Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Իրավապաշտպանների իրավիճակի գծով հատուկ զեկուցող Մերի Լոուլորը լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում վեց իրավապաշտպանների և լրագրողների կալանավորման և հետապնդման կապակցությամբ։ Այս մասին նշված է ՄԱԿ-ի կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ։
«Վերջին ամիսներին ես ականատես եմ եղել Ադրբեջանում իրավապաշտպանների և լրագրողների դեմ ձերբակալությունների և քրեական գործերի տագնապալի ալիքի», — նշել է Լոուլորը՝ հավելելով, որ ինքը կառավարության առջև նման երկու դեպքի մասին հարց է բարձրացրել, որոնք այս մտահոգիչ միտումի մաս են կազմում։
«Ադրբեջանում բոլոր իրավապաշտպաններն ու լրագրողները պետք է կարողանան աշխատել ազատ և ապահով միջավայրում՝ առանց ահաբեկման և ոտնձգությունների», — հավելել է նա։


































