Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։ Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Միրզոյանը կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Մոսկվա է մեկնել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանն, «Ազատության» հարցին ի պատասխան, տեղեկացրել է, որ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների «առանձին հանդիպում նախատեսված չէ»։ Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ ասել էր, որ հոկտեմբերի 7-ին նաև ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստ կկայանա, որը «լիարժեք ձևաչափի հանդիպում է լինելու՝ բավական հագեցած օրակարգով»։


































