Երևանում հարգել են Լենինգրադի շրջափակման զոհերի հիշատակը

Հայաստանում «Ռուսական տուն» մշակութային կենտրոնը հաղորդում է.

Այսօր՝ հունվարի 27-ին, Լենինգրադի ֆաշիստական շրջափակումից լիակատար ազատագրման օրվա կապակցությամբ, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը կազմակերպել էր հանդիսավոր միջոցառում՝ ծաղիկների խոնարհմամբ Վահագն Դավթյանի անվան զբոսայգում տեղադրված Լենինգրադի շրջափակման երեխաներին նվիրված հուշարձանին։

Միջոցառմանը մասնակցել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նա ընդգծել է, որ շրջափակման 872 օրերը դարձել են խորհրդային ժողովրդի մեծագույն ողբերգության և միաժամանակ մեծագույն սխրանքի խորհրդանիշ։

«Անօրինակ հերոսությունը, քաջությունը և տոկունությունը այն արժեքներն են, որոնք հավերժ կմնան մեր հիշողության մեջ, երբ խոսում ենք լենինգրադցու սխրանքի մասին»,-
նշել է դիվանագիտական առաքելության ղեկավարը։

Նա նաև երախտագիտություն և խորին շնորհակալություն է հայտնել եղբայրական հայ ժողովրդին, որը պատերազմի տարիներին ընդունել է որպես իր զավակներ՝ շրջափակված Լենինգրադից տարհանված երեխաներին։

Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը ընթերցել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի ուղերձը՝ քաղաքի շրջափակումից ազատագրման 82-րդ տարեդարձի առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, նշվում է․

«Այսօր նրանցից շատերը, ովքեր աներևակայելի զրկանքների և փորձությունների գնով մոտեցրել են Լենինգրադի հաղթանակը, ապրում են Ռուսաստանի սահմաններից դուրս։ Մեզ համար՝ հերոս-քաղաք Լենինգրադի, Սանկտ Պետերբուրգի բնակիչներիս, սուրբ պարտականություն է հոգ տանել ձեր մասին, աջակցել և լինել ձեր կողքին»։

Ուղերձի ընթերցումից հետո Վադիմ Ֆեֆիլովը ծաղկեփունջ է հանձնել Երևանում բնակվող շրջափակման վետերան Գալինա Ֆյոդորովային, ով արդեն 88 տարեկան է։

Միջոցառման ավարտին ելույթ է ունեցել Մարշալ Բաղրամյանի անվան Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը։ Նա նշել է, որ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի կողմից նվիրաբերված հուշարձանը երախտագիտության նշան է հայ ժողովրդին՝ Լենինգրադի շրջափակումը վերապրած և Հայաստանում ապաստան գտած երեխաների նկատմամբ ցուցաբերած հոգատարության համար։

Ելույթներից հետո տեղի է ունեցել ծաղիկների խոնարհման արարողություն՝ Լենինգրադի շրջափակման երեխաներին նվիրված հուշարձանին։ Միջոցառմանը մասնակցել են Բելառուսի դեսպանության ներկայացուցիչներ, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ, «Մոսկվայի տան» ներկայացուցիչներ, «Սահմանապահների երիտասարդ բարեկամներ» ակումբի անդամներ, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

 

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն