Իրանն Իսրայելի հետ ուղղակի բախման չի ձգտում, սակայն պատրաստ կլինի պատասխանել իսլամական հանրապետությանը լայնածավալ պատերազմի մեջ ներգրավելու՝ հրեական պետության բոլոր սպառնալիքներին, այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Պորտուգալիայում ՄԱԿ-ի «Քաղաքակրթությունների դաշինք» համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում։
«Իսրայելական վարչակազմը գիտի մեր հնարավորությունները։ Նրանք գիտեն՝ ինչպես մենք կարող ենք մեզ պաշտպանել։ Բայց պետք է ընդգծեմ, որ ի տարբերություն իսրայելցիների՝ մենք տարածաշրջանում էսկալացման չենք ձգտում։ Իհարկե, մենք պատրաստ ենք պատերազմի, նույնիսկ լայնածավալ պատերազմի: Բայց մենք դա չենք ցանկանում, դա մեր ընտրությունը չէ։ Եթե իսրայելացիներն ընտրեն պատերազմի ուղին, ապա մենք լիովին պատրաստ կլինենք դրան», — մեջբերում է նրա խոսքը պորտուգալական Diário de Notícias պարբերականը:
Իրանական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորման պատասխանատվությունն ամենից առաջ ընկած է ԱՄՆ-ի վրա:
Դիվանագետը նաև ժխտել է այն գաղափարը, թե Իրանի դաշնակից «Հեզբոլլահ» շարժումը թուլացել է Լիբանանի հարավում երկու ամիս շարունակվող մարտական գործողություններից հետո:
«Եթե այն թուլացած լիներ, չեմ կարծում, թե Իսրայելը համաձայներ հրադադարի: Ակնհայտ է, որ «Հեզբոլլահ»-ը կարողացավ վերակազմավորվել և հերոսական դիմադրություն ցույց տալ հարավային Լիբանանում՝ բախվելով իսրայելական ուժերի հետ», — նշել է նա՝ հավելելով, որ «Հեզբոլլահ»-ը խոշոր դերակատար է Լիբանանում:
Վերջին մեկ տարվա ընթացքում Գազայում շարունակվող ռազմական գործողություններին զուգահեռ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև փոխադարձ գնդակոծություններ էին տեղի ունենում, որոնք սաստկացան սեպտեմբերի վերջից։ Իսրայելական հարվածներից Լիբանանում զոհվել է ավելի քան 3700 մարդ։ Կողմերի միջև հրադադարն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին։