Երեկ` օգոստոսի 14-ին Վարշավայում կայացավ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկության հանդիպումը Մադրիդի «Ռեալի» ու «Ատալանտայի» միջև։
Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Ատալանտային» 2-0 հաշվով ու ռեկորդային՝ 6-րդ անգամ դարձավ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող։ Մինչ այդ այս տիտղոսը 5-ական անգամ նվաճել էին նաև «Բարսելոնան» և «Միլանը»։
Հանդիպան առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, իսկ երկրորդ խաղակեսում նախ Ֆեդերիկո Վալվերդեն բացեց հանդիպման հաշիվը, իսկ Կիլիան Մբապեն իր նորամուտի խաղում խփեց մադրիդյան թիմի կազմում առաջին գոլը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը և նվաճելով առաջին տիտղոսը նոր թիմի կազմում։
Այս մրցաշարում միմյանց դեմ մրցեցին ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղարկություններում հաղթած թիմերը։ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակիչում «Արքայական» ակումբը 2-0 հաշվով պարտության էր մատնել Դորտմունդի «Բորուսիային» և 15-րդ անգամ հռչակվել մրցաշարի գավաթակիր։ Բերգամոն ներկայացնող ակումբը՝ «Ատալանտան» իր հերթին Եվրոպա լիգայի եզրափակիչում 3-0 հաշվով հաղթել էր Լևերկուզենի «Բայերին»։
Մադրիդյան ակումբն իր պատմության ընթացքում արդեն 5 անգամ նվաճել էր այս տիտղոսը։ «Ատալանտան» առաջին անգամ էր պայքարում տիտղոսի համար:
Աղբյուր ArmSport.am


































