Վերջին տարիներին նիկոտինային արտադրատեսակների շուկան գտնվում է շարունակական փոփոխությունների փուլում։ Եթե նախկինում չափահաս նիկոտին օգտագործողների համար հիմնական ընտրությունը սահմանափակվում էր ավանդական ծխախոտով, ապա այսօր շուկայում առկա են տարբեր տեսակի այլընտրանքային արտադրատեսակներ՝ էլեկտրոնային ծխախոտներ, ծխախոտի տաքացման համակարգեր և վերջին շրջանում առավել մեծ ուշադրություն գրավող նիկոտինային բարձիկներ։ Այս նորարարական արտադրատեսակները մի շարք երկրներում արագ տարածում են գտել և դարձել են հանրային առողջապահական ու գիտական քննարկումների առարկա։
Նիկոտինային բարձիկները փոքր, ծխախոտ չպարունակող պարկեր են, որոնք տեղադրվում են վերին շրթունքի տակ և ապահովում նիկոտինի ներթափանցումն օրգանիզմ բերանի խոռոչի լորձաթաղանթի միջոցով միջոցով։ Հենց այս առանձնահատկությունն է պատճառ դարձել, որ տարբեր երկրներում գիտնականներն ու առողջապահական ոլորտի մասնագետները ուսումնասիրեն դրանց ազդեցությունը մարդու առողջության վրա և համեմատեն ավանդական ծխախոտի հետ։
Այս համատեքստում հաճախ առանձնացվում է Շվեդիայի փորձը։ Երկիրը երկար տարիներ դիտարկվում է որպես նիկոտինային այլընտրանքային արտադրատեսակների կիրառման կարևոր օրինակ։ Հաշվի առնելով այդ փորձը՝ 24news-ը զրուցել է նիկոտինի հարցերով փորձագետ, Լունդի համալսարանի դոցենտ, թոքաբանության և շրջակա միջավայրի բժշկության ավագ բժիշկ Ստեֆան Վիլերսի հետ՝ հասկանալու, թե ինչ են նիկոտինային բարձիկները, ինչ բաղադրիչներ են պարունակում և ինչ է հայտնի դրանց հնարավոր ազդեցության մասին մարդու առողջության տեսանկյունից։
– Ինչպե՞ս կբացատրեք նիկոտինային բարձիկները լայն հանրությանը։ Ինչպե՞ս են դրանք նիկոտինը մատակարարում օրգանիզմին։
– Նիկոտինային բարձիկները փոքր, ծխախոտ չպարունակող փաթեթներ են, որոնք տեղադրվում են վերին շրթունքի տակ և աստիճանաբար արտազատում են նիկոտին։ Այն ներծծվում է բերանի խոռոչի լորձաթաղանթի միջոցով և անցնում արյունատար համակարգ՝ առանց այրման կամ ներքաշելու գործընթացի։ Նիկոտինի ներթափանցման մակարդակը կախված է մի շարք գործոններից, այդ թվում՝ բարձիկի ուժգնությունից, նիկոտինի արտազատման արագությունից և օգտագործման տևողությունից։
– Ի՞նչ դեր ունեն այս արտադրատեսակներում պարունակվող բաղադրիչները՝ նիկոտինը, ցելյուլոզային լցանյութերը, համային հավելումները և քաղցրացուցիչները։
– Խոշոր արտադրողների նիկոտինային բարձիկները սովորաբար պարունակում են դեղագործական որակի նիկոտին և սննդային արդյունաբերության մեջ կիրառվող բաղադրիչներ։ Նիկոտինը ակտիվ նյութն է, որը պայմանավորում է արտադրանքի ֆիզիոլոգիական ազդեցությունն ու կախվածություն առաջացնելու ներուժը։ Ցելյուլոզային լցանյութերը ձևավորում են բարձիկի կառուցվածքը և օգնում վերահսկել նիկոտինի աստիճանական արտազատումը։ Համային հավելումներն ու քաղցրացուցիչները բարելավում են համը և արտադրանքը դարձնում ավելի ընդունելի սպառողների համար։
– Ի՞նչ ազդեցություն ունեն ցելյուլոզային լցանյութերը մարդու օրգանիզմի, մասնավորապես՝ թոքերի վրա։
– Ցելյուլոզային լցանյութերը մնում են բերանի խոռոչում և չեն ներշնչվում թոքեր։ Քանի որ արտադրանքի օգտագործումը չի ենթադրում ներշնչում, թոքերը դրանց անմիջական ազդեցության չեն ենթարկվում։ Հետևաբար հնարավոր ազդեցությունները հիմնականում սահմանափակվում են բերանի խոռոչով։ Բացի այդ, նիկոտինային բարձիկներում օգտագործվող ցելյուլոզը թույլատրված է սննդամթերքի արտադրության մեջ կիրառման համար։
– Առողջության տեսանկյունից ինչպե՞ս են նիկոտինային բարձիկները տարբերվում սովորական ծխախոտից, հատկապես թոքերի վրա ազդող վնասակար նյութերի ազդեցության առումով։
– Նիկոտինային բարձիկների օգտագործումը չի ներառում ծխախոտի այրում, մինչդեռ հենց այրման գործընթացն է սիգարետի ծխում առկա վնասակար քիմիական նյութերի հիմնական աղբյուրը։ Այդ պատճառով բարձիկների օգտագործողները ենթարկվում են վնասակար և պոտենցիալ վնասակար նյութերի զգալիորեն ավելի ցածր ազդեցության։ Նիկոտինը կախվածություն առաջացնող նյութ է, սակայն այն քաղցկեղածին չէ և ծխելու հետ կապված հիվանդությունների մեծ մասի հիմնական պատճառը չի համարվում։ Քանի որ բարձիկների դեպքում ներշնչում տեղի չի ունենում, թոքերի վրա վնասակար նյութերի ազդեցությունը կարելի է համարել աննշան։
– Որո՞նք են այս արտադրատեսակների օգտագործման կարճաժամկետ և երկարաժամկետ հայտնի կամ հավանական ազդեցությունները առողջության վրա։
– Կարճաժամկետ ազդեցությունները հիմնականում կապված են նիկոտինի ֆարմակոլոգիական ազդեցությունների հետ։ Բարձր պարունակության դեպքում հնարավոր է նաև թունավոր ազդեցություն։ Սակայն խոշոր արտադրողների արտադրանքներում նիկոտինի պարունակությունը սովորաբար չի գերազանցում մեկ բարձիկում 20 մգ-ը, և այդ մակարդակի դեպքում ծանր թունավորման ռիսկը, ներառյալ փոքր երեխաների կողմից պատահական կուլ տալու դեպքերում, շատ ցածր է։
Երկարաժամկետ ազդեցությունների վերաբերյալ գիտական տվյալները դեռ շարունակվում են կուտակվել, սակայն ներկայումս առկա ապացույցները ցույց են տալիս, որ առողջական ազդեցությունը զգալիորեն ավելի փոքր է, քան ծխախոտի դեպքում։ Միևնույն ժամանակ, այս արտադրատեսակները ռիսկից լիովին զերծ չեն և խորհուրդ չեն տրվում որոշ խմբերի, օրինակ՝ հղի կանանց։ Բացի այդ, նիկոտինի պարունակության պատճառով դրանք կարող են կախվածություն առաջացնել։
– Ի՞նչ պետք է իմանան սպառողները հենց նիկոտինի մասին՝ դրա ազդեցության և կախվածություն առաջացնելու կարողության տեսանկյունից։
– Նիկոտինը հոգեակտիվ և կախվածություն առաջացնող նյութ է, որն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Այնուամենայնիվ, ծխելու հետ կապված հիվանդությունների հիմնական պատճառը նիկոտինը չէ, այլ ծխախոտի այրման արդյունքում առաջացող նյութերը։ Նիկոտինը չի դասվում քաղցկեղածին նյութերի շարքին և իշեմիկ սրտային հիվանդությունների, օրինակ՝ սրտամկանի ինֆարկտի, հիմնական պատճառը չի համարվում։ Սակայն դա չի նշանակում, որ նիկոտինը լիովին անվնաս է։ Այն կարող է հանգեցնել կախվածության և խորհուրդ չի տրվում որոշ խմբերի, մասնավորապես հղի կամ հղիություն պլանավորող կանանց։ Հետևաբար նիկոտինի օգտագործումը չի կարելի համարել ռիսկից զերծ։


































