթական ծառայողական ժամանակի ընդհանուր տեւողությունը, որպես կանոն, չպետք է գերազանցի օրենսդրությամբ սահմանված աշխատաժամանակի տեւողությունը: Զինծառայողներն իրավունք ունեն ստանալ փոխհատուցում չօգտագործված արձակուրդի դիմաց։ Հայցվորները գրել են՝ քանի որ պատասխանողի կողմից չեն կատարվել ՀՀ օրենսդրության վերը նշված պահանջները, եւ դրա արդյունքում խախտվել են իրենց իրավունքները, ուստի, դատարանից խնդրել են՝ պարտավորեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ կատարելու որոշակի գործողություններ, այն է՝ հաշվարկել եւ վճարել Գագիկ Ալեքսանդրի Հունանյանին զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդի օրերի եւ ոչ ծառայողական օրերին ծառայություն իրականացրած օրերի փոխհատուցման ենթակա 9 մլն 996 հազար դրամը։ Արտյոմ Մեսրոբյանը նույն պահանջով եւ օրենսդրական նորմերով ՊՆ-ից պահանջում է վճարել փոխհատուցման ենթակա 1 մլն 395 հազար դրամը։ Ասքանազ Սահակյանի ներկայացուցիչ Արսեն Անտանոսյանը նույնաբովանդակ հայց է ներկայացրել դատարան. «ՀՀ պաշտպանության նախարարի 17․07․2023 թվականի թիվ 983-Լ հրամանի 2-րդ ենթակետով սահմանված հաշվարկով եւ նույն հրամանով սահմանված կարգի 2-րդ կետով սահմանված սկզբունքների համաձայն, հաշվարկել նախկին զինծառայող Ասքանազ Սահակյանի զինվորական ծառայության ընթացքում 01․01․2003-14.04.2021 թթ. չօգտագործված արձակուրդի եւ ծառայողական պարտավորություններից ելնելով ոչ ծառայողական օրերի քանակը եւ դրա դիմաց 5 մլն դրամ փոխհատուցում ստանալու վերաբերյալ կայացնել հրաման։ Խնդրում ենք հայցը բավարարելու դեպքում անդրադառնալ նաեւ փաստաբանի խելամիտ վարձատրությանը…»:

Արսեն Անտանոսյանին հարցրինք՝ Պնախարար Սուրեն Պապիկյանն իր իսկ արձակած հրամանը չի՞ կատարում։ «Բերեք՝ ես հարցազրույց չտամ, գործի մանրամասները չեմ կարող ներկայացնել՝ զուտ գործի բնույթից ելնելով: Ուսումնասիրեք ՊՆ-ի 2023 թվականի թիվ 983-Լ հրամանը, այդ հրամանի հիման վրա ՊՆ-ն փոխհատուցման գումար է նախատեսում նախկին սպաներին: Դատարան ենք դիմել, որպեսզի հաշվարկ կատարվի, միգուցե լինեն օրեր, եւ որոնք որ թերի հաշվարկ է կատարվել կամ ոչ լիարժեք հաշվարկ է կատարվել: Եթե դատարան ենք դիմում, նշանակում է՝ վճարումներ չեն կատարվել: Ուղղակի շատ ծանրաբեռնվածություն է, պատկերացրեք զինծառայողների քանակը եւ մի նախարարություն: Վճարումներն ուշանում են, մենք էլ իրավական պաշտպանություն ենք իրականացնում»: Նշենք, որ նմանատիպ հայցով վերջին ամիսներին դատարան են դիմել հարյուրից ավելի զինվորականներ:

 

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն