Այսօր մենք գլուխ ենք խոնարհում հայ ժողովրդի ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև. ՌԴ նախագահի ուղերձը

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում հայ ժողովրդի ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև. դա 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկն է: Այս մասին ասված է ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի հղած ուղերձում։

«Անպաշտպան, ոչ մի բանում մեղք չունեցող մարդկանց նկատմամբ իրականացված դաժան հաշվեհարդարը, որոնք սպանվեցին, վիրավորվեցին, արտաքսվեցին իրենց հարազատ քաղաքներից ու գյուղերից, ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը, իսկ դրա աղետալի հետևանքները համոզիչ կերպով ցույց տվեցին, թե ինչի են հանգեցնում կրոնական թշնամանքի հրահրումը, ազգայնականությունն ու քսենոֆոբիան:

Նշեմ, որ մեր երկրի դիրքորոշումն այս հարցում միշտ եղել է անփոփոխ: Դեռևս 1915 թվականի մայիսին այն արտացոլվեց Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ Հռչակագրում, որը դատապարտում էր հայ ժողովրդի նկատմամբ կիրառված բռնությունը որպես հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ, իսկ արդեն պատմության նոր փուլում՝ Պետական դումայի 1995 թվականի ապրիլի 14-ի Հայտարարության մեջ:

Համոզված ենք, որ մարդկանց՝ ազգային պատկանելության հիման վրա զանգվածային ոչնչացման և տեղահանման քաղաքականությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում, և միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը, որպեսզի նման բարբարոսությունը երբեք և ոչ մի տեղ չկրկնվի:

Այդ տարիների հալածանքներն ու բռնաճնշումները դարձան չսպիացող վերք հայերի բազում սերունդների համար, սակայն վերապրած դժբախտությունը համախմբեց մարդկանց, ովքեր ցուցաբերեցին հավատարմություն ավանդույթներին, իմաստնություն և արիություն: Համոզված եմ, որ այսուհետ ևս Հայաստանի դուստրերն ու որդիները կպահպանեն ազգային ինքնատիպությունը, բազմահազարամյա մշակույթը, լեզուն, ազատությունը և հոգևոր արժեքները:
Բարեկամ հայ ժողովրդին մաղթում եմ բարօրություն, ծաղկում և ամենայն բարիք»,- ասված է ուղերձում։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն