Սեպտեմբերի 2-ը պարզապես տարեթիվ չէ, դա հայ ժողովրդի համար ազատության ձգտման, ինքնության պահպանման և պետականության կերտման խորհրդանշական օրն է։ Այս մասին «Արցախ. Չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» թեմայով միջազգային խորհրդաժողովի ընթացքում իր ելույթում ասաց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը:
Նրա խոսքով՝ Արցախի Հանրապետության կայացումը որպես պետություն եղել է համայն հայության համատեղ ջանքերի արդյունք։
«Վերջին տարիները մեզ կանգնեցրել են նոր փորձությունների առաջ։ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիաները 2020-ին և 2023-ին նպատակ ունեին ոչ միայն զավթել տարածքներ, այլ նաև ցեղասպանություն իրականացնել՝ վերացնելով Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը։ Բայց Արցախը չընկրկեց և չի կարող ընկրկել․ Արցախը չի կարող թույլ տալ նոր ցեղասպանություն։ Արցախի պարտքն է շարունակել պայքարը՝ մնալով արդարության, ազատության և ինքնորոշման պայքարի խորհրդանիշ։
Այսօր երկրորդ տարին է, որ Արցախի Հանրապետության հռչակման օրը նշում ենք հայրենիքից դուրս։ Բայց մեր հայրենիքը մեր սրտերում է, մեր խոսքում, մեր գործերում։ Արցախի հիմնահարցը չի մարել, ինչպես կցանկանային որոշ բռնապետական հարևանների ղեկավարներ։ Արցախի հարցը շարունակում է արծարծվել միջազգային հարթակներում։ Մենք խորին երախտագիտություն ենք հայտնում բոլոր այն անհատներին, կազմակերպություններին և պետություններին, որոնք կանգնած են արդարության դիրքերում»,- շեշտեց Դանիելյանը:
Վերջինս ընդգծեց, որ միջազգային իրավունքի տեսանկյունից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անբեկանելի արժեք է։
«ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, Եվրոպական խորհրդարանում, տարբեր միջազգային կոնֆերանսներում և ակադեմիական շրջանակներում Արցախի հարցը բարձրացվում է՝ որպես արդարամտության, մարդու իրավունքների և տարածաշրջանային կայունության փորձաքար։ Այս հարթակներում մեր ձայնը պետք է լինի հստակ, փաստարկված և հետևողական՝ ներկայացնելով ոչ միայն մեր ցավը, այլև մեր իրավունքները»,- հայտարարեց նա։
Դանիելյանը նշեց, որ շարունակելու են համագործակցել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, փորձագետների և քաղաքական գործիչների հետ՝ ձևավորելով այն բարենպաստ միջավայրը, որը կհանգեցնի արդարության վերականգնմանը։
«Միջազգային հարթակներում մեր ներկայությունը ոչ միայն պայքար է, այլև ապացույց, որ Արցախը գոյություն ունի՝ որպես գաղափար, որպես իրավունք, որպես ժողովուրդ»,- շեշտեց նա:
Դանիելյանի խոսքով՝ այս խորհրդաժողովի առանցքում Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցն է։
«Վստահ եմ, որ կլսենք արդյունավետ ելույթներ և առաջարկներ այդ ուղղությամբ։ Համոզված եմ՝ դրանց կհետևեն գործնական քայլեր։
Արցախի իշխանությունների ներկայացուցիչների անունից ուզում եմ հիշեցնել․ մենք ունենք նաև կարևորագույն այլ հարցեր, որոնց լուծման համար ակնկալում ենք միջազգային օժանդակություն և միջնորդություն։ Խոսքը վերաբերում է նախ և առաջ Ադրբեջանում պահվող հայ գերիների ու պատանդների ազատմանը, ինչպես նաև մեր հավաքական ինքնության պահպանմանը՝ թե՛ մեր դարավոր հայրենիքում, թե՛ այլուր: Արցախը ապրում է։ Արցախը պիտի ապրի։ Արցախը վերադառնալու է»,- ընդգծեց նա:


































