Մեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանուն

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում շարունակվող ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնությունում Արգենտինայի ազգային հավաքականը տոնեց իր երկրորդ անընդմեջ հաղթանակը: J խմբի 2-րդ տուրում աշխարհի գործող չեմպիոններն ուժերն են չափել Ավստրիայի ընտրանու հետ և հաղթել 2:0 հաշվով։ Խաղի գլխավոր հերոսն ու նոր ռեկորդակիրը դարձել է արգենտինացիների ավագ Լիոնել Մեսսին։

Տեխաս նահանգի Արլինգտոն քաղաքի «Էյ-Թի-էնդ-Թի» մարզադաշտում կայացած հանդիպումը սկսվել է արգենտինացիների ակտիվ գրոհներով։ Արդեն 9-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսի նկատմամբ խախտման համար նշանակվել է 11-մետրանոց տուգանային հարված, սակայն Մեսսին չի կարողացել անվրեպ իրացնել այն։

Այնուամենայնիվ, «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվողը շտկել է վրիպումն արդեն 39-րդ րոպեին՝ բացելով խաղի հաշիվը։ Այս գոլը պատմական նշանակություն է ունեցել. այն դարձել է Մեսսիի 17-րդ գնդակը Աշխարհի առաջնություններում, ինչի շնորհիվ նա շրջանցել է Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեին (16 գոլ) և դարձել մրցաշարի պատմության միանձնյա լավագույն ռմբարկուն։

Իսկ խաղավերջում՝ մրցավարի կողմից ավելացված ժամանակում (90+5′), Լիոնելը ձևակերպել է դուբլ՝ թարմացնելով սեփական ռեկորդը և Մունդիալներում խփած գոլերի քանակը հասցնելով 18-ի:

Խմբային փուլի վերջին՝ 3-րդ տուրի հանդիպումները կկայանան հունիսի 28-ին։ Արգենտինան կմրցի Հորդանանի, իսկ Ավստրիան՝ Ալժիրի հետ։

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ը մեկնարկել է հունիսի 11-ին և կտևի մինչև հուլիսի 19-ը: Արգենտինան մրցաշարին մասնակցում է որպես աշխարհի գործող չեմպիոն (2022 թ. եզրափակչում արգենտինացիները 11-մետրանոցներով հաղթել էին Ֆրանսիային):

Armsport

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն