ՄԵԴԻԱ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ՄԵԴԻԱ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 13-15, 2024

 Ուղտը չոքեց «քաղաքականությամբ չզբաղվողների» դռանը

Շաբաթավերջը ցնցած ԳՈՒՄ-ի շուկայի մսավաճառների թեման իրականում շատ հետաքրքիր է մի շարք կետերով։ Հետևելով կառավարության նիստերի օրակարգին ու դրանց հետևող գործողություններին՝ կարելի է փաստել, որ Փաշինյանն աշխատում է օրակարգեր ձևավորելու վրա, իսկ իրեն ենթական թիմերը՝ դրանք իրականություն դարձնելու։ Ստացվում է, որ Փաշինյանը նախորդ օրը խոսում է մսից թունավորվելու մասին, հաջորդ օրը մեկ տոննայից ավել միս է առգրավվում։ Իհարկե, մեծ կասկած է, թե այդ միսը ինչպես ու որտեղ է ոչնչացվել, որովհետև Հայաստանում նման ենթակառուցվածք չկա։ Բայց համարենք, թե ոչնչացրել են։

Այս հարցով պակաս կարևոր չէ այն, թե ինչ գործընթացներ են հետևեք ԳՈՒՄ-ի շուկայի ծեծուջարդին, լրագրողի աշխատանքը խոչընդոտելուն, ինչպես նաև ձերբակալություններին։ «Գումի» շուկայում ձերբակալված 8 մսավաճառներից առնվազն 5–ը հրաժարվել են փաստաբանից, նրանք նաև հրաժարվել են ընդդիմադիր պատգամավորների հետ շփվելուց, քանի որ չեն ուզեցել հարցը «քաղաքականացնել»։ Այլ կերպ, քան տարօրինակ պահվածք, հնարավոր չէ բնութագրել իրավիճակը։ Գեղարվեստորեն ասած, ուղտը նաև «չքաղաքականացնողների» դռանն է չոքում, եթե ակնհայտ քաղաքական թեմաները փորձում են «լվանալ-մաքրել»։ Ինչ արած, «մի քաղաքականացրեք», ու ստիպված ձեր վրա բենզին լցրեք՝ ինքնահրկիզվելու համար։

Հայաստան-Ադրբեջան խաղաղության «քավորը» Թուրքիան է ուզում լինել

Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Թուրքիայի ամենատարբեր աստիճան  պաշտոնյաներ, ներառյալ պաշտպանության նախարարին, խոսում են այն մասին, որ հիմա իսկը ժամանակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքեն։ Ակնհայտ է, որ հենց Ադրբեջանն էլ այդքան շտապողական ու պատրաստակամ չէ, քանի որ դեռ պահանջների «դաֆթարի» առաջին էջն էլ չի ներկայացրել։ Թեմայով հետաքրքիրն այն է, որ բոլոր մյուս կենտրոնները սպասողական են, իսկ Թուրքիան փորձում է նաև այս առումով ցույց տալ, որ տարածաշրջանի «ուժեղ տղան» հենց ինքն է։ Այս իմաստով նաև շատ հետաքրքիր է այն, որ Փաշինյանն ու իր իշխանության ներկայացուցիչները ասել են, որ իրենք գնում են Արևմուտք։ Բայց չեն պարզաբանել, որ բացառապես Հայաստանի Արևմուտք են գնում, որը Թուրքիան է։

Ինչևէ, գրեթե նույնքան հետաքրքրություն է ներկայացնում նաև Ռուսաստանը։ Վերջին օրերին ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինն է խոսել հայ-ադրբեջանական կարգավորման մասին ու ասել, որ «Ռուսաստանը բոլոր ջանքերը կգործադրի Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»։ Ու եթե դիվանագիտական լեզվից սա թարգմանենք, ստացվում է, որ Հայաստանը էլի կռվախնձոր է Թուրքիայի ու Ռուսաստանի միջև, ու այս երկու պետությունները ոչ այնքան աշխարհաքաղաքական նպատակների, որքան իրենց ուժը տարածաշրջանում ներկայացնելուն են ուղղում ջանքերը։  Իսկ նման իրավիճակներում կուլ են գնում փոքրերը։

Իսկ Ադրբեջանում շարունակում են Հայաստանին մեղադրել «վերազինման» մեջ։ Այս երկրի ՊՆ Հասանովը ասել է, թե «Հայաստանի վերազինումը բացասական ազդեցություն է թողնում խաղաղության պահպանման վրա»։ Թե ինչպես է դրսևորվում այդ բացասական ազդեցությունը, դժվար է ասել։ Մենք միայն ադրբեջանական օր օրի մեր բնակավայրերին ավելի մոտեցող զենքերն ենք տեսնում, բայց մեր զինվելն այդպես էլ՝ ոչ։ Միայն գիտենք, որ ՊՆ սերժանտական օղակի զարգացման վրա է աշխատում ու այդ նպատակով մեր ՊՆ-ում նոր պաշտոններ են հորինել։

Դրան հակառակ՝ մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Ադրբեջանում զորակոչի առավելագույն տարիքը կկրճատվի՝ 35-ից դառնալով 30 տարեկան։ Սա կարող է նշանակել, որ Ադրբեջանն այլևս շատ անհանգստանալու բան չունի ու կարող է նաև ավելի քիչ թվով զինվորականների վրա հույսը դնել։ Պարբերաբար մեզ զինվելու մեջ մեղադրող այդ պետության նման քայլը միայն մի բանի ուղիղ ակնարկ է։ Ամենայն հավանականությամբ, Հայաստանի ԶՈՒ-ի թվաքանակի կրճատման հարցով հայկական կողմի հետ պայմանավորվածությունը ձեռք է բերվել։

Իսկ մեր խնդիրների մասին բարձրաձայնում են միայ օտարները։ Լուիս Մորենո Օկամպոն է խոսել ցեղասպանությունների կանխարգելման ֆորումի ժամանակ ու կարելի է ասել՝ աղաղակել, որ «ՀՀ-ի դեպքում Ցեղասպանության վտանգ կա, Ադրբեջանը գտնում է, որ ՀՀ գոյություն չունի, որ սա Արևմտյան Ադրբեջան է»…

Ադրբեջանական կաշառքի գործի մասին

Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի երկու նախկին պատգամավորները՝ ընդդիմադիր Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական ​​միությունը/Քրիստոնեասոցիալական միություն դաշինքից, կներկայանան Մյունխենի Բարձրագույն շրջանային դատարան՝ այսպես կոչված «ադրբեջանական գործի» շրջանակում կաշառակերության մեղադրանքով։ Գործի էությունն այն է, որ պատգամավորները կեղծ ընկերություններից միլիոնավոր եվրոների աջակցություններ են ստացել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի օգտին որոշումների վրա ազդելու նպատակով։ Բնականաբար, երկու կասկածյալներն էլ հերքում են մեղքը։ Հետաքրքրական է նաև, որ կասկածյալներից մեկը նույնիսկ պատգամավորական գործունեությունից հետո զբաղվել է լոբբիինգով, քանի որ իր կարծիքով՝ միջազգային իրավունքի տեսանկյունից «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է»։

Հարցը թեև մեզ համար շատ զգայուն է, բայց ակնհայտ նաև աշխարհաքաղաքական սկանդալի կարող է վերածվել, ինչպես նաև հերթական անգամ ցույց տալ Եվրոպայի իրական դեմքը։ Արդյոք նաև այս հարցով Եվրոպան աչքերը կփակի Ադրբեջանի անօրինությունների վրա՝ ադրբեջանական «փաթեթավորմամբ» ռուսական գազի դիմաց, դժվար է ասել։

Հայաստան-ՌԴ անհասկանալի հարաբերությունների մասին

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Փաշինյանը և Պուտինը չեն հանդիպել։ Նրանց միջև հանդիպում չի էլ նախատեսվել, երբ նույն Պուտինը ԵԱՏՄ նիստին մասնակցող այլ պետությունների ղեկավարների հետ հանդիպումներ ունեցել է։

Փոխարենը, Նիկոլ Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25-26-ը կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Կգնա արդյոք Փաշինյանը, ցույց կտա ամեն րոպե փոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը։ Չէ որ նա հիմա իր իշխանությունը պահելու հովանավորներ է փնտրում։ Ու եթե ուղիները դեպի Պուտինի գիրկը տանեն, ապա վազեվազ կգնա։

Վրաստանը նոր նախագահ ունի

Ընդդիմության ոչ ֆորմալ առաջորդի դերը ստանձնած Սալոմե Զուրաբիշվիլիի շուրջ օղակը սեղմվում է։ Վրաստանի իշխանությունը օրենք է ընդունել, որով նախկին նախագահին պետական պահպանությունից զրկելու են։ Ավելին, այն բանից հետո, երբ Զուրաբիշվիլին հայտարարել է, թե մնալու է իր տեղում, անջատել են Վրաստանի նախագահականի ջեռուցումը։

Բայց Զուրաբիշվիլին չի նահանջում։ Նրան տեսել են ընդդիմադիրների առաջին շարքերում, երբ Վրաստանի խորհրդարանը նոր նախագահ էր ընտրում, ինչի կապակցությամբ էլ վերսկսվել էին բողոքի ակցիաները։

Եվ այնուհանդերձ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Վրաստանի նախագահական ընտրությունները ճանաչել է կայացած ու նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին դարձել է Վրաստանի վեցերորդ նախագահը։ Ընդդիմադիրները ծաղրում են այս ընտրությունը՝ հիշեցնելով, որ նրան նույնիսկ երկրի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ մի ժամանակ չեն ընտրել՝ բարձրագույն կրթություն չունենալու պատճառով։ Բայցևայնպես, Կավելաշվիլին սկսել է ընդունել շնորհավորանքներ, որոնց թվում առաջինը Ալիևից։ Մեր երկրից նրան շնորհավորանք է հղել նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Իսկ իշխանությունները, մասնավորապես վարչապետ Կոբախիձեն, հայտարարել է, որ Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ ամեն ինչ արվելու է։ ԱԳՆ-ն էլ ասել է, որ «Վրաստանի քաղաքացիներին շանտաժի են ենթարկում ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի կասեցմամբ»։

Փաշինյանի «գնդակահարության պատը»

Իսկ մեզ մոտ նորահայտ բլոգերը կոշտ վիրուսային կոնտենտի ստեղծմամբ է զբաղված։ Քանի որ հեծանիվները մեծ արդյունք չեն տալիս, անցել ենք գնդակահարության պատին։ Իսկ «Պարապ գործերի վարչապետը» ոգևորվում է, որ 2500 հոգի տարբեր առիթներ է գտնում՝ պատճառաբանելով, թե ինչու իրեն՝ Փաշինյանին պետք է «գդակահարության» ենթարկել պատի տակ։ Սոցցանցային տարածքում տարբեր հոգեբաններ սկսել են քննարկել այս ինքնախարազանման պատճառները։ Մի բան պարզ է, այս մարդը սոցհարցումային շինծու մոդելով ուզում է հասկանալ, թե որոնք են լինելու իր դեմ ներկայացվող հիմնական մեղադրանքները, որոնց ինքը նախապես արդեն պատրաստ կլինի առաջիկա ընտրությունների ժամանակ։

Ինչու մենք պետք է վճարենք անպատասխանատու վարկառուների գումարը

Մեկ այլ շատ տարածվող ու քննարկվող թեմա էր այս, որ 218 հազար մարդու մինչև 1 մլն դրամ անհուսալի վարկերը Փաշինյանի որոշմամբ վճարելու են մյուս հարկատուները։ Պարզ է, որ առաջիկա ընտրություններում այս քաղաքացիների ձայները շատ էական ազդեցություն կարող են ունենալ։ Ցավոք, մեկ ձայնը հավասար է մեկ ձայնի։ Այլ հարց է այդ ձայների որակը։ Անպատասխանատու վարկառուն նույնքան անպատասխանատու քաղաքացի է լինելու։ Սակայն դա կարևոր չէ ընտրություններում, քանի որ մեկ ձայնը հավասար է մեկ ձայնի։

Սիրիայում թուրքական հետքի բացահայտ դրսևոումները

Որքան անցնում է, այնքան ավելի տեսանելի է դառնում, թե որքան մեծ է եղել թուրքական հետքը Սիրիայում կատարված իշխանազավթման մեջ։ Հետաքրքիր է, որ Թուրքիան շատ բացահայտ է խաղում։ Ու Էրդողանն իր բերանով է ասում, որ «Հալեպն ու Դամասկոսը կարող էին թուրքական քաղաքներ լինել», ու առանց երկմտելու հայտարարում է, որ Սիրիայի որոշ տարածքներ Թուրքիային պետք է միացնել։ Ու այս ֆոնին 12 տարվա դադարից հետո Դամասկոսում վերաբացվում է Սիրիայում Թուրքիայի դեսպանատունը։ Հետաքրքիր է, որ թուրքամետության բացահայտ դրսևորումներ է անում նաև իշխանությունը վերցրած զինված կազմավորումների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան (հայտնի է Աբու Մուհամեդ ալ-Ջուլանի մականունով), որը նաև մտադիր է ընտրություններում առաջադրվել՝ որպես երկրի նախագահի թեկնածու։ Իսկ որպեսզի վերջնականապես Ասադների հետքը վերանա Սիրիայից, նորընծա ղեկավարը խոստացել է պատժել այն զինվորականներին, ովքեր աշխատել են Ասադի ռեժիմի համար։

Թուրքիան ընդլայնում է ազդեցությունը տարածաշրջանում։ Իսկ դա մեզ համար անհետևանք չի կարող լիենլ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն