Ռուսաստանը անկեղծորեն թանկ է գնահատում Հայաստանի հետ իր բարեկամությունը։ Մեր եղբայրական ժողովուրդներին կապում են դարավոր մշակութային ու քաղաքակրթական կապերը և հոգևոր մտերմությունը։ Եվ այս փաստը չի կարող չեղարկվել պատմությունը վերաշարադրելու որևէ փորձով։ Այս մասին ասել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Չնայած Փաշինյանի և ՔՊ-ականների ջանքերին և հակառուսական ակտիվ քարոզչությանը՝ՌԴ-ն տարանջատում է ՀՀ-ի և հայ ժողովրդի հետ բարեկամական կապերը՝գործող իշխանությունների հետ հարաբերություններից։
Հայ-ռուսական ռազմա-քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ կապերը տասնամյակներ շարունակ զարգացել են և խորացել՝2018թ․-ից հետո ՔՊ-ականներն ամեն ինչ անում են ՀՀ-ՌԴ կապերը կազմաքանդելու և Արցախի կորստի համար մեղքը Մոսկվայի վրա գցելու համար։
Փաշինյանն ու թիմը հենվում են ՀՀ-ում գործող տասնյակ արևմտյան ՀԿ-ների և արևմտամետ, հակառուսական ուղղվածության կուսակցությունների վրա՝հասարակության շրջանում հակառուսական տրամադրություններ բարձրացնելու համար։
Այս պահին ՌԴ-ն շարունակում է հանդիսանալ ՀՀ թիվ մեկ տնտեսական գործընկերը՝ՀՀ-ն էժան գազ է ստանում ՌԴ-ից, հայկական բանակը մատչելի գներով զենք է ձեռք բերում Մոսկվայից, իսկ հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները շարունակում են հսկել ռուս սահմանապահները։
ՀՀ-ի շուրջ գեոպոլիտիկ իրավիճակը շարունակում է լարվել՝թուրք-ադրբեջանական միացյալ ուժերը սպառնում են ՀՀ-ին՝Սյունիքին, Իրանը կարող է ամեն ժամ ներքաշվել մեծ պատերազմի մեջ, իսկ Վրաստանն այսօր գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական, քաղաքական լուրջ ազդեցության ներքո։
ՀՀ-ն իր անվտանգությունն ապահովելու, բանակը վերազինելու և խոշոր տնտեսական, տրանսպորտային նախագծեր կյանքի կոչելու համար Երևանը պետք է ավելի սերտացնի կապերը Մոսկվայի հետ։ Հայաստան-ՌԴ-Իրան ռազմա-քաղաքական դաշինքը լավագույն պատասխանն է Թուրքիա-Ադրբեջան-Իսրայել և Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան ձևավորված ռազմական և պանթուրքիստական, պանիսլամական դաշինքներին։
Սեդա Գևորգյան


































