16 տարի առաջ մեկնարկած Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի շինարարության ավարտի ժամկետները կրկին երկարաձգվել են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը նշեց, որ Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքները որոշակիորեն դանդաղել են տարածաշրջանային լարվածության պատճառով։
«Ներկայում աշխատանքներն ընթացքի մեջ են։ Հաշվի առնելով Իրանում և առհասարակ Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունները՝ իրանական մեր գործընկերները մի փոքր խնդիր ունեին։ Հիմա կարծես թե իրավիճակը կարգավորվում է, և ծրագիրն ընթացքի մեջ է։ Իհարկե, դա ժամկետների առումով որոշակի ազդեցություն կունենա, բայց նախատեսում ենք աշխատանքներն ավարտել մոտ ապագայում՝ հաշվի առնելով, որ դրանք արդեն վերսկսվել են»,- ասաց նա։
Խոսելով շինարարության ներկա փուլի մասին՝ ՏԿԵՆ ներկայացուցիչը մանրամասնեց, որ իրականացվում են հենարանների տեղադրման և հաղորդալարերի անցկացման աշխատանքներ։ Ըստ նրա՝ կարևոր առաջընթաց կա նաև ենթակայանների կահավորման հարցում։ Աբրահամյանը վստահեցրեց, որ տարածաշրջանային լարվածության պատճառով դանդաղած աշխատանքները կրկին մտել են ինտենսիվ փուլ։

































