Ոչ ոք և ոչինչ չի մոռացվել, և պատմության այս էջը դեռ փակված չէ. գեներալ Արշակ Կարապետյան

Սիրելի՜ հայրենակիցներ
Արցախյան հերոսամարտերի փառապա՜նծ մարտիկներ, երկրապահներ
Ազգային բանակի քաջարի՜ գեներալներ, սպաներ, զինվորներ

Արժանապատիվ բոլոր հայերիս անունից շնորհավորում եմ Ձեզ և դարավոր աղետների ու փառապսակ հաղթանակների միջով անցած հայրենատեր հայ ժողովրդին` անչափ նշանակալից Եռատոնի՝ Շուշիի ազատագրման, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման ու Հայրենիքի պաշտպանի՝ Երկրապահի օրվա կապակցությամբ և իմ մաղթանքներն եմ հղում ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս գտնվող բոլոր հայորդիներին՝ ցանկանալով խաղաղություն, ուժ և միասնություն:
Ինչպես հեռավոր 1992 թվականին, այնպես էլ այսօր մենք հաստատակամ ենք. Արցախի ժողովրդի հայրենիք վերադարձի ու ինքնորոշման իրավունքի իրացումը սակարկության առարկա չեն: Դրանք բացարձակ արժեքներ են մեզ համար։
Մենք հպարտ ենք, որ ժառանգորդն ենք հերոսական հայ ժողովրդի արժանավոր զավակների, ովքեր պատերազմների միջով անցան և իրենց ողջ գիտակցական կյանքը նվիրաբերեցին Հայրենիքին։
Հիշենք և արժանին մատուցենք Շուշիի և ողջ Արցախի ազատագրման համար զոհված մեր հերոսներին։ Նրանք կանգնեցին նույնքան ամուր, որքան իրենց պապերը մոտ կես դար առաջ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում:
Հիշենք Ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմներում ընկած մեր երիտասարդներին՝ մեր նորօրյա հերոսներին, ովքեր իրենց կյանքով ապացուցեցին, որ անմար են մեր ժողովրդի ազատատենչ ոգին և կամքը։
Խոնարհում ու փառք նորօրյա պատմության բոլոր գոյամարտերի մասնակիցներին ու մարտում հերոսաբար ընկած մարտիրոսվածներին: Փառք ու պատիվ՝ Հայոց Ազգային Բանակի կազմավորման ակունքներում կանգնած հայկական կամավորական ջոկատների հերոս երկրապահներին, որոնք անզեն ու անպատրաստ, սակայն ոգով արի ու հայրենատեր, առաջինը ոտքի ելան հայրենիքը թշնամուց պաշտպանելու համար:
Զոհված ազատամարտիկների հարգելի ծնողներ և հարազատներ, խոնարհվում ենք Ձեր առջև։ Մենք կիսում ենք Ձեր ցավը, գնահատում ենք Ձեր քաջությունը և միշտ կլինենք Ձեր կողքին։
Անկախություն ձեռք բերելուց հետո, ավա՜ղ, պետությունն ունենք, բայց չկարողացանք հաստատել ու կայացնել պետականությունը։
Ոչ ոք և ոչինչ չի մոռացվել, և պատմության այս էջը դեռ փակված չէ։

Հավերժ փա՜ռք Հայրենիքի բոլոր պաշտպաններին։

 

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Եռատոնի առթիվ

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն