Հայաստանի անՊաշտպանության նախարարը
Սուրեն Պապիկյան տարին ամփոփող ասուլիսից հետո միայն մի բան է հնարավոր ասել. Հայաստանը երբևէ այսքան խղճուկ պաշտպանության նախարար չի ունեցել։ Դա են վկայում նրա բազմաթիվ հայտարարություններ։ Առհասարակ, Պապիկյանի ղեկավարած գերատեսչության ու նախորդ տարվա դրա գործունեության հանդեպ շատ մեծ և արդարցված հետաքրքրություն կա։ Բայց ասուլիսը միայն բարի ցանկությունների, Փաշինյանի «խաղաղասիրական» գծի ցցուն դրսևորում էր։
Այսպես, ըստ Պապիկյանի՝ 2024 թվականը ձեռքբերումների տարի էր, դե քանի որ մի քանի՝ պաշտպանության հետ ուղիղ առնչություն չունեցող «ձեռքբերումներ» է ունեցել՝ հանդիպել է ԵՄ անդամ պետությունների հետ, ԱՄՆ է մեկնել, «շատ կարևոր և ԶՈւ-ի զարգացման համար բարենպաստ տարի էր» ու էլի լիքը բաներ… բա հետո՞, արդյունքն ի՞նչ եղավ, Սուրեն։
—
Ասուլիսի առանցքային կետերից էին հատկապես հայ-ամերիկյան հարաբերությունները, որոնք ոչ Պապիկյանի, ոչ էլ իր ղեկավարի ամակը չեն, այլ տասնամյակներ առաջ կայացած իրողություն։ Այնուհանդերձ, «ԱՄՆ-ի հետ մեր համագործակցությունը ամբողջությամբ տեղավորվում է նոր փաստաթղթի շրջանակներում»,- ասել է նա ու հավելել, որ առկա տեմպը «լավն է»։ Իհարկե այս հայտարարությունը տեղավորվում է վերջին օրերի համատեքստում։ Բայց առնվազն տարօրինակ է, քանի որ ԱՄՆ-ի նոր ադմինիստրացիայի հետ եղել է 0 հարաբերություն, ուստի հավանական է, որ բոլոր պայմանավորվածությունները ի չիք դառնան։ Մանավանդ, որ արդեն իսկ ԱՄՆ ուղեղային կենտրոնները հայտարարել են, թե որ պետությունն է մեր տարածաշրջանում լինելու իրենց առաջնահերթությունը։
—
Ռուսաստանի հետ հարաբերությունները ևս Պապիկյանի ասուլիսի կարևորագույն կետերից էին։ Հատկապես զավեշտալի է նրա այն հայտարարությունը, թե «Քանի դեռ մեր ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքը, մեր դիրքորոշումը լեգիտիմ է, բխում է ՀՀ շահերից»։ Ու հիմա հարց. Իսկ Հայաստանը գիտի՞, թե որն է ՀԱՊԿ-ի հետ ներկայիս հարաբերությունների արմատը։ Թե էլի բոլորը մեղավոր են, իսկ Պապիկյանն ու հատկապես իր ղեկավարը՝ սուրբ։ Ու պատկերացրեք, թե որքան սուրբ են, որ «Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը»։ Բայց այնուամենայնիվ՝ «Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա», բայց հայ-ռուսական զորավարժություններ չեն պլանավորում։ Ի դեպ, ՌԴ-ից չստացած զենքի գումարը մասնակի կփոխհատուցի ՀՀ-ի պետական պարտքը։ Միայն հիշեցնենք, որ Հայաստանի ԱԽՔ-ը դեռ ամիսներ առաջ էր հայտարարել, թե Հայաստանի ու Ռուսասատնի միջև չմատակարարված զենքի խնդիր չկա։
—
Դե բայց ինչո՞ւ պիտի պաշտպանության լրջագույն հարցին լուրջ վերաբերվեն մարդիկ, որոնք համարում են, թե «Որպես նախարար՝ չեմ տեսնում, որ տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր կան»։ Չէ, լո՞ւրջ։ Սիրիան չե՞ք տեսնում, Ադրբեջանի ու Թուրքիայի հռետորաբանությունը չե՞ք լսում, Իրանի ու Ռուսաստանի նախազգուշացումնե՞րը, թե՞ ամերիկյան կենտրոնների ուղիղ հայտարարությունները։ Բայց լավ է, գոնե մի բան է հասկանում, որ «Տարածաշրջանի խաղաղությունը պայմանավորված չէ միայն Հայաստանով և Ադրբեջանով»։ Հուսանք՝ մյուս հարցերով էլ կհասկանա։
Հա բայց ո՞նց տեսնեք, եթե ձեր ուշքն ու միտքը «վարչապետի տեսակետները կիսելն է»՝ հատկապես բանակը չսրբադասելու տեսանկյունից։ «Կուզե՞ք՝ հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզեք՝ հայտարարեմ, բայց ես ուզում եմ, որ մենք հողից հեռու չգնանք, էներգիան այս հողից ստանանք ու ճիշտ խոսենք։ Եթե թերացել ենք, եթե թույլ ենք եղել, պետք է նայենք հայելուն ու խոստովանենք»,- պաշտպանության նախարար եմ ասել, է՜։ Բա եթե թերացել եք, ինչո՞ւ չեք գնում։ Հարցը, ցավոք, դեռ հռետորական է։
Թուրքիան ու Ադրբեջանը այս տարվա առաջին զորավարժությունն են անցկացնելու
Իսկ մինչև մենք խաղաղություն ենք փորձում մուրալ, հենց մեր քթի տակ՝ նախկինում հայկական Կարսում, Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ վարժանքների ընթացքում «զինծառայողները կկատարեն տարբեր մարտական առաջադրանքներ բնակեցված վայրերում՝ ձնառատ և ցրտաշունչ եղանակին դժվարանցանելի տեղանքում»։ Մասնակիցների թիվ, կիրառվող զինտեխնիկան հայտնի չէ։
Այս համատեքստում շատ կարևոր է Էրդողանի այն հայտարարությունը, թե «Թո՛ղ բոլորը ձեռք քաշեն այս տարածաշրջանից», որը նա արել է իր ղեկավարած «Արդարություն և զարգացում կուսակցության» հանդիպման ժամանակ։ Հայտարարությունը վերաբերել է Սիրիային, բայցևայնպես, պակաս կարևոր չէ մեզ համար։
Բաքվում հայերի կոտորածի մասին
Արցախյան հակամարտության, 44-օրյա պատերազմի մասին տեղեկությունները բոլոր պետական գերատեսչությունների կայքերից հեռացնող իշխանությունը, չգիտես ինչու, հիշել է 35 տարի առաջ Բաքվում իրականացված հայերի ջարդերը, ինչի կապակցությամբ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել։ Դրանում խոսվում է «ադրբեջանական իշխանությունների թողտվության ու աջակցության», ինչպես նաև «խորհրդային իշխանությունների լիակատար անգործության» պայմաններում իրականացված զազրելի ոճրագործությունների մասին: Մանրամասն անդրադարձ կա Բաքվում բնակվող հայերի թվին և նրան, թե ինչպես են նրանք ստիպված եղել ամեն ինչ թողնելով՝ «միլիարդների արժողությամբ ունեցվածք և հարստություն» հեռանալ իրենց բնակավայրերից ։ Հիշատակվում է նաև այն, որ հայերն այնտեղ են դեռևս 19-րդ դարից։ Իսկ վերջում չեն մոռացել գրել, որ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին և վերապրածներին՝ Հայաստանը խորապես հավատում է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը միայն կարող է կանխել ապագայում մարդկության դեմ այսպիսի ոճրագործությունների կրկնությունը»:
Ադրբեջանից ԱԳՆ հաղորդագրությամբ արձագանքել են՝ ասելով, թե «Էթնիկ զտումների և զանգվածային սպանությունների քաղաքականությունը բնորոշ է հենց Հայաստանին և հայերին»։ Պոլեմիկային միացել է նաև Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան, որը բաց նամակ է հղել միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, օտարերկրյա օմբուդսմեններին՝ պահանջելով դատապարտել «ներկայիս Հայաստանի տարածքից 300 հազար արևմտյան ադրբեջանցիների վտարման աննախադեպ և անարդար որոշումը»։
Իսկ եթե այս ամենը թարգմանենք, ապա՝ Հայաստանի իշխանությունները Ադրբեջանցիներին հաթաթա է տալիս, թե տե՜ս, ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցման թեմային մենք այսպիսի պատասխան ունենք, բայց միևնույն է, պատրաստ ենք ամեն ինչ մոռանալ ու գնալ «խաղաղության», մենակ թե «մի ծեծի էլի, ձյաձյա ջան»։ Ադրբեջանն էլ ասել է, թե «փախաք, փալասներ»… այսպես է լինում Արևելքում, երբ պատիվդ գետնով ես տալիս։
Տեսակցել են հայ գերիներին
Իսկ մինչև այդ, մենք ուղղակի փարատվում ենք իմանալով, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այս ամիս տեսակցել են Բաքվում պահվող հայերին: Ադրբեջանում պահվող անձանց հետ կառույցի պատվիրակներն ունեցել են առանձանզրույցներ, յուրաքանչյուրին տրվել է հնարավորություն՝ կապ հաստատել հարազատների հետ: Նրանք նաև գնահատել են անձանց առողջական վիճակը, պահման պայմաններն ու նրանց հանդեպ վերաբերմունքը: Այլ տեղեկությունների չեն հաղորդվում՝ նույնիսկ նրանց պահման և առողջական վիճակի մասին։ Իսկ հայերի դատաքննությունը կմերկնարկի հունվարի 17-ին։ Այս սա է պատիվը գետնով տալը։
Ամերիկան մեզ հակում է «խաղաղության»
Ամերիկյան The Wall Street Journal-ը հոդված է հրապարակել, որտեղ ասում է, թե ընտրված նախագահ Թրամփի համար շատ ավելի մեծ օգուտներ կան Հայաստան-Ադրբեջան «տասնամյակներ շարունակվող թշնամանքը» լուծելու հարցում, մանավանդ, որ «Ուկրաինայում պատերազմը լուծելու նորընտիր նախագահ Թրամփի խոստումը, հավանաբար, ավելի հեշտ կլինի ասել, քան անել»: Հոդվածի ձևակերպումները շատ տարօրինակ են։ Մասնավորապես՝ «Երկու պատմական թշնամիները անցած մեկ տարվա ընթացքում հանգիստ բանակցություններ են վարել և գտնվում են բեկման եզրին: Այս հակամարտության լուծումը, որը հանգեցրել է երկու պատերազմների և միայն 2023 թվականին ավելի քան 100,000 հայերի Լեռնային Ղարաբաղից տեղահանել, կարգավորել հնարավոր է: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է, վերջին էստաֆետն է, որը միայն Վաշինգտոնը կարող է ապահովել»:
Ու ստացվում է, որ ամերիկյան պարբերականը կույր է ադրբեջանական հռետորաբանության հանդեպ, բայց բոլորովին էլ դեմ չէ, որ ԱՄՆ-ն Հայաստանին ստիպի էլի զիջել Ադրբեջանին։ Կարևորն այն է, որ հենց Վաշինգտոնը «խաղաղարարի» դափնին ստանա ու հենց Թրամփը, որը փաստացի ոչինչ չի արել հարցի լուծման ուղղությամբ։
Ջալալ Հարությունայնը մեղավոր է ճանաչվել
Ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելու արդյունքում անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու մեջ մեղադրվող ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ։ Պաշտպանական կողմը հայտարարել է, որ վճիռը ստանալուց հետո կհասկանան իրենց հետագա անելիքները։ Իսկ «Ցորի» զորամասի զինծառայողների ծնողները հայտարարել են, որ իրենց արդար պայքարի արդյունքում է դատարանը նման որոշում կայացրել։
Քաղաքական կոալիցիա՞ է նշմարվում
Տրասպորտային կոլապսի դեմ փողոց դուրս եկած Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վերջին ակցիան է միացել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Վերջինս, լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ «Ժողովուրդը, եթե աջակցի այս մոտեցմանը, կա շանս իշխանության վրա ճնշում գործադրելու»։ Հիշեցնենք, խոսքը փետրվարի 1-ից Երևանում թանկացող հանրային տրանսպորի ուղեվճարին է վերաբերում։ Լրագրողները նաև հետաքրքրվել են, թե արդյոք «ՀԱԿ»-ը բացառում է կոալիցիա կազմելու հարցը՝ Մարությանի հետ, Զուրաբյանն պատասխանել է «Ինչո՞ւ պիտի բացառեմ» բաց ու թափանցիկ ակնարկով։
Մարությանն էլ իր հերթին խոսել է տրանսպորտի թանկացման իր արդեն հայտնի մեթոդի մասին՝ «Պայքարի մեթոդը լինելու է բոյկոտը՝ գործադուլ, դասադուլ, չօգտվել տրանսպորտից՝ ինչպես 2013-ին»։
Իհարկե, այս երկու կուսակցությունների՝ «ՀԱԿ»-ի ու «Նոր ուժի» համանման գաղափարախոսությունը հիմքեր տալիս է կարծելու, որ կոալիցիան ու համագործակցությունը սպասելի է։ Հետաքրքիր է այն, որ փաստացի ամբողջ քաղաքական դաշտը մտել է նախընտրական ռեժիմ, ինչի ուղիղ արտացոլում են նաև կոալիցիաների մասին հայտարարությունները։
Հայ-ամերիկյան փաստաթղթի քննադատությունը շարունակվում է
Հայկական փորձագիտական դաշտը շարունակում է քննարկել ԱՄՆ-Հայաստան ռազմավարական համագործակցության կանոնադրությունը։ Ընդդիմադիր երկու տարբեր դաշտերից իրար հակոտնյա մոտեցումներ են հնչում։ Արևմտամետները էքստազի մեջ են ու շարունակաբար այնպիսի արտահայտություններ են բաց թողնում, որոնք հավաքական կերպով կարելի է մի կերպ ներկայացնել՝ «փրկվա՜նք»։
Հատկապես հետաքրքրական է ՔԿ նախկին մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի երկար գրառումն այն մասին, թե արդյոք «Իսլամական պետության» դեմ պայքարի կոալիցիային միությունը մեզ կարող է օգուտ բերել։ Ներկայացնելով, որ սա նմանատիպ կոալիցիաներին անդամակցնելու Հայաստանի առաջին փորձը չէ, ավելին, սա ԱՄՆ-ի նման ցանկության արձանագրումն է այս անգամ հենց այս փաստաթղթով, բայց, ըստ Աբրահամյանի, Հայաստանը դրանից կշահի, քանի որ օրինակ 44-օրյայի ընթացքում, քանի որ մենք նման փաստաթուղթ չէինք ստորագրել, մեզ «միջազգային» հանրությունը չօգնեց՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցում մեր սահմաններին։
Ընդդիմադիր ազգային ուժերը խոսում են վտանգներից ու փաստաթղթի թույլ լինելուց, ինչպես օրինակ Վարդան Օսկանյանը, որը այն «Անփայլ փաստաթուղթ» է անվանել։
ԱՄՆ Հայ դատի հանձնախբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, անդրադառնալով փաստաթղթին, գրել է, որ Բայդենն ու Բլինքենը, Արցախին վնասելով, վերջին պահին ոչ պարտադիր փաստաթուղթ են ներկայացրել։ «Նրանք չօգնեցին, ընդհակառակը, նախընտրեցին ամերիկյան ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Ադրբեջանին, նույնիսկ այն ժամանակ, երբ նա դատարկեց Արցախը, իր բնիկ հայ քրիստոնյա բնակչությանը։ Ադրբեջանի պարագայում պատմությունը բոլորովին այլ է. Բայդենն ու Բլինքենը Ադրբեջանին ֆինանսավորում են ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ ամերիկյան բեռնատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար՝ Բաքու զինամթերք փոխադրելու համար միլիարդավոր դոլարների նոր գործարքների շրջանակում: Ինքներդ հաշվարկեք»,- գրել է Համբարյանը։
Ակնհայտ է, որ թեման դեռ շատ երկար է քննարկվելու, մանավանդ, որ շատ հանգամանքներ մեր «սուպեր թափանցիկ» կառավարության պարագայում ուղղակի մեզ հայտնի չեն։
Մերձավոր Արևելքում խաղաղություն կլինի
Մերձավոր Արևելքում կարծես սկսում է աստիճանաբար խաղաղություն հաստատվել։ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել Գազայի հատվածի հարցով, ու հունվարի 19-ին՝ Թրամփի երդմնակալության նախօրեին, հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ կլինի։ Խնդրի լուծումը տրվելու է միջնորդ պետությունների՝ ԱՄՆ-ի, Քաթարի ու Եգիպտոսի օգնությամբ և իրականացվելու է 3 փուլով։
Հատկանշական է, որ թե՛ հեռացող, թե՛ նորընտիր ամերիկյան ադմինիստրացիաները այս բարդ համաձայնությունը կապում են Թրամփի ուղիղ ջանքերի հետ։ Թեև Բայդենն ասել է, թե իրենք գործի մեծ մասն արել են ու Թրամփին «փոխանցել» հաղթանակը։ Պարզ է, չէ՞, որ նման բան լինել չէր կարող։ Ինչևէ, կարևոր է այն, որ մեկուկես տարի տևած այս սարսափն ավարտվեց, որ տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր է խլել։
ՌԴ – ՈՒկրաինա հակամարտության հանգուցալուծման սկիզբը երևում է
Կարծես թե հանգուցալուծման է գնում ևս մի հակամարտություն։ Հայտնի է դարձել, որ ԱՄԷ-ի միջնորդական ջանքերով՝ Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներին փոխանակել են 25-25 սկզբունքով։ Bloomberg-ն էլ հայտնում է, որ Ուկրաինան և Ռուսաստանը Կատարում գաղտնի բանակցություններ են վարում։ Բնականաբար, բանակցությունների նյութը հայտնի չէ, բայց գուշակել հնարավոր է։
Սրան զուգահեռ, ՌԴ ԶՈՒ-ն նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային՝ հիմնականում թիրախավորելով էներգետիկ ենթակառուցվածքը։ Առհասարակ վերջին օրերին Ռուսաստանը բավական մեծ թափով առաջ է գնում, ինչն ապացուցում են նաև հրապարակվող անկախ քարտեզները։
Իրավիճակը Վրաստանում
Իսկ Վրաստանում կայացել է նախապես հայտարարված համընդհանուր նախազգուշական գործադուլը, որը տևել է 3 ժամ։ Դրան միացել են տարբեր կազմակերպություններ, ընկերություններ, բուհեր, սննդի օբյեկնտեր։ Համընդհանուր գործադուլին միացել է նաև պաշտոնաթող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Վրաստանի իշխանությունները անդրդվելին են, ու մեր տեսանկյունից դա ուղղակի նախանձելի է։
Ամերիկյան ծավալապաշտությանը տեղի տվեցին
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը և ԱՄՆ ընտրված նախագահ Թրամփը քննարկել են Գրենլանդիայի անկախությունը։ Սա շատ կարևոր է, քանի որ ընդամենը մեկ շաբաթ առաջ Դանիան կեցվածք էր դրսևորել, թե իբր իրենք իրենց պատկանող տարածքը ոչ մեկին տալու պատրաստակամություն չունեն։ Այսօր արդեն այդ երկրի վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում ասվում է այն մասին, որ Գրենլանդիայի ժողովուրդը ինքը պետք է որոշի իր ապագան։ Ստացվում է, որ Դանիան ձեռքերը լվանում է Գրենլանդիայից, որ հետո, երբ «մի բան լինի», ասեն՝ «ժողովուրդ ջան, դուք եք որոշել»։ Ինչպիսի ծանոթ ձեռագիր։
Իրանի նախագահի հարցազրույցը
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը NBC-ին տված հարցազրույցում մի շարք կարևոր հայտարարություններ է արել։ Մասնավորապես նա ասել է, որ Իրանը սկզբունքորեն դեմ չէ Թրամփի վարչակազմի հետ երկխոսությանը։ Նա վստահեցրել է, որ Իրանը միջուկային զենք չի ստեղծում և հարձակման դեպքում պատրաստ է պատասխանել ԱՄՆ-իմ և Իսրայելին՝ այլ միջոցներով։ Նույն հարցազրույցում Փեզեշքիանը հերքել է Թրամփի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքները։
Ընդհանրապես, Փեզեշքիանի պրո-արևմտյան մոտեցումները վերջին շրջանում շատ են հանրային դրսևորումներ ստանում, սակայն պարզ է, որ դրանց արդյունքում ընդգծված պրո-իսրայելական նոր ադմինիստրացիան չի փափկելու։



































