Մայիսի 1-ը Հայաստանում ոչ աշխատանքային օր է օրացույցով։ Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրը նշում են, սակայն այլևս առանց հատուկ տոնակատարության:
Սակայն օրը առիթ է ևս մեկ անգամ անդադառնալու աշխատանքային ոլորտի խնդիրներին ու բարձրաձայնելու աշխատողների իրավունքի պաշտպանության հարցը: Իսկ դրանք Հայաստանում, ինչպես նշում են մասնագետները, բազում են` սկսած արձակուրդների ժամանակ աշխատավարձը չվճարելուց, աշխատավարձերի ուշացումից, ոչ ամբողջական վճարումից՝ մինչև աշխատանքից անհիմն ազատում:
Իսկ, թե իրականում ինչ խնդիրների հետ են բախվում աշխատող քաղաքացիները, ինչպե՞ս են լուծվում նրանց խախտված աշխատանքային իրավունքները «Իրավունքը» զրուցել է «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար, տարիների պրակտիկ փորձով հարուստ հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի հետ.
— Աշխատողը ճորտ չէ, ստրուկ չէ։
Աշխատավորի օրը պարզապես օրացուցային տոն չէ․ սա առիթ է ևս մեկ անգամ հիշեցնելու, որ պետության իրական ուժը չափվում է ոչ թե պաշտոնյաների բարձր աշխատավարձերով կամ շքեղ հաշվետվություններով, այլ այն մարդու արժանապատիվ կյանքով, ով ամեն օր իր աշխատանքով պահում է ընտանիք, տնտեսություն և պետություն։
Դեռևս Մովսեսի օրենքով ամրագրված էր պարզ ճշմարտություն՝ աշխատող մարդուն պետք է ապահովել արժանապատիվ աշխատանքային պայմաններով և արդար վարձատրությամբ՝ իր կատարած աշխատանքի դիմաց։ Հազարավոր տարիներ անց ցավալի է արձանագրել, որ Հայաստանում այդ պարզ ճշմարտությունը հաճախ շարունակում է խախտվել։
Չնայած նրան, որ Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրությամբ հռչակված է որպես սոցիալական պետություն, իրականում մենք առօրյա ռեժիմով բախվում ենք հազարավոր աշխատանքային իրավունքների խախտումների՝
սկսած օրենքով սահմանված նորմայից ավելի աշխատեցնելուց,
աշխատավարձերի ուշացումից կամ ոչ ամբողջական վճարումից,
չվճարվող արձակուրդներից,
մինչև աշխատանքից անհիմն ազատումներ և արժանապատիվ աշխատատեղերի պակաս։
Իմ կողմից ղեկավարվող «ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական գրասենյակի վարույթներում հարյուրավոր նմանատիպ գործեր են եղել, որոնց մի մասի վերաբերյալ անդրադարձել է նաև մամուլը, այդ թվում՝ «Իրավունք» թերթը։ Այս վիճակագրությունը միայն մեկ բան է ապացուցում՝ խնդիրը համակարգային է և պահանջում է ոչ թե ձևական հայտարարություններ, այլ պետական հետևողական վերահսկողություն։
Եթե պետական լիազոր մարմինները պատշաճ և ժամանակին արձագանքեն նման խախտումներին, ապա ոչ միայն դատարանների ծանրաբեռնվածությունը կթեթևանա, այլև հազարավոր քաղաքացիների խախտված իրավունքները կվերականգնվեն շատ ավելի արագ։ Ներպետական օրենսդրությունը նման իրավական գործիքներ նախատեսում է, մնում է դրանք կիրառել իրական կամքով։
Աշխատանքը մարդու արժանապատվության արտահայտությունն է, ոչ թե նրա շահագործման միջոցը։ Այն պետությունը, որտեղ աշխատող մարդը պաշտպանված չէ, վաղ թե ուշ կանգնում է սոցիալական ճգնաժամի առաջ։
Շնորհավորում եմ բոլոր բարեխիղճ աշխատավորներին Աշխատավորի օրվա առթիվ։
Թող ձեր աշխատանքը լինի արժևորված, ձեր վաստակը՝ արդար գնահատված, իսկ ձեր իրավունքները՝ պաշտպանված ոչ միայն օրենքի գրքերում, այլ նաև իրական կյանքում։
Արժանապատիվ աշխատանքը ուժեղ պետության հիմքն է։
Աղբյուրը՝ iravunk.com

































