Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան Իսրայելի ղեկավարությանը կոչ է արել դուրս բերել զորքերը երկրի հարավի բուֆերային գոտուց՝ իսրայելական զինված ուժերի կողմից վերջերս իրականացված ռեյդից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը:

Ըստ ՄԱԿ-ի՝ խոսքը մոտավորապես 235 քառակուսի կիլոմետր տարածքից իսրայելական զորքերի դուրսբերման մասին է: Աշ-Շարաան նաև դատապարտել է իսրայելական ստորաբաժանումների վերջին գործողություններն այդ գոտում:

Հունիսի 28-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է մի քանի զինված ահաբեկչի ոչնչացման մասին Սիրիայի հարավում գտնվող բուֆերային գոտում: Իսրայելցի զինվորականների ռեյդը դիմադրության է արժանացել տեղի բնակիչների կողմից։ Աբդին քաղաքի բնակիչներն արգելափակել են ճանապարհները, մի քանիսը քարեր են նետել իսրայելական ուժերի ուղղությամբ։ Բախման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան, սակայն բնակիչները հեռացել են և հունիսի 29-ի դրությամբ դեռ չէին վերադարձել տուն՝ վախենալով իսրայելական ուժերի նոր ներխուժումներից։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ երկիրը չի ​​գնա փոխզիջումների սահմաններին իր անվտանգության ապահովման հարցում, ուստի իսրայելական զինված ուժերը մտադիր են պահպանել վերահսկողությունը Լիբանանում, Սիրիայում և Գազայի հատվածում անվտանգության սեփական գոտիների նկատմամբ:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն