Հայ-ամերիկյան երկխոսության շրջանակներում քննարկվող շատ հարցեր շոշափում են մյուս հարևան երկրների շահերը, այդ պատճառով «3+3» հարթակը դառնում է բազմակողմանի երկխոսության օբյեկտիվորեն պահանջված մեխանիզմ. Կոպիրկին

Ռուսաստանը կողմ է մինչև 2025 թվականի ավարտը «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի չորրորդ նախարարական հանդիպման անցկացմանը: Այս փուլում աշխատանքներ են տարվում հանդիպման նախապատրաստման ուղղությամբ։ Հայ-ռուսական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Փոխանցում է Սպուտնիկ Արմենիային:

«Մենք Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների մեջ ենք, որովհետև հերթականության հարց կա։ Այսինքն՝ և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը պատրաստ են նման նիստ անցկացնել իրենց երկրներում, միայն պետք է համաձայնեցնել հերթականության կարգը։ Մենք, բնականաբար, ամեն կերպ օժանդակում ենք դրան», — ասաց դիվանագետը։

Դեսպանի խոսքով` հարթակի բոլոր մասնակիցները, որոնք կապ են պահպանում թուրքական և իրանական կողմերի հետ, ելնում են նրանից, որ դա օգտակար, պահանջված ձևաչափ է, և տարածաշրջանի խնդիրների լուծման գործում առանցքային դեր պետք է խաղան հենց տարածաշրջանի պետությունները:

«Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է։ Իհարկե, երրորդ երկրների մասնակցությունը կարող է արժեքավոր լինել, բայց այն պետք է կառուցվի ըստ իրողությունների և տարածաշրջանային երկրների շահերի», — ասաց դիվանագետը։

Կոպիրկինը նաև նշեց, որ հայ-ադրբեջանական կարգավորման կամ հայ-ամերիկյան երկխոսության շրջանակներում քննարկվող շատ հարցեր անխուսափելիորեն շոշափում են մյուս հարևան երկրների շահերը, և հենց այդ պատճառով «3+3» հարթակը դառնում է բազմակողմանի երկխոսության օբյեկտիվորեն պահանջված մեխանիզմ:

Դեսպանն ընդգծեց` ձևաչափն աշխատում է. արդեն կայացել է երեք հանդիպում։ Ինչ վերաբերում է Թբիլիսիի մասնակցությանը, ապա, նրա խոսքով, Վրաստանը սկզբնական փուլում հետաքրքրություն է ցուցաբերել փորձագիտական մակարդակով, մասնակցել է միջոցառումներից մեկին, սակայն ավելի ուշ հեռացել է: Այնուամենայնիվ, դեսպանի խոսքով՝ հարթակի բոլոր մասնակիցները միակարծիք են, որ Վրաստանի համար դռները բաց են։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն