Վարակումը ամենից հաճախ տեղի է ունենում թռչունների շրջանում, սակայն մարդիկ և որոշ կաթնասուն կենդանիներ նույնպես կարող են վարակվել: Մարդկանց մոտ վարակի ախտահարման դեպքերի 80%-ն անցնում է առանց ախտանիշների։ Դեպքերի մեծ մասը գրանցվում է հուլիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, որը համընկնում է մոծակների ակտիվացման շրջանի հետ:
Տարածված է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում, բայց տուրիզմի զարգացման հետ, հայտնաբերվում է նաև այլ երկրներում: Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի առաջին դեպքն արձանագրվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում՝ անհայտ ծագման մենինգիտ ախտորոշմամբ բուժառուի մոտ։
Հիվանդությունը մարդուց մարդուն ՉԻ փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից երեխային ճանապարհով։ Հիվանդության գաղտնի շրջանը 2-3 շաբաթ է:
Վարակվածներից 5-ից 1-ի մոտ զարգանում են կլինիկական երևույթներ՝ դող, ջերմության բարձրացում՝ 38-40°С, գլխացավ, տարածուն մկանացավեր, հոդացավեր, փսխում, փորլուծություն, մարմնի ցանավորում։
Վարակվածների 1 %-ի մոտ կարող է առաջանալ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում՝ էնցեֆալիտ կամ մենինգիտ, որոնց դեպքում կարող են դիտվել՝ սաստիկ, տանջող, պուլսացող գլխացավեր, ջերմության բարձրացում՝ 40 0C և ավելի, անզուսպ փսխումներ, լուսավախություն, ջղաձգումներ, ցնցումներ, գիտակցության խանգարման տարբեր աստիճաններ։
Արևմտյան Նեղոսի տենդի դեպքում ռիսկի խմբում են՝ տարեցները, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցող անձինք, ուռուցքային հիվանդություններ ունեցող անձինք, շաքարային դիաբետ ունեցող անձինք, քրոնիկական երիկամային խնդիրներ ունեցող անձինք և այլն։
Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու կանխարգելման անհատական պաշտպանության միջոցառումները ներառում են մոծակների դեմ պայքարի միջոցների օգտագործումը, մարմնի մեծ մասը ծածկող հագուստի կրումը և մոծակներից պաշտպանված տարածքներում քնելը:


































