Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգի ղեկավարն առաջարկել է աղքատության դեմ պայքարի շրջանակում վազէկտոմիայի ենթարկել աղքատ տղամարդկանց: Նահանգապետ Դեդի Մուլյադին ասել է, որ սոցիալական օգնություն ստանալու համար աղքատ ինդոնեզացի տղամարդիկ պետք է պարտադիր վազէկտոմիայի ենթարկվեն, հայտնում է Jakarta Globe պորտալը։
Որպես բոնուս՝ վազէկտոմիային համաձայնող տղամարդկանց առաջարկում են 500 հազար ռուփիի դրամական պարգև՝ մոտ 30 դոլար։
Նահանգապետի առաջարկը մեծ դժգոհություն է առաջացրել մուսուլման հոգևորականների և ակտիվիստների շրջանում, սակայն Մուլյադին բացատրել է, որ իր գաղափարը տղամարդկանց ընդմիշտ չի զրկի երեխա ունենալու հնարավորությունից. վազէկտոմիայի ազդեցությունը կարելի է չեղարկել, եթե համապատասխան վիրահատական միջամտությունից շատ ժամանակ չի անցել:
Վազէկտոմիան վիրահատական միջամտություն է, որի ընթացքում տղամարդու սերմնածորանները հատվում ու կապվում (փակվում) են այնպես, որ սերմնահեղուկը չկարողանա անցնել սերմնատար ծորաններ և կանխվի բեղմնավորումը։