Սևանա լճի ափին կառուցվելիք ճեմուղու երկարությունը 10 կմ-ից դարձել է 2.8 կմ. «Հետք»

Սևանա լճի ափին ճեմուղի կառուցելու պետական ծրագրի փաստաթղթերը անցել են բնապահպանական փորձաքննություն, ստացել են դրական եզրակացություն։ Շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է ճեմուղու ծրագրի ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությունը, գրում է «Հետքը»։

2.8 կմ երկարությամբ և 6.5 մետր լայնությամբ ճեմուղին նախատեսվում է կառուցել Սևանա լճի «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչեւ Սևանավանքն ընկած հատվածում(թերակղզի)։ Ճեմուղին անցնելու է թերակղզու հարավային մերձափնյա գոտու երկայնքով՝ լճի ջրի եզրից 12 մետր և ավելի հեռավորության վրա։ Ուղեգծի երկայնքով առկա են հանգստյան տներ, անտառապատ հատվածքներ։ Տարածքում առկա եւ հատման(նաև տեղափոխման) ենթակա ծառերի տեսակներն ու քանակը պետք է ճշգրտվի շինարարության ընթացքում կապալառու կազմակերպության կողմից «Սևան ազգային պարկի» հետ համատեղ։

Թերակղզում՝ գրողների հանգստյան տան հարևանությամբ նախատեսվում է 45 մետրանոց վերալակ կառուցել, որը պետք է հնարավորություն տա մարդկանց բարձրադիր վայրից դիտել լճի համայնապատկերը։ Նույն տարածքում պետք է նաև 2 հարկանի շինություն կառուցվի, որում նախատեսվում է սրճարան, տոմսարկղ, սանհանգույց և տեղեկատվական կետ։ Համայնապատկերային վերալակից դեպի թերակղզու բարձրադիր մաս(վանական համալիր) մետաղական կոնստրուկցիաներով կամուրջ է նախատեսվում կառուցել։

Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը դեմ է արտահայտվել նախագծին, քանի որ ճեմուղին նախատեսված է կառուցել Սևանա լճի թույլատրելի նիշից(1905մ) ցածր հատվածներում(1902-1902.5մ)։ ՇՄԱԳ փորձաքննական հանձնաժողովը հաշվի չի առել մասնագետների կարծիքը։

Սևանա լճի ափին ճեմուղի կառուցելու մասին հայտարարվել էր դեռևս 2020 թ․-ին, սակայն գաղափարը գործնական փուլ այդպես էլ չմտավ։ Այդ ժամանակ հայտարարվել էր, որ ճեմուղին ունենալու է 10 կմ երկարություն (Լճաշեն գյուղից–Սևանի թերակղզի)։ 2020 թ․-ին գրել էինք ճեմուղու ծրագրի և լճի ափամերձ տարածքներում քանդման ենթակա շինությունների մասին։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն