«Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը». ՀՃՇ առաջնորդի շնորհավորական ուղերձը

Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր․
Ընդունեք իմ ամենաջերմ ու սրտագին շնորհավորանքները` Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Գարնանային այս գեղեցիկ օրը պատեհ առիթ է` երախտիքի, գնահատանքի ու մեծարանքի խոսքեր հղելու Ձեզ և արժևորելու Ձեր անգնահատելի դերն ընտանիքում, աշխատավայրում և հանրային կյանքում:
Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որը եզակի խորհուրդ ունի, և իզուր չէ, որ այն կոչում ենք նաև Մայրության և գեղեցկության տոն։
Բնությունը կնոջն է պարգևել մայրանալու մեծագույն շնորհը, որը հնարավորություն է տալիս մեզ` շրջապատող աշխարհում անընդհատ առնչվել աստվածային արարման բերկրանքին: Յուրաքանչյուրիս համար մայրական աղոթքով ու օրհնանքով է սկսվում ամեն մի նախաձեռնություն ու նրանով է ոչ միայն չափվում, այլև զարգանում ու տարածվում բարին, լավն ու գեղեցիկը:
Մեզ համար «Մայր» հասկացությունը մշտապես նվիրական է եղել: Հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, մեր Եկեղեցին կոչում ենք Մայր եկեղեցի, լեզուն` մայրենի, և կարևորագույն քաղաքը կոչում ենք մայրաքաղաք:
Դեռեւս 5-րդ դարում պատմագիր Եղիշեն ասել է. «Տվեք ինձ կիրթ եւ խելացի մայրեր՝ ես ձեզ կտամ կիրթ ու խելացի հասարակություն»։ Իսկ 20-րդ դարի ռազմական, պետական գործիչ, իմաստասեր Գարեգին Նժդեհը բանաձեւել է. «Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»։
Կնոջ կեցվածքով է պայմանավորված մարդկային հարաբերությունների ներդաշնակությունը, ընտանիքի ամրությունն ու երջանկությունը: Հատկապես ընտանիքներում մոր հանդեպ տածած անսահման սերը, նվիրվածությունն ու մեծարանքը մեր ազգային նկարագիրը ձեւավորող անկյունաքարերից են։ Մեծարել կնոջը՝ նշանակում է արժեւորել, գնահատել, նկատելի դարձնել նրա առաքինություններն ու արժանիքները, որի պարագայում «կփոքրանան» արատներն ու թերությունները։
Տոնի առթիվ շնորհավորում եմ բոլոր կանանց ու մայրերին, մաղթում քաջառողջություն, անսպառ ուժ ու եռանդ՝ բարին ստեղծելու և գեղեցիկն արարելու համար, նրանց ընտանիքներին բարօրություն, կանացի հմայք ու գեղեցկություն:
Երջանի՛կ եղեք:
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ
գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն